«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2005-07-26 | #138, 2005-07-27 | #139, 2005-07-28


ՄԵՐ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՊՐԱՆՔԸ` ՄՇԱԿՈՒՅԹՆ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ

Նինա Հովնանյանը պարզաբանում է ազգային պատկերասրահի սյունաշարի տարածքն օգտագործելու իր ծրագիրը

Ազգային պատկերասրահի շենքում սրճարան բացելու եւ հատկապես պատկերասրահի առաջ գտնվող սյունաշարի տարածքն օգտագործելու վերաբերյալ Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության տնօրեն Նինա Հովնանյանի ներկայացրած ծրագիրը զգալի բացասական արձագանք առաջացրեց հայաստանյան մամուլում: Առանց ծանոթ լինելու դետալներին` քննադատությունը հիմնականում այն ուղղությունն ուներ, թե Նինա Հովնանյանը պատրաստվում է իր սեփականությունը դարձնել թանգարանի տարածքն ու մեծ սրճարան բացել, մի խոսքով, Հանրապետության հրապարակում առեւտրի կենտրոն ունենալ:

«Ազգի» հետ զրույցում տիկին Հովնանյանը ասաց, որ ՀՀ կառավարությանը ներկայացված գաղափարն ուներ իր նախապատմությունը: Ըստ այդմ, պատկերասրահի առաջ գտնվող սյունաշարը օգտագործելու միտքն առաջացել է, «երբ մի զբոսաշրջիկ վազելով եկավ մեզ մոտ, նա շոկի մեջ էր, պատմեց, որ սյունաշարի տակով անցնելիս մեկը միզել է իր վրա: Վաթսուն տարեկան կինը ուղղակի շոկի մեջ էր: Իրավիճակն ահավոր էր»:

«Ես զգալի գումարներ եմ ծախսում, որ երկիրը գովազդեմ, թե լավ երկիր է, եկեք մեր մշակույթն ու պատմությունը նայեք, եւ ճիշտ մեր թանգարանի առջեւ նման դեպք պատահեց: Նման բան չի կարելի թույլ տալ», ասաց տիկին Հովնանյանը: Դեպքի հաջորդ օրը Նինա Հովնանյանն այցելել է թանգարան ու, իր իսկ խոսքերով, նկատել, որ սյունաշարի տարածքը հրաշալի տեղ է, բայց կեղտոտ է: «Հետո նկատելի էր, որ թանգարանը դատարկ էր, զբոսաշրջիկները չեն մտնում, միշտ բողոքում են, թե փակ է լինում: Նայեցի տարածքը եւ մտածեցի, որ այդ տեղը կարելի է աշխուժացնել: Ես վեց թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ եմ, Էրմիտաժից մինչեւ Մետրոպոլիտեն, մեծ փորձ ունեմ այդ հարցերի վերաբերյալ: Այդ փորձի վրա հիմնված ծրագիր ստեղծեցի, որ ճիշտ ձեւով աշխատեցնենք այդ տարածքը, որ թանգարանը փող աշխատի, ասենք, ներսում սրճարան լինի, թանգարանի խանութ, որ հուշանվերներ եւ թանգարանին վերաբերող այլ նյութեր վաճառվեն: Ծրագրում էինք նաեւ, որ մեր գործակալությունը այդ տեղը ցուցասրահ ունենա, որ Հայաստանի վերաբերյալ տեղեկությունը, ավելի կոնկրետ մեր զբոսաշրջային հիմնական ապրանքը` մշակույթն ու պատմությունը, մատչելի լինի զբոսաշրջիկին: Լավ կլինի, եթե զբոսաշրջիկի առաջին քայլը լինի հենց այս թանգարանում, որտեղ ե՛ւ պատմությունը կա, ե՛ւ մշակույթը: Այդ դեպքում կարիք չկա մեծ ջանքեր գործադրելու եւ երկիրը ներկայացնելու, երկիրը զբոսաշրջիկների առջեւ կլինի», պարզաբանեց տիկին Հովնանյանը:

«Աշխարհի թանգարանները իրենց սրճարաններն էլ ունեն, իրենց հուշանվերների վաճառքի կետերն էլ ունեն: Ես պարզապես խորհուրդ տվեցի, որ նման բան լավ կլինի ունենալ, ես չեմ ասել, թե ուզում եմ սեփականաշնորհել եւ այլն»: Համաձայն Նինա Հովնանյանի, քանի որ թանգարանի պահպանման ծախսերն ավելի շատ են, քան պետական բյուջեից ստացվող ֆինանսավորումը, ուստի լավ կլիներ լրացուցիչ եկամուտի աղբյուրներ ունենալ, ի դեմս սրճարանների, հուշանվերների վաճառքի: «Նույնիսկ ինձ թվում է, թե թանգարանի հսկողությունն անգամ սխալ է, ծերունիներ են, նրանք ինչպե՞ս կարող են պաշտպանել մեր գանձերը: Նորմալ պահպանություն պետք է լինի», ասաց տիկին Հովնանյանը:

«Վատ են եւ անհարմար նաեւ թանգարանի աշխատանքային ժամերը: Ասում են, որ այս ժամից մինչեւ այդ ժամը բաց ենք, բայց ընդհանրապես այդ ժամերը չեն պահպանում: Ընդունված բան է, որ ամռանը աշխատանքային ժամերն ավելի երկար լինեն, մինչդեռ մեր թանգարանում այդպես չէ»: Ներկայացնելով թանգարանի առնչությամբ մշակված ծրագիրը` Նինա Հովնանյանը պատմեց, որ գաղափարը մշակելուց հետո մշակույթի նախարարությունում ժողով է հրավիրվել, ոմանք էլ գտել են, որ լավ ծրագիր է եւ առաջարկել են հենց Նինա Հովնանյանին իրականացնել: «Ասացի, թե դա իմ գործը չէ, դա իրենց գործն է, պիտի ճիշտ ձեւով սրճարանների մրցույթ անցկացնել եւ ամենահարմար ծրագիրը վերցնել, պայմաններ առաջադրել, թե ինչ չի կարելի անել»:

Ոմանք էլ թանգարանի տարածքում սրճարան ունենալու գաղափարն անընդունելի են համարել: «Ես ասում եմ, որ ոչ, սխալ է իրենց կարծիքը: Աշխարհի շատ թանգարաններում անգամ ամառային հատուկ ժամեր կան, անգամ շաբաթվա վերջին օրերին` հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ աշխատում են մինչեւ երեկոյան 9:30-ը: Ինչո՞ւ մենք էլ նման բան չանենք, ընդամենը սա է ասածս: Ես ուզում եմ, որ Հայաստանը զարգանա, ես ոչ մի վնաս չեմ ուզում տալ», վստահեցրեց Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության տնօրենը:

Աշխարհի տարբեր թանգարաններում ընդունված է տոմսերի վաճառքից բացի եկամտի տարբեր աղբյուրներ ունենալ: Նինա Հովնանյանի կարծիքով, «Շատ թանգարաններում կան անհատներից բաղկացած հոգաբարձուների խորհուրդներ, որոնց անդամներն ամեն տարի գումար են տրամադրում թանգարանին, գործում են սրճարաններ, տարբեր միջոցառումներ են իրականացվում, եւ բոլորըՙ վճարովի»:

«Ներկայումս մի սրճարան կա դրված հենց սյունաշարի տակ, եւ շատ փնթի, բացարձակապես անհամապատասխան է եւ անարժան մեր պատմության թանգարանի համար: Այդտեղ պիտի կարգին սրճարան լինի: Մարդիկ դժգոհ են առկա իրավիճակից», ասաց Նինա Հովնանյանը: Ըստ վերջինիս, բազմաթիվ նամակներով զբոսաշրջիկները հայտնում են իրենց դժգոհությունը:

Օրինակ, հենց վերջին օրերին ստացված նամակներից մեկում Օդրի Զառոկյանը գրել է, որ պատկերասրահ այցելությունը միայն բարկացրել է իրեն: Դժգոհելով ոչ միայն օդափոխության բացակայությունից, ուլտրամանուշակագույն ճառագայթների անարգել ներթափանցումից եւ թանգարանի աշխատակիցների ծուլությունից ու կոպտությունից` պրն Զառոկյանը գրում է. «Ինձ մի ասեք, թե կառավարությունը գումար չունի այս ամենի համար: Թանգարանի շենքում բազմաթիվ աշխատակիցներ կան, բայց կարծես թե նրանք չեն ցանկանում աշխատել եւ միայն շուտ տուն գնալու մասին են մտածում: Ավելին, աշխատակիցներն իրենց ծուլության եւ շոգի պատճառով անգամ փակում են ցուցասրահները»:

Ինչ վերաբերում է թանգարանի կտուրի վերաբերյալ Նինա Հովնանյանի առաջարկին, ապա գաղափարի հեղինակի ներկայացմամբՙ «Կտուրը կատարյալ տարածք է: Մետրոպոլիտեն թանգարանում հոգաբարձուների ճաշասրահ կա, ամենակատարյալ տարածքում, հենց կտուրին, որտեղ նաեւ այգի եւ ցուցասրահ կան: Ես ասացի, որ այստեղ էլ կարող ենք ստեղծել, որ նույնիսկ երկրի նախագահը հատուկ հյուրերին կարող է ցույց տալ թանգարանը եւ ապա հյուրասիրել: Այդ հյուրասրահը կարող է նաեւ մասնավոր կերպով օգտագործվել, եւ այդ կերպ թանգարանը եկամուտ կունենա: Նույնիսկ Էրմիտաժում պարահանդեսներ են կազմակերպվում, ճաշկերույթներ են անցկացվում, համերգներ, եւ այդ կերպ օգտագործում են տարածքը»:

«Այնքան նմուշներ կան այդ թանգարանների մեջ, որ մեր հարստությունն է եւ պետք է ճիշտ ներկայացնել ու պահպանել: Ծրագիրն ընդամենը թանգարանի տարածքների արդյունավետ օգտագործման մասին էր, ես ծրագիրը ներկայացրի որպես իմ մտքեր, որ քննարկեինք միասին եւ ոչ թե որպես կոնկրետ առաջարկ, թե ես կվերցնեմ ու կսեփականացնեմ: Իսկ գաղափար ներկայացրի, քանի որ նման հարցերում ես փորձ ունեմ, ես գիտեմ ինչպես աշխատեցնել»:

Մշակույթի նախարարությունում, ըստ տիկին Հովնանյանի, դեռ քննարկում են ուղարկված առաջարկը: «Իմ տեղեկություններով, սակայն, այդ կերպ փափուկ ձեւով ասում են, որ չի ստացվում: Ամեն դեպքում, մեր տուրիստական ապրանքը պատմությունն ու մշակույթն է, որ հենց այդ թանգարանի հետ է կապված: Բացի այդ, այս թանգարանի տարածքը կենտրոնական է: Երբ բացատրեցի մտքերս, ինձ ասացին, շատ լավ գաղափարներ են, բայց կհամաձայնեն, տարածք կտրամադրեն, եթե վարձ տամ: Հասկանալի չէ, թե ինչու պետական գործակալության համար պիտի վարձ տալ»:

Որոշ խոսակցություններ էլ կապված էին տիկին Հովնանյանի ծրագրում 3000 քմ տարածք վերցնելու հետ: «Իրականում այդ սյունաշարը 300 քմ տարածք է եւ 10 մ բարձրություն ունի, 3000-ը ոչ թե քառակուսի մետր է, այլ խորանարդ մետր: Հասկացվել էր, թե ողջ տարածքն ենք ուզում վերցնել, բայց ես խոսում էի այդ սյունաշարի մասին: Իսկ 3000-ի առնչությամբ ես ուզում էի երկու հարկ դնել, որ հուշանվերների խանութներ լինեին, գրասենյակներ», պարզաբանեց Նինա Հովնանյանը:

«Եվ ամենից հետաքրքրականը, որ ինձ չհարցրեցին, թե իրականությունը որն է, այլ միանգամից ինձ վատ վիճակի մեջ դրեցին: Ինչ էլ լինեն պատասխանն ու իմ գաղափարի արձագանքը, ես միշտ պիտի ասեմ, որ այդ տարածքը պետք է օգտագործել: Ինչ վերաբերում է թանգարանի ղեկավարությանն ու աշխատակազմին, ապա, ըստ իրենց, իրենք լավ էլ աշխատում են: Ես կարծում եմ, որ թեեւ ինձ «ոչ» են ասում, բայց արդեն իսկ իմ առաջարկների ուղղությամբ մտածում են: Շատ վիրավորվեցի, երբ թանգարանի տնօրենության հետ խոսելիս իրենք համաձայնել էին, բայց հենց մամուլը սկսեց քննադատել իմ գաղափարն ու խաչեցին ինձ, թանգարանի տնօրենությունը հայտարարեց, թե իրենք երբեք էլ համաձայն չեն եղել: Բայց նախապես ցանկություն էին հայտնել համագործակցել մեզ հետ: Իրենք նույնիսկ իմ անունը արատավորեցին, քանի որ թույլ էին, վախենում են, թե պաշտոնը կկորցնեն, մինչդեռ գաղափարն ու ծրագիրը ճիշտ են: Վիրավորական էր, դավաճանեցին ինձ, թույլ տվեցին, որ մամուլն ուզածի պես վարվի»:

Իսկ թե ինչու դժգոհություններին ու քննադատությանը ժամանակին պատասխան չտրվեց, Նինա Հովնանյանը բացատրեց այսպես. «Ընդհանրապես եթե սուտ բան է ասվում քո մասին եւ եթե պատասխան տաս, ուրեմն ինքդ քեզ պաշտպանում ես, մինչդեռ ես սխալ բան չեմ արել, դրա համար էլ ես ոչինչ չասացի»:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4