«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2005-07-26 | #138, 2005-07-27 | #139, 2005-07-28


ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՄՈՌԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ

Սահմանադրության փոփոխությունների նախագծի որոշ կետերի վերաբերյալ Հայաստանի լրագրողական 7 կազմակերպությունների ներկայացրած առաջարկներին մեր երկրի իշխանություններն առ այսօր չեն արձագանքել: Մինչ վերջիններս ժամանակ ու ցանկություն կունենան դրանց անդրադառնալու, Ստրասբուրգից ուղարկված եզրափակիչ կարծիքի նախագծում առաջարկվել է փոխել հեռարձակման բնագավառը կարգավորող մարմնի (Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի) անդամների նշանակման դրույթը: Եթե Հայաստանի իշխանությունները նախատեսել էին ՀՌԱՀ-ի անդամներին նշանակել Ազգային ժողովումՙ ՀՀ նախագահի ներկայացմամբ, ապա Վենետիկի հանձնաժողովը մտցրել է 50-50 տարբերակը, որի համաձայն անդամների կեսին պետք է նշանակի նախագահը, կեսինՙ Ազգային ժողովը: Թեպետ փաստաթղթում խնդրահարույց է համարվել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ձեւավորմանը նախագահի միջամտությունը, սակայն կոնկրետ առաջարկ չի արվել, ոչինչ չի նշվել նաեւ սահմանադրության մեջ գրաքննության ամեն մի դրսեւորում արգելող վերոհիշյալ լրագրողական կազմակերպությունների առաջարկի վերաբերյալ:

Բաց հասարակության ինստիտուտի օժանդակությամբ «Խոսքի ազատություն եւ սահմանադրական բարեփոխումներ» թեմայով «Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության «Կոնգրես» հյուրանոցում երեկ անցկացրած քննարկման ժամանակ զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԱԺ գիտության կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը եւ «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը:

Հրանուշ Հակոբյանը համոզված է, որ անհրաժեշտ է սահմանադրությունից հանել արհեստական բոլոր արգելքները, որպեսզի թե՛ Ազգային ժողովը, թե՛ հասարակությունը ընդունակ լինեն հիմնավորելու եւ տեր կանգնելու իրենց իրավունքներին:

«Կարելի է փայլուն փաստաթղթեր ընդունել, բայց գլխավոր խնդիրը հետեւյալն էՙ ի՞նչ անել երկրում ժողովրդավարությունը խորացնելու, քաղաքացիական ինստիտուտների կայացումն ապահովելու, հասարակության իրավագիտակցությունն եւ իրավական մշակույթի մակարդակը բարձրացնելու ու յուրաքանչյուրին իր իրավունքների, ազատությունների, օրինական շահերի տերն ու տիրականը դարձնելու համար: Եթե իրավական պետությունը կայանա, ուրեմն հիմնական օրենքի գործունեությունը շատ ավելի հեշտ կլինի:

Քաղաքական իրավիճակի արտացոլման դիտակետը լիովին ազատականացված լրատվական դաշտի ձեւավորումն է, ինչքան շուտ ազատականացվի տեղեկատվությունը, այնքան կարճ կլինի ժողովրդավարություն տանող ճանապարհը», ասաց նա:

Բորիս Նավասարդյանը նշեց, որ Վենետիկի հանձնաժողովի վերջին բոլոր փաստաթղթերում նշվում է ՀՌԱՀ-ի անդամների նշանակման մասին, եւ բոլորովին անտեսվում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ստեղծման հարցը: «Մեր հիմնական առաջարկն այն է, որ այդ խորհրդի նշանակումը սահմանադրորեն իրականացվի նույն սկզբունքով, ինչ ՀՌԱՀ-ինը: Մեզ համար ընդունելի է 50-50 սկզբունքը եւ դրա կիրառումը հիշյալ 2 մարմինների ստեղծման համար, այլապես սահմանադրությունը կլուծի ոչ թե խոսքի ազատության խնդիրը, այլ նոր կաղապարներ կստեղծի դրա զարգացման համար, ինչը դեմ է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին»:

Դավիթ Սանդուխչյանն ընդգծեց, որ կարգավորող յուրաքանչյուր մարմին մեզանում ձեւավորում է երկրի նախագահը եւ այդ մոտեցմամբ զրկում նրանց ազատ ու անկախ գործելակերպից: Այդ երեւույթից ազատվելու համար նա հատկապես կարեւոր համարեց Ազգային ժողովի գործուն մասնակցությունը կարգավորող մարմինների ստեղծմանը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Խմբ. կողմից- Այս կապակցությամբ երեկ Երեւանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, «Ինտերնյուս» ՀԿ-ն, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Հետաքննող լրագրողների» հասարակական կազմակերպությունը, «Թիմ» ուսումնասիրությունների կենտրոնը, Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբը հանդես եկան հայտարարությամբ, որտեղ առավել մանրամասն ներկայացնում են քննարկման ընթացքում շեշտադրված մտահոգությունները ՀՌԱՀ-ի եւ ՀՀՌԸԽ-ի ձեւավորման վերաբերյալ եւ, միաժամանակ, պահանջում «Սահմանադրության փոփոխությունների նախագծում գրաքննության ցանկացած (այդ թվումՙ թաքնված) ձեւն արգելվող դրույթ» ներառել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4