«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2005-07-26 | #138, 2005-07-27 | #139, 2005-07-28


ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐԸ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ԱՄՆ-Ի ՀԱՄԱՐՙ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Պետքարտուղարի տեղակալ Դոբրյանսկին ծանոթանում է նախընտրական իրավիճակին

Հուլիսի 29-ին նախատեսված է Ադրբեջանի իշխանությունների եւ ընդդիմության բանակցությունների հերթական փուլը: Մ. Նահանգների հորդորով Բաքվի իշխանությունները համաձայնեցին աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններն ազատ եւ արդար անցկացնելու նպատակով երկխոսություն սկսել ընդդիմության հետ: Առաջին հանդիպումը կայացավ մայիսի 4-ին, երկրորդըՙ հունիսի 1-ին: Այս հանդիպումների արդյունքում իշխանություններն ընդդիմությանը թույլ տվեցին հանրահավաքներ անցկացնել: Երեկ վերջին 13 տարիներին առաջին անգամ հանրահավաք է անցկացվել նաեւ Նախիջեւանում, որտեղ, ըստ ադրբեջանական մամուլի, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հաղորդագրությունների, հաստատվել են բռնատիրական կարգերՙ գլխավորությամբ Ալիեւների կլանի ներկայացուցիչ Վագիֆ Թալիբովի:

Հավանական է, որ Նախիջեւանի հանրահավաքի թույլտվությունը պայմանավորված էր գլոբալ հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Փոլա Դոբրյանսկու Բաքու այցելությամբ: «Էխո» թերթը նշում է, որ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը կծանոթանա նախընտրական իրավիճակին եւ կքննարկի ամերիկա-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները: Նախատեսված են Դոբրյանսկու հանդիպումները «Ազադլըղ» (Ազատություն), «Ենի սիյասաթ» (Նոր քաղաքականություն) նախընտրական դաշինքների ղեկավարների, «ժողովրդավարական բարեփոխումներ» կուսակցության նախագահ Ասի Մոլազադեի, ինչպես նաեւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ նախագահ Իլհամ Ալիեւի հետ: «Էխոն» նշում է, որ նմանօրինակ առաքելությամբ հուլիսի սկզբներին Բաքվում էր ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը:

Ամերիկացի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Ադրբեջանում նոյեմբերի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կեղծելու դեպքում Բաքվի իշխանություններին լուրջ փորձություն է սպասում: Մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը Կահիրեում ափսոսանքով նկատեց, որ վերջին 60 տարիներին Մերձավոր Արեւելքում կայունությանը զոհաբերվել է ժողովրդավարությունը, սակայն այդ ընթացքում տարածաշրջանը չստացավ ո՛չ ժողովրդավարություն, ո՛չ կայունություն, հետեւաբար Մ. Նահանգներն աշխարհի յուրաքանչյուր տարածաշրջանում եւ ամեն մի երկրում ժողովրդավարությունը համարում է առաջնահերթ ուղղություն:

Մինչդեռ նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է իր երկրի համար առաջնությունը տալ կայունությանըՙ դա համարելով Ադրբեջանում վերջին տարիների ամենաթանկարժեք նվաճումը: «Որպես պետության նախագահ ես եմ կայունության երաշխավորը եւ թույլ չեմ տա որեւէ մեկին խախտել», Ադրբեջանի ղեկավարի խոսքերը մեջբերում է «525 գազեթ» պարբերականը: Մի քանի օր առաջ երկրի ՆԳ նախարարի տեղակալ Վիլայաթ Էյվազովը հայտարարեց, որ ընդդիմության շարքերում ձեւավորվում են զինված խմբավորումներՙ նախապատրաստելու զինված հեղաշրջում: Ընդդիմությունն անմիջապես արձագանքեցՙ այս հայտարարությամբ իշխանությունները նախապատրաստվում են կեղծել ընտրությունները եւ կանխավ ընդդիմությանը մեղադրել հակապետական գործունեության մեջ:

Ադրբեջանը, որտեղ հաստատվում է ավտորիտար համակարգ, եւս դասվում է այն երկրների շարքում, որտեղ Մ. Նահանգները կայունությանը զոհաբերել է ժողովրդավարությունը: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ Վաշինգտոնն այլեւս չի հանդուրժի ընտրությունների կեղծումը:

Ե՛վ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունները վերջին ճշգրտումներն են մտցնում նախընտրական ցուցակներում: Ըստ Բաքվի «Զերկալո» թերթի, ընդդիմադիր «Ենի սիյասաթը» մի քանի օր հետո կներկայացնի նախընտրական ցուցակի վերջնական տեսքը: Ադրբեջանի խորհրդարանն ունի 125 պատգամավոր, ընտրություններն անցկացվում են բացառապես մեծամասնական ընտրակարգով, թեեւ գրեթե ամեն թեկնածուի պաշտպանում է որեւէ կուսակցություն:

«Ենի սիյասաթի» հայտնի թեկնածուներից կարող ենք նշել նախկին նախագահ Հեյդար Ալիեւի խորհրդական Էլդար Նամազովին, «Ազգային անկախություն» կուսակցության նախկին առաջնորդ Էթիբար Մամեդովին, խորհրդարանի նախկին նախագահ Յաղուբ Մամեդովին (վերջինս էր հենց 1992 թ. մայիսին Թեհրանում բանակցություններ վարում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, երբ հայկական ուժերն ազատագրեցին Շուշին), Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Արազ Ալիզադեին, պաշտպանության նախկին նախարար Թաջեդդին Մեհտիեւին եւ, անշուշտ, Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովին:

Իշխանությունից հեռացվելուց հետո Մութալիբովը վերջին 13 տարիներին բնակվում է Մոսկվայում, սակայն այս ընթացքում ցանկություն չի ունեցել ստանալու ՌԴ քաղաքացիություն: Լրատվամիջոցներին տված հարցազրույցներում նա ցանկություն է հայտնել հայրենիք վերադառնալու եւ օգտակար լինելու: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը, որը համարվում է երկրում ամենաազդեցիկ դեմքը եւ ունի «գորշ կարդինալի» համբավ, հայտարարել է, որ ինչպես Այազ Մութալիբովը, այնպես էլ խորհրդարանի նախկին նախագահ Ռասուլ Գուլիեւը կարող են վերադառնալ Ադրբեջան, մասնակցել ընտրություններին, սակայն մինչ այդ պետք է դատարանում ապացուցեն իրենց անմեղությունը:

«Ազադլըղ» ընդդիմադիր դաշինքի դեմքերից կարող ենք առանձնացնել Ռասուլ Գուլիեւին, Իսա Գամբարին, Ալի Քերիմլիին, Սարդար Ջալալօղլուին: Ենթադրվում է, որ նոյեմբերի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Ենի սիյասաթը» եւ «Ազադլըղը» կպայքարեն իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածուների դեմ:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4