Վրաստանի հատուկ ծառայությունները խնամքով թաքցնում են վարձկան Անատոլի Սիսոեւի անցյալը
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Վրաստանի ՆԳ նախարար եւ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վանո Մերաբիշվիլին հուլիսի 25-ին լրագրողներին հայտարարել էր, որ ռուսական ռազմական հետախուզության գնդապետ Անատոլի Իվանովիչ Սիսոեւին վարձել են չճանաչված Հարավային Օսիայի իշխանությունները, որպեսզի վերջինս ահաբեկչությունների շարք իրականացնի Վրաստանի տարածքում: Մասնավորապես փետրվարի 1-ի Գորիի ահաբեկչությունը, որի հետեւանքով սպանվեց 3 մարդ, եւս 27-ը վիրավորվեցին, վերագրվում է Սիսոեւին:
Վրացական իշխանությունները պնդում են, որ Սիսոեւի հետքերը տանում են Մոսկվա, իսկ ռուսական իշխանությունները դրանք համարում են Թբիլիսիի հակառուսական քաղաքականության հերթական օրինակը: Իրականում ո՞վ է Անատոլի Եվգենեւիչ (ոչ թե Իվանովիչ, ինչպես պնդում են վրացիները- խմբ.) Սիսոեւը: Նա ծնվել է 1950 թ. Թբիլիսիում: Խորհրդային Միության փլուզումից հետո ավարտում է ծառայությունը ԳՌՈւ-ումՙ ռուսական ռազմական հետախուզությունում: 1992 թ. մայիսին Սիսոեւն արդեն ադրբեջանական ուժերի կազմում որպես վարձկան կռվում էր Ղարաբաղի հայերի դեմ: Ավելի լավ է լսենք հենց Սիսոեւին:
2001 թ. օգոստոսի 27-ին Բաքվի «Էխո» թերթին տված հարցազրույցում նա նշում է. «Ես Ադրբեջան եկա հանգուցյալ գեներալ Վահիդ Մուսաեւի (զբաղեցրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը- խմբ.) հրավերով: Աշխատեցի ՊՆ հետեւակում որպես հետախուզության պետ: Ռազմական գործողություններին մասնակցել եմ սկզբից մինչեւ 1994 թ. բոլոր ճակատներումՙ Զանգելան, Ֆիզուլի, Աղդամ»:
2002 թ. փետրվարի 20-ին «Մոնիտոր» հանդեսին (վերջինիս խմբագիրն էր Էլմար Հուսեյնովը, որն ապրիլին սպանվեց իր տան մուտքի առաջ) տված հարցազրույցում, պատասխանելով «Պատմեք, խնդրեմ, ինչպե՞ս պատահեց, որ դուք կադրային սպա, Ուկրաինայի քաղաքացի, հայտնվեցիք Ադրբեջանում, մասնակցեցիք պատերազմին, երկու անգամ վիրավորվեցիք, հետագայում Հեյդար Ալիեւի դեմ մահափորձ եւ պետական հեղաշրջում իրականացնելու մեղադրանքով դատապարտվեցիք Ադրբեջանի քր. օր.-ի 57 հոդվածովՙ պետական դավաճանություն» հարցին, Սիսոեւը պատասխանում է. «Ադրբեջանն ինձ համար երբեք օտար չի եղել: Ես, իմ պապը, հայրը, ծնվել ենք Թբիլիսիում եւ հաճախ այցելել Բաքու: Ես սիրում էի այդ քաղաքը եւ բաքվեցիներին... Իմ լավագույն ընկերը Վահիդ Մուսաեւն էր»:
Սիսոեւը երկու ընդարձակ հարցազրույցներում մանրամասն պատմում է, թե ի՞նչ վիճակում էր այն ժամանակ ադրբեջանական բանակը, ինչպե՞ս էին դավաճանաբար մեկը մյուսի հետեւից հայերին հանձնվում ադրբեջանական քաղաքները, եւ ինչպես ինքը, լինելով Ուկրաինայի քաղաքացի, Ադրբեջանում մեղադրվել է պետական դավաճանության մեջ: Ուշագրավ է հարցազրույցի այն հատվածը, ըստ որի երբ Սիսոեւը ժամանում է Ադրբեջան, այդ երկրի բանակում արդեն եղել են վարձկաններ Ուկրաինայից, Սիսոեւի խոսքերովՙ «հաջողության զինվորներ»: 2001 թ. ավելի քան 50 քաղբանտարկյալների հետ ներում է շնորհվում նաեւ Անատոլի Սիսոեւին:
Ուշագրավ է, որ Սիսոեւի անցյալին անդրադառնալիս վրացական իշխանությունները շրջանցում են այս վարձկանի կյանքի առնվազն 10 տարիները, որ նա անցկացրել է Ադրբեջանում (6 տարի բանտումՙ ենթարկվելով կտտանքների), եւ շեշտադրում են նրա ռուսական անցյալը, թեեւ Սիսոեւն Ուկրաինայի քաղաքացի է: Դժվար է պատկերացնել, որ վրացական հատուկ ծառայությունները տեղեկություններ չունենան Սիսոեւի ադրբեջանական անցյալի մասին:
Չպետք է բացառել, որ Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի սպանությունը կամ դժբախտ պատահարի հետեւանքով մահն ինչ-որ կերպ փորձ արվի կապել Սիսոեւի հետ: Բանն այն է, որ վրացական իշխանություններն արդեն ակնարկներ են հնչեցնում, թե Գորիի ահաբեկչությունը միակը չէր, եւ Մոսկվայից ուղղորդվող Սիսոեւը նախապատրաստվել է այլ ահաբեկչություններ իրականացնելու: Ճիշտ է, հանգուցյալ Ժվանիայի գործն արդեն փակվել է, թեեւ նրա հարազատները խիստ կասկածելի են համարում նախկին վարչապետիՙ դժբախտ պատահարին զոհ գնալու պաշտոնական տեսակետը եւ նախագահ Սաակաշվիլուց պահանջում են կրկնակի քննություն: Հիշեցնենք, որ Զուրաբ Ժվանիային ազգությամբ ադրբեջանցի Քվեմո Քարթլիի նահանգապետի տեղակալի հետ մահացած գտել էին միեւնույն սենյակում փետրվարի 3-ին, այսինքնՙ Գորիի ահաբեկչությունից ընդամենը 2 օր անց:
Վերադառնալով վերջին շրջանում Վրաստանում նոր թափ առած հակառուսական հիստերիային, նկատենք, որ իբր Բուշին եւ Սաակաշվիլուն պայթեցնելու գործով ձերբակալված Վլադիմիր Արուտյունովի վրա գտել են նորՙ «աջարական հետք»: Հայտնի է, որ Աջարիայի նախկին առաջնորդ Ասլան Աբաշիձեն սերտ կապեր էր պաշտպանում ռուսական իշխանությունների հետ, իսկ 2004 թ. մայիսից բնակվում է Մոսկվայում: