«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2005-07-26 | #138, 2005-07-27 | #139, 2005-07-28


«ԵՎ ԺԱՄԱՆԱԿԸ ԾԱՅՐԵԾԱՅՐ ՃԻՉ ԷՐ»

Մոտ մեկ տարի առաջ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հովանավորությամբ ձեւավորված Արցախի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Գեւորգ Մուրադյան) արդեն բավական երկար ժամանակ համագործակցում է «Մռակած» պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Մարինե Մեսրոպյան) հետ: Համագործակցության շնորհիվ Մեծ եղեռնի 90-ամյակի կապակցությամբ նվագախումբն ու երգչախումբը արդեն համերգներով հանդես են եկել Ստեփանակերտում, Շուշիում, Մարտակերտում, Գանձասարում:

Երեկ նույն համերգային ծրագրով նրանք հանդես եկան Երեւանի Կոմիտասի անվան կամերային տանը: Նվագախմբի տնօրեն, երաժիշտ Սիմոն Սարգսյանի խոսքերով, երեւանյան համերգն իրենց համար ցատկահարթակ է արտերկիր դուրս գալու համար: Արցախի եւ Երեւանի հանդիսատեսներին համեմատելիս նվագախմբի տնօրենը նշեց. «Արցախում համերգների ժամանակ դահլիճը լիքն էր, զգացվում էր, որ հանդիսատեսը դասական երաժշտության կարիք ունի, բայց թե ինչպես կլինի Երեւանում, չգիտեմ»:

Կամերային տանը ներկայացված «Եվ ժամանակը ծայրեծայր ճիչ էր» խորագրով համերգային ծրագիրը, որ ընդգրկում էր Կոմիտասի, Էդվարդ Միրզոյանի, Մակար Եկմալյանի, Բախի, Մոցարտի, Բրամսի, Շտրաուսի եւ մյուս մեծերի ստեղծագործությունները, բաղկացած էր երկու մասից: Առաջին մասում երգչախումբն ու նվագախումբը ունկնդրին ներկայացրին հոգեւոր երաժշտություն, իսկ երկրորդ բաժնում հնչեցին զուտ նվագախմբի ներկայացրած հանրամատչելի դասական ստեղծագործությունները: Համերգային ծրագիրը ( սցենարի հեղինակ ԼՂՀ վաստակավոր արտիստ, ասմունքող Սամվել Եվրիյան) ուղեկցվում էր ասմունքովՙ Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատան» անլռելի մեջբերումներով եւ պատկերավոր դրվագներով:

Կամերային տանը հավաքվել էին ոչ միայն մասնագետ-երաժիշտներ, այլեւ պարզապես երաժշտասերներ: Ասրյան Մարգարիտան, որ մեծ երաժշտասեր է եւ բաց չի թողնում նմանատիպ ոչ մի իրադարձություն, դահլիճում իր տեղն էր զբաղեցրել երաժշտության հանդեպ սիրուց եւ հետաքրքրությունից դրդված: «Բացի այն, որ ես երաժշտություն շատ եմ սիրում, ինձ նաեւ հետաքրքրական է նոր ձեւավորված նվագախմբին լսելը», նշեց տկն Մարգարիտան:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4