Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը Հյուսիսային Իռլանդիայում կայացած Եվրոպայի առաջնությունում չկարողացավ հաղթահարել խմբային մրցաշարի արգելքը եւ դուրս մնաց մրցանակային տեղերի համար մղվող պայքարից:
Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում պատվիրակության ղեկավար, ՀՖՖ գործկոմի անդամ Արտակ Մնացականյանը նշեց, որ ֆեդերացիան իր որդեգրած քաղաքականությանը հավատարիմ մեծ ուշադրություն է դարձնում պատանեկան տարբեր տարիքային խմբերի հավաքականներին: Մինչեւ 19 տարեկանների հավաքականի համար էլ բոլոր պայմանները ստեղծվել էին Եվրոպայի առաջնությանը պատշաճ մակարդակով նախապատրաստվելու համար: Մինչ մրցաշարի մեկնարկը, Ֆրանսիայում անցկացված ուսումնամարզական հավաքը ծառայեց նպատակին: Խնդիր էր դրվել Եվրոպայի առաջնությունում առավելագույնը նվաճել չեմպիոնի կոչումը, նվազագույնըՙ մտնել եզրափակիչ, ինչը չհաջողվեց: Այս առումով, ըստ Արտակ Մնացականյանի, իհարկե, առաջադրանքը չկատարվեց, սակայն Եվրոպայում 52 հավաքականների մեջ 7-րդ տեղը զբաղեցնելը, նրա կարծիքով, մեծ պատիվ է:
Պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանն էլ հաշվի առնելով հայկական ֆուտբոլի ներկա խաղամակարդակը, բավարար է համարում թիմի մրցելույթները, նշելով, որ ինչ-որ տեղ կողմնակալ մրցավարությունը, ինչ-որ տեղ էլ մարզական բախտի մեզանից երես թեքելը, խանգարեցին ավելի բարձր արդյունքի հասնելուն: Ըստ գլխավոր մարզչի, նորվեգացիներից առաջին խաղում կրած պարտությունը պատահական էր: Առաջին խաղակեսում Էդգար Մանուչարյանն ու Ալեքսանդր Պետրոսյանը չօգտագործեցին գոլային պահերը, մրցավարն էլ մեր օգտին 11 մ հարված չնշանակեց, իսկ ահա մրցակիցը քամու օգնությամբ պատահական գոլ խփեց: Ընդմիջումից հետո էլ մեր թիմն առավելություն է ունեցել, սակայն, ի վերջո, մրցակիցը 2-րդ գոլն է խփել:
Անգլիայի հավաքականի հետ խաղում, ըստ մարզչի, մենք կարող էինք նույնիսկ հաղթել: Այդ խաղում էլ մրցավարը 11 մ հարված չի նշանակել, երբ մրցակցի պաշտպանը ձեռքով բռնել է գնդակը, իսկ ահա երբ գնդակը դիպչել է Լոմբեի ձեռքին, իսկույն պատժել է մեր հավաքականին: Կրկին Ալեքսանդր Պետրոսյանը չի իրացրել գոլային պահը:
Սամվել Պետրոսյանը նշեց, որ Ֆրանսիայի հավաքականի հետ խաղին շատ լրջորեն էին նախապատրաստվել, քանի որ պայքարը շարունակելու վերջին հնարավորությունն էր: Բայց, ցավոք, կրկին մեր ֆուտբոլիստները գոլային պահերը չեն օգտագործել: Միայն Էդգար Մանուչարյանը կարող էր 3 գոլ խփել: Խոսելով վերջինիս մասին, գլխավոր մարզիչը նշեց, որ նա «Այաքսից» հոգնած էր եկել, ինչը զգալ տվեց նորվեգացիների հետ խաղում, հետագայում ֆիզիկապես լավ վիճակում էր: Մարզիչը նկատեց, որ բոլոր 3 հանդիպումներում էլ մեր ֆուտբոլիստները 2-րդ խաղակեսին ֆիզիկապես գերազանցել են մրցակիցներին: Նա խնդրեց ուշադրություն դարձնել մի կարեւոր հանգամանքի վրա, որ բացի ՀՀ հավաքականից, մյուս բոլոր թիմերում ֆուտբոլիստները հիմնականում 19 տարեկան էին, իսկ մեզ մոտ ընդգրկված են 16, 17, 18 տարեկան մի խումբ պատանիներ: Իսկ պատանեկան տարիքում մեկ-երկու տարվա տարբերությունը զգալի է:
Խոսելով հավաքականի հետագա ճակատագրի մասին, Սամվել Պետրոսյանը նշեց, որ ներկա կազմից 9 ֆուտբոլիստ կարող է մասնակցել աշնանը մեկնարկող ընտրական նոր մրցափուլին, որում մեր ընտրանին գլխավորելու է Արմեն Գյուլբուդաղյանցը: Մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը երիտասարդական հավաքականի կորիզն է կազմում: Եվ առաջիկայում էլ պատանեկանի ֆուտբոլիստները հանդես կգան երիտասարդականում: Ընտրական հաջորդ փուլը երիտասարդական հավաքականի համար պատասխանատու կլինի, քանի որ խաղարկվելու են օլիմպիական խաղերի ուղեգրեր: Այնպես որ այժմվանից պետք է լրջորեն նախապատրաստվել առաջիկա ընտրական մրցաշարին: Ըստ Սամվել Պետրոսյանի, պատանեկան հավաքականի այսօրվա կազմից Կառլ Լոմբեն արդեն այժմ կարող է հաջողությամբ հանդես գալ ազգային հավաքականում, իսկ տարիներ անցՙ Արթուր Ստեփանյանն ու Միխել Սիմոնյանը կարող են համալրել ազգային հավաքականը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ