Այսօր տեղի կունենան ՈՒԵՖԱ-ի գավաթի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները: Աշտարակի «Միկան» «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Գերմանիայի «Մայնցին», որին առաջին խաղում պարտվել էր 0-4 հաշվով: Խաղը կսկսվի ժամը 19:30-ին: Ինչ խոսք, առաջին խաղում կրած խոշոր հաշվով պարտությունը «Միկային» հաջորդ փուլ դուրս գալու ոչ մի հնարավորություն չի ընձեռում: Հայ երկրպագուներն ուրախ կլինեն, եթե Հայաստանի գավաթակիրը Երեւանում գոնե ոչ-ոքի ավարտի հանդիպումը:
Ակնկալիքներ գրեթե չկան նաեւ «Բանանցից», որն այսօր Թբիլիսիում ուժերը չափելու է տեղի «Լոկոմոտիվի» հետ: «Բանանցն» էլ առաջին խաղում, այն էլ սեփական հարկի տակ զիջել է մրցակցին (2-3) եւ անելանելի դրության մեջ ընկել: Պայքարը շարունակելու համար մեր թիմին հյուրընկալվելիս հաղթանակ է անհրաժեշտ առնվազն 2 գնդակի տարբերությամբ, ինչն անհավանական է թվում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ