ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Տրամաբանական մոտեցում է, թե սոցիալապես ցածր մակարդակի հասարակություններում են հատկապես ծաղկում երեխաների նկատմամբ բռնարարքները: Հետազոտությունները, սակայն, վկայում են, որ երեւույթն առկա է գրեթե բոլոր տիպի, նույնիսկ շատ բարեկեցիկ հասարակություններում: Երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնարարքներից բացի այսօր շատ ավելի տարածված է հոգեբանականը: Անձը, որ ենթարկվում է մշտական հոգեբանական բռնության, բնականաբար, լիարժեք զարգացում չի կարող ունենալ եւ ամենավտանգավորըՙ ապագայում նրա կողմից սպառնացող վտանգն է նույն հասարակությանը:
Հայկական մտածողությամբ եւ ավանդական ընկալումներով ընտանիք, երեխա երեւույթները գերակա արժեք են սովորաբար համարվել: Սակայն հասարակական կառույցների փլուզումները, հոգեբանական ճեղքվածքներն ու սոցիալական իրավիճակներն այս տարիներին մինչ այդ մեզ խորթ թվացող բազում փաստեր արձանագրեցին: Մարդկային հարաբերությունների նոր որակներ ձեւավորվեցին, պայմանավորված նաեւ սոցիալական խնդիրներով, ստեղծվեցին ներընտանեկան ծանր կացություններ, որոնցից անմիջական ազդեցություններ կրեցին հենց երեխաները, նաեւՙ կանայք, որպես ավելի թույլ եւ խոցելի սեռ: Արձանագրվեցին երեխաների դեմ բռնության բազմաթիվ փաստեր, ինչպես տանը, ծնողների կողմից, այնպես էլ կրթական հաստատություններումՙ ուսուցիչների: Եվ երեխաների պաշտպանության համար գործուն մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտություն զգացվեց:
Հայաստանում 1991 թ. հիմնադրվեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, որ լիազորված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից նպաստելու երեխաների իրավունքների պաշտպանությանը, աջակցելու նրանց կարիքների բավարարմանը եւ այլն:
Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում հուլիսի 5-7-ը երեխաների հանդեպ բռնության վերաբերյալ տեղի ունեցած տարածաշրջանային խորհրդակցությանը մասնակցում էին Եվրոպայի եւ կենտրոնական Ասիայի 40 երկրների ներկայացուցիչներ եւ 24 երեխաներ, որոնք ընդունեցին «Լյուբլյանայի հանձնառությունների» փաստաթուղթը: Չնայած դրա ոչ պարտադիր բնույթին անդամ երկրների համար, Հայաստանի կառավարությունը եւ տարածաշրջանի այլ երկրներ պարտավորվեցին ձեռնարկել անհապաղ միջոցառումներ երեխաների հանդեպ բռնության հիմնախնդիրները լուծելու եւ նմանատիպ դեպքերը կանխելու համար:
Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի ղեկավար Շելդոն Յեթն իր խոսքում ասել է. «Շատ կարեւոր է ունենալ համապատասխան քաղաքականություն եւ մեխանիզմներ երեխաների դեմ բռնությունները կանխելու, բռնության ենթարկված երեխաներին աջակցելու դեպքերի հաղորդումը եւ արձագանքումը բարելավելու համար: Երեխաների նկատմամբ բռնությունը կարող է լինել ամենուր ե՛ւ յուրաքանչյուր ընտանիքում, ե՛ւ հասարակության մեջ: Հայաստանում, ինչպես գրեթե բոլոր այլ երկրներում, սա հաճախ թաքնված եւ չգրանցված խնդիր է»:
Հայաստանը տարածաշրջանում առաջինն էր, որ հետազոտություն անցկացրեց հասարակական տարբեր շերտերում եւ տարբեր վայրերում երեխաների նկատմամբ կատարված բռնությունների վերաբերյալ եւ արձանագրեց, որ սոցիալական ծանր պայմանները, գործազրկության եւ աղքատության հետեւանքով առաջացած հոգեբանական սթրեսները նպաստել են բռնության եւ դրանց անտեսման դեպքերի աճին ոչ միայն ընտանիքում, այլեւ դպրոցներում եւ երեխաների խնամքի հաստատություններում: Ըստ հետազոտությունների տվյալների, շատ ընտանիքներում ծեծը եւ ապտակը դաստիարակման միջոց են դիտվում, որոշ դեպքերումՙ նույնիսկ մարմնական պատիժը:
«Երեխաները չեն սպասում» կոնֆերանսի կոչն առարկայացնելու եւ գործուն դարձնելու համար երեկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ քննարկում-ամփոփում Լյուբլյանայի եզրափակիչ փաստաթղթերի վերաբերյալ: Նշվեց, որ Հայաստանում երեխաների դեմ բռնարարքները դադարեցնելու հարցում բավական առաջընթաց արձանագրվել էՙ օրենսդրական փոփոխությունների ձեւով, սակայն հարկավոր է ենթաօրենսդրական նորմեր եւ վերահսկողություն իրականացնող մեխանիզմներ մշակել: Կարեւորվեց տեղեկատվական արշավանքների դերը մամուլի եւ հեռուստատեսության միջոցով բռնարարքներ երեւույթը երեխաների գիտակցությանը հասցնելու գործում, որովհետեւ նրանք հաճախ որպես այդպիսին չեն ընկալում եւ նորմալ են համարում:
Ուշադրություն դարձվեց Հայաստանում ծնողների արտագնա աշխատանքի հետեւանքով միայնակ մնացած երեխաների ճակատագրերին եւ առհասարակ կրթական համակարգում, հասարակության մեջ, ընտանիքում երեխաների բռնությունները, մարմնական պատիժները կանխելու, մշակելու նաեւ ուսուցիչների վարքագծի կանոնագիրք:
Լյուբլյանայի հանձնարարականներն իրականացնելու համար ՀՀ ԱԳՆ-ն նախաձեռնելու է գործընթացՙ համագործակցելով համապատասխան գերատեսչությունների հետ: «Էակա՞ն է արդյոք այս գործընթացներին մասնակից դարձնել երեխաներին» հարցի առնչությամբ հենց Լյուբլյանայի փորձը ցույց տվեց, որ երեխաների մասնակցությունը կոնֆերանսին շահավետ էր, կառուցողական եւ օգտակար: