Լիճը մեծ ու փոքր շահերի թակարդում
Հուլիսի 29-ին ՀՀ ԳԱԱ-ում Սեւանին նվիրված արտասովոր քննարկում է լինելու: Սեւանի ջրի մակարդակը, ինչպես հայտնի է, 20 մ-ով իջել էր: Բայց վերջին 3 տարիներին 1 մ 60 սմ-ով բարձրացել է: Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը դիմել է Սեւանա լճի փորձագիտական հանձնաժողովի նախագահ, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանին` խնդրելով ՀՀ ԳԱԱ համապատասխան ինստիտուտների օգնութամբ «Սեւանա լճի բարձրացման հետ կապված շրջակա միջավայրի ազդեցության գնահատման գիտական հիմնավորումներ տալ»: Ավելի պարզ, ըստ այդ փաստաթղթի (որի պատճենըՙ ստորեւ), ՀՀ ԳԱԱ նախագահը գիտնականներին հանձնարարականներ պիտի տա գիտականորեն հիմնավորելու, որ լճի ջրի մակարդակի բարձրացումը բացասաբար է անդրադառնում ազգային պարկի եւ լճի բուսական ու կենդանական աշխարհի վրա: «Ներկայում Սեւանա լճի մակարդակի շուրջ 1,6 մ-ով բարձրացման հետ կապված բազմաթիվ բնապահպանական (ծառաթփային կենսաբազմազանության անկում, ազգային պարկի տարածքագործառնական գոտիների սահմանների փոփոխություն, թռչունների բնադրավայրերի ոչնչացում) եւ տնտեսական (զգալի տարածքների անտառաշերտի մաքրում, նոր ճանապարհների կառուցում) խնդիրներ մտահոգության առարկա են դարձել, որոնք լրացուցիչ գնահատման, վերլուծության եւ կանխատեսման կարիք ունեն», գրված է այն փաստաթղթում, որ բնապահպանության նախարարը հղել է ՀՀ ԳԱԱ նախագահին:
Այս դիմումը կրկին իրարանցում է առաջացրել բնապահպանական կազմակերպությունների եւ գիտնականների շրջանում, եւ նրանք պատրաստվում են Շիկահողից հետո երկրորդ վճռական ճակատամարտին, այս անգամ արդեն Սեւանի փրկության ճակատագրական հարցը լուծելու: Մինչ քննարկումը շատերն իրենց կարծիքը հայտնեցին իսկապես արտառոց խնդրի վերաբերյալ:
Հակոբ Սանասարյան (Հայաստանի կանաչների միության նախագահ)- Սեւանա լճի պահպանության նպատակով այսօր գիտական նոր ուսումնասիրություններ, եզրակացություններ պահանջելը ուղղակի պետության նկատմամբ դավաճանություն կարելի է համարել այն պարզ պատճառով, որ ոչ միայն Հայաստանի, այլեւ Խորհրդային Միության գիտական հիմնարկները տարիներ շարունակ բազմաթիվ մասնագետների ջանքերով պրոբլեմը մանրազնին ուսումնասիրել են, պետական միջոցներից հսկայական ծախսեր են արվել: Գիտական ուսումնասիրությունները հանգեցրին այն բանին, որ նախ պետք է լճի ջուրը 6 մ բարձրացնել, որից հետո պետք է ուսումնասիրություններ կատարվեն, թե ինչքանով է դա բարելավել ջրի ընդհանուր որակը եւ ինչ բարենպաստ պայմաններ է ստեղծում ընդհանրապես Սեւանա լճի համար: Նախ հաստատվեց Արփա-Սեւան թունելի կառուցումը: Միայն Որոտանի թունելի կառուցումը 115 մլն դոլար է նստել Հայաստանի վրա: Սեւանի ջրի մակարդակի բարձրացման անհրաժեշտության խնդրի վերաբերյալ թեկնածուական եւ դոկտորական դիսերտացիաներ են պաշտպանվել: Ջրի մակարդակի բարձրացման գիտական հիմնավորումների վրա անգամ միջազգային կազմակերպություններից ավելի քան 1 մլն դոլար դրամաշնորհներ են ծախսվել: Այսօր բնապահպանության նախարարի փաստաթուղթը պարզորոշ ուզում է ասել, որ գիտական ուսումնասիրություններն արժեք չունեն:
Որն է այս ողջ աղմուկի պատճառը: Խախտելով ազգային պարկի ռեժիմը եւ ՀՀ օրենքները, որոշ մեծահարուստներ եւ պետական պաշտոնյաներ կարողացել են մտնել սանիտարական գոտի եւ արգելված մասերում կապիտալ շենքեր կառուցել: Այժմ լճի ջրի մակարդակի բարձրացումն արդեն ջուրը բերել, մոտեցրել է դրանց: Ըստ մեզ հասած տեղեկությունների (ես հույս ունեմ, որ այդ տեղեկությունները գուցե սուտ լինեն), այդ մարդիկ դիմել են հանրապետության նախագահին, թե էս ինչ է, մենք մեծ միջոցներ ենք ծախսում, դրանք մնում են ջրի տակ: Եվ իբր նախագահի թույլտվությամբ բնապահպանության նախարարությունը համարձակվել է այսպիսի փաստաթուղթ կազմել:
Իբրեւ կանաչների միության նախագահ ես ուղղակի հայտարարում եմ, 10 հազարավոր կամ միլիոնավոր դոլարների արժեք ունեցող լճափնյա այդ առանձնատները ոչ մի կոպեկի արժեք չունեն: Այդ մարդիկ ինչ որ կառուցել են, պիտի մաքրեն Սեւանի ափերից` իրենց սեփական միջոցներով: Եվ օրենքի առջեւ պետք է պատասխան տան, քանի որ նրանց ոչ մեկը թույլ չի տվել մտնել ազգային պարկ, կառուցապատումներ անել, իսկ վերջում էլ այսպիսի պահանջներ դնել:
Իրականում այդ կապիտալ շենքերի թիվը, որոնք իսկապես կարող են ջրի տակ անցնել, շատ սահմանափակ է, հավանաբար, ամենաբարձր ատյանների պաշտոնյաներն ու ծառայողները Սեւանի ափին ծավալուն շինարարություն սկսելու նպատակներ ունեն:
Փաստաթուղթը որքան անգրագետ, նույնքան էլ խորամանկ է կազմված: Գրված է, որ Սեւանի ջուրը 30 տարիների ընթացքում պետք է 8,8 մլրդ խմ-ի հասնի: Այսինքն, ուզում են ասել, որ ջրի մակարդակն արագ բարձրացավ, եւ մենք փաստի առաջ կանգնեցինք: Անհեթեթ մյուս ձեւակերպումը` իբր առաջանում է տարածքա-գործառնական գոտիների սահմանների փոփոխություն: Վտանգավորն այն է, որ այս փաստաթուղթը կարող է մոլորեցնել մարդկանց, թե իբր բնապահպանության նախարարությունը մտահոգված է ջրի բարձրացման հետ կապված տնտեսական խնդիրներով, եւ լիճն իսկապես կգնա դեպի ճահճացում:
Այստեղ նաեւ այլ խնդիր կա: Սեւան- Հրազդան կասկադի վաճառքն ի չիք է դարձնելու Սեւանա լճի պաշարների կուտակման հնարավորությունը: Ինչքան շատ էներգիա արտադրվի, այնքան օգուտ է տիրոջը, առավել եւս որ նա ոչ միջուկային, ոչ էլ օրգանական վառելիք է ծախսում էներգիա արտադրելու համար:
Կարինե Դանիելյան («Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ)- 6 մետրը մեծ աշխատանքի, մեծ ուսումնասիրությունների արդյունք է: Հսկայական ծրագիր էր իրականացվում, մասնակցում էին ե՛ւ Հայաստանի, ե՛ւ համամիութենական ինստիտուտները: Ես այն ժամանակ աշխատում էի ակադեմիայում, կենսաորսի հիմնախնդիրների խորհրդում որպես գիտքարտուղար: Ապացուցվեց, որ 6 մետրը նվազագույնն է, որ կապահովի լճի ինքնամաքրման նորմալ գործընթացները եւ էկոլոգիական բալանսը: Ապացուցված է նաեւ, որ էրտրոֆիկացման գործընթացներն ակտիվացել էին, երբ լիճն այդ մակարդակից իջել էր:
Այդ 6 մետր բարձրացումը միանգամից չի իրականացվելու, 30 տարում պիտի լինի, որպեսզի հանրապետությունը քայլ առ քայլ պատրաստվի: Այդ դժվարությունները, որ ներկայացվում են, հաղթահարելի են եւ աստիճանաբար պիտի լուծվեն: Այդքան ծախսեր արվեցին, Արփա-Սեւանը կառուցվեց, Որոտան-Արփան կառուցվեց: Հիմա եթե պիտի վերանայենք, ուրեմն անիմաստ էին այդ ծախսերը: Եվ երկրորդ` թվում է, թե սա միայն էկոլոգիական խնդիր է: Բայց նախ տնտեսական խնդիր կա: Եթե լճի ջրի որակը վատանա, մենք Հայաստանը կկորցնենք: Հարցականի տակ կդրվեն Սեւանա լճի ողջ առափնյա բնակչության գոյատեւումը, ձկնաբուծությունը, ձկնորսությունը, տուրիզմի զարգացումը: Հայաստանի բնակչության համար էլ Սեւանը հանգստի վայր է: Եվ ամենակարեւորը` եթե մենք կորցրել ենք Սեւանը որպես խմելու ջրի աղբյուր (մենք դրա մասին համարյա չենք խոսում), բայց որպես ոռոգման աղբյուր օգտագործում ենք: Հանրապետության գյուղատնտեսության հիմնական մասը Սեւանի ջրով է սնվում: Եթե մենք կորցնենք Սեւանի ջրի որակը, կկորցնենք նաեւ գյուղատնտեսությունը: Եթե Սեւանի ջուրն իջնի, ճահճացումն ավելի կսաստկանա: Սեւանը կյանքի ու մահվան պայքար է տանում: Մենք պիտի օգնենք նրան, մի կողմից աղտոտում ենք, մյուս կողմից եթե չթողնենք, որ մակարդակը բարձրանա, ինքնամաքրումն էլ չի կատարվի, Էկոհամակարգը նորմալ չի կարողանա գործել: Մյուս խնդիրն էլ կա` մենք պարտավոր ենք մակարդակը բարձրացնելու հետ ափերը նախապատրաստել: Մենք երկու դեպքում ջրի որակի կորուստ կունենանք` եթե չապահովենք ջրի մակարդակի բարձրացումը եւ եթե ջրի բարձրացումը չզուգակցենք ափերի նախապատրաստման գործընթացին: Եթե հիմա ափամերձ անտառը ջրի տակ է մտնում, մենք դրականի փոխարեն խիստ բացասական արդյունք կունենանք: Որովհետեւ նեխման գործընթացներ կլինեն եւ լճին ավելի կվնասենք: Դրա համար շատ շտապ պետք է այդ աշխատանքները կազմակերպել: Խորհրդային ժամանակ սխեման կազմվել էր, թե ինչպես պետք է ափերը նախապատրաստվեն ջրասուզմանը: Բայց ափերը հիմա փոխվել են, եւ այդ սխեման վերանայման կարիք ունի: Մենք դիմել էինք կառավարությանը, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին ներկայացրել էինք նաեւ այդ մասին մեր առաջարկը, բայց ի վերջո կառավարությունը չներկայացրեց դա: Եթե մենք պիտի ոռոգենք թունավոր ջրով, դա ոչ մի օգուտ չի տա, մեզ պետք է մաքուր Սեւանը:
Ինչ վերաբերում է թռչունների բնադրավայրերի ոչնչացմանը, եթե սանտիմետր առ սանտիմետր լիճը բարձրանա, բնությունն ինքն իր խնդիրները կլուծի, նա կհարմարվի: Եթե զուգահեռ Գիլին էլ սկսի բարձրանալ, իսկ եթե Սեւանի մակարդակը բարձրանա, Գիլին բարձրանալու պայմաններ կստեղծվեն (առավել եւս եթե Գիլիի վերականգնելու ծրագիր կա), ուրեմն, թռչուններն իրենց խնդիրները Գիլիում կլուծեն: Համենայն դեպս, ջրլող թռչուններն այդպիսի խնդիր այլեւս չեն ունենա: Մյուս թռչունների կորուստը ոչինչ է ջրի որակի կորստի համեմատ:
Նորա Գաբրիելյան (կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր) -Սեւանա լիճը բնության բացառիկ երեւույթ է, եզակի հզոր ջրամբար, որ տեղադրված է այսպիսի բարձրության վրա: Դա ռազմավարական մեծ ռեսուրս է Հայաստանի համար: Աշխարհի շատ տարածաշրջաններ այսօր տառապում են ջրի պակասից, անապատացման գործընթացներ են տեղի ունենում այնտեղ, իսկ մենք ոչնչացնում ենք այդ գանձը: Շատ կարեւոր է Սեւանի ողջ ավազանի էկոհամակարգի պահպանումը բոլոր գետերով ու առվակներով, հազվագյուտ ֆլորայով ու ֆաունայով: Միայն այստեղ, Սեւանը գրկող լեռներում են գոյատեւում բույսերի ու կենդանիների բազմաթիվ էնդեմիկ, Կարմիր գրքում գրանցված անհետացող տեսակներ: 6 մետրով Սեւանի մակարդակի բարձրացումը երկնքից չի իջել: Հատուկ հետազոտություններ ու հաշվարկներ են արվել: Ջրի մակարդակը հենց այդքան պիտի լինի, որպեսզի լճում չզարգանան կապույտ-կանաչ ջրիմուռները, որպեսզի ջրերը կանաչ մանրաձավարով թունավոր ու մուգ ապուր չդառնան: Այդ ջրիմուռները թունավորում են ջուրը, դրանք այս անգնահատելի լճի ճահճացման առաջին նշաններն են: Մի՞թե մեր կառավարությունն այնքան անխելամիտ է, որ մի քանի հարուստների ու օլիգարխների շահի համար համաձայն է վերջնականապես ոչնչացնել մեր միակ գանձը: Ինչո՞ւ իմ հայրենակիցներն այդքան ծառատյաց են դարձել եւ միայն հատում ու ոչնչացնում են կանաչը ինչպես Երեւանում, այնպես էլ ողջ հանրապետությունում: Դրա հետեւանքն է, որ արդեն կտրուկ ավելացել են քաղցկեղային եւ այլ հիվանդություններ: Այժմ հասել են Սեւանին:
Ինչ վերաբերում է այն սպեկուլյացիային, թե պետք է հատվեն Սեւանի շրջակա անտառները, ապա դրանք անտառ չեն, քանի որ այստեղ միայն բարդիներ են, իսկ միայն բարդին անտառ չի կազմում: Բարդին ցածրարժեք ծառատեսակ է: Դրա համար մինչեւ ջրի բարձրացումը պիտի արմատախիլ արվեին բարդու տնկարկները, նաեւ չիչխանի: Չիչխանը շատ արագ եւ հեշտ աճում է ամեն տեղ: Եթե դրանք մնան ջրի տակ, ոչ միայն ճահճացում կլինի, այլեւ ջրի վիճակն ավելի կվատանա:
Մարտին Ադամյան (կենդանաբանական գիտությունների դոկտոր, թռչնաբան)-Նախարարությունը հակառակ եզրակացություն պիտի աներ: Այսօր լճի ջրի մակարդակը մոտավորապես բարձրացել է 1,5 մ, լիճը հասնում է իր մայրական ափերին, հետը բերելով Գիլին ցամաքելուց հետո կորցրածը, երբ Սեւանի ջուրը մոտ 19,5 մ նվազեց: Պիտի մի հանգամանք հաշվի առնել, որ այսօր գոյություն ունեցող բուսածածկը Սեւանի երկրորդային բուսածածկն է, առաջնայինը նախկին ափերին էին հարում: Այսօր ջուրը լցվում է մայրական ավազանի մեջ, եւ դա ոչ թե թռչուններին վնաս է հասցնում, հակառակը, աստիճանաբար ձեւավորվում են մինչեւ ջրի իջեցումը եղած բնադրավայրերը: Երբ ջրի մակարդակը 19-20 մ իջավ, թռչունների 3-4 տեսակներ իսպառ վերացան Սեւանի ավազանից, առաջին հերթին տուրպան տեսակը, որովհետեւ տուրպանը բնադրում էր կղզու ափերի ժայռերի ճեղքերում եւ ժայռերի քիվերի վրա, նաեւ խիտ բուսականության մեջ: Երբ ափերը հեռացան այդ վայրերից, բնադրատեղերն անհետացան, եւ այս թռչունը Սեւանի ափերին մի քանի տարի թափառելուց հետո 1963 թ. անհետացավ: Մեծ վնաս հասցվեց կարմիր բադին, որին ժողովուրդն արոր է ասում: Սա բնադրում է առափնյա ժայռերի ճեղքերում, որոնք այն ժամանակ գտնվում էին ջրի ափերից 200-500 մ հեռավորության վրա: Նրա ձագերն առանց կորստի, առանց գիշատիչների զոհ դառնալու հաջողությամբ հաղթահարում էին այդ տարածությունն ու մտնում ջուրը: Այսօր այդ ափերը նախկին բնադրատեղերից հեռացել են 1,5-3 կմ-ով:
Եվ այդպես շարունակ, 240 տեսակ թռչուններից մոտավորապես 50-ն արդեն փոխել է իր բնավորությունը, այսինքն, նախկինում նրանք բնադրում էին այստեղ, այսօր` ոչ: Հիմա նրանք գալիս են Սեւան, հանգստանում 1-2 օր կամ 2 շաբաթ, որից հետո շարունակում են իրենց թռիչքը դեպի ավելի հարմար բնադրավայրեր: Սխալ է մտածել, թե ափերը լցվում են ջրերով եւ վնասում թռչուններին: Այդպիսի բան չկա: Եթե ջուրը շատ բարձրացավ, կարող է կրճատել միայն հայկական որորի բնադրավայրերի մի մասը: Բայց այդ բնադրագաղութից, որում տեղավորված են 10-15 հազար թռչուն, մենք ունենք նաեւ Արփի լճում, ավելի խոշոր ու առողջ տեսակներով: Այնպես որ, ջրի մակարդակի բարձրացումը ոչ մի ձեւով չի վնասում թռչունների բնադրմանը, հակառակը, աստիճանաբար նոր բնադրավայրերի ձեւավորումների պայմաններ է ստեղծում: Այդ գործընթացն առայժմ սաղմնային վիճակում է:
Ի՞նչ քննարկման առարկա է Սեւանի մակարդակը 6 մ-ով բարձրացնելու խնդիրը, երբ արդեն տարիներ առաջ լուծված է եղել, ովքեր են շահագրգռված: Եվ հետո, ափամերձ այն հատվածների բուսածածկը, որն, ասում են, կարող է անհետանալ, արհեստական ճանապարհով է ստեղծվել ջրերից ազատված տարածքների վրա: Հակառակը, այդ ծառերն անհրաժեշտ է արմատախիլ անել, որպեսզի մենք մաքուր ջուր ունենանք: Այսօր Սեւանի ջուրը մակարդակի բարձրացման հետ զտման ամենակարեւոր գործընթացն է ապրում: Այսինքն մակարդակի բարձրացման հետ արեւի ճառագայթները խոր չեն թափանցում, ջուրն ավելի սառն է մնում եւ աստիճանաբար վերադառնում է գոյության նախկին ռեժիմին:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ