«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2005-07-26 | #138, 2005-07-27 | #139, 2005-07-28


ԱՅՍ ՏԱՐԻՆ ԿԱՐԵԼԻ Է ԱՆՎԱՆԵԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԻ

Կարծիք հայտնեց Կարեն Ճշմարիտյանը

Այս տարվա առաջին կիսամյակում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճել է 10,2 տոկոս: Այս մասին երեկ կիսամյակային տնտեսական ցուցանիշներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը: Ներմուծում-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 51,7 տոկոս, նախորդ տարվա համեմատ նվազելով 6,4 տոկոսով, իսկ արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 31,8 տոկոս, նախորդ տարվա համեմատ նվազելով ընդամենը 3,7 տոկոսով: Ներկայացնելով այս թվերը, նախարարը հայտնեց մեկ այլ ցուցանիշի մասին, համաձայն որի 4 տարվա մեջ արտահանումն ավելացել է 2,8 անգամ, իսկ ներմուծումըՙ 2 անգամ:

Անդրադառնալով դրամի արժեւորման ազդեցությանը արտահանման վրա, Կարեն Ճշմարիտյանը ասաց, որ արտահանող ընկերություններում եկամուտների նվազում է տեղի ունեցել: Սակայն որոշ դեպքերում, օրինակ, հանքարդյունաբերության մեջ, դա փոխհատուցվել է միջազգային շուկայում այդ ապրանքների գների բարձրացմամբ: Առավել տուժել է թեթեւ արդյունաբերությունը: Սննդարդյունաբերության համար նախարարը այն կարծիքը հայտնեց, որ այս ճյուղի ընկերությունները պետք է բարելավեն իրենց կառավարումը եւ ստեղծեն մրցունակ ապրանքներ միջազգային շուկայում:

Ըստ տնտեսության ճյուղերի պատկերը հետեւյալն է: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5,3 տոկոսով, գյուղատնտեսությանըՙ 10,2 տոկոսով, կապիտալ շինարարությանըՙ 43 տոկոսով, մանրածախ ապրանքաշրջանառությունըՙ 5,1 տոկոսով, բնակչությանը մատուցած ծառայությունների ծավալըՙ 15,6 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 1,217 մլրդ դոլար կամ աճել է մոտ 27 տոկոսով: Արտահանումն աճել է 28,4 տոկոսով, կազմելով 429 մլն դոլար, ներմուծումըՙ 24,2 տոկոսով եւ կազմել 788 մլն դոլար: Արտաքին առեւտրի հաշվեկշիռը շարունակում է մնալ բացասական եւ տարբերությունը կազմել է 359 մլն դոլար:

Օտարերկրյա ներդրումների ծավալներն, ըստ եռամսյակային տվյալների, (կիսամյակն ամփոփվում է երեք ամիս անց) կազմել են մոտ 60 մլն դոլար: Կարեն Ճշմարիտյանը այն կարծիքը հայտնեց, որ 2005 թ. կարելի է ներդրումների տարի համարել, քանի որ ներկայումս ընթացքի մեջ են երկու-երեք խոշոր ներդրումային ծրագրեր, որոնց արդյունքները կերեւան եկող տարի: Դրանցից առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը առանձնացրեց երկուսըՙ «Արմենալի» եւ Բյուրեղավանի ապակու գործարանի վերազինումը: Առաջինի վերագործարկումից հետո, նրա կարծիքով, այս ձեռնարկությունը կարտահանի տարեկան 70-90 մլն դոլարի արտադրանք, իսկ ապակու գործարանի վերագործարկման դեպքումՙ 50-70 մլն դոլար:

Քիմիական արդյունաբերության խոշորագույն ձեռնարկություններիՙ «Նաիրիտի» եւ Վանաձորի «Քիմպրոմի» գործունեության վերաբերյալ նշվեց, որ «Նաիրիտն» այժմ աշխատում է, եւ կանոնավոր արտահանման դեպքում ընկերության շահութաբեր գործունեությունը կհաջողվի: Ամսական այս ձեռնարկությունը թողարկում է 800-850 մլն դոլարի արտադրանք: Ինչ վերաբերում է Վանաձորի «Քիմպրոմին», ապա ներկայիս սեփականատերերը պատրաստվում են գործարկել: Հիշեցնենք, որ այդ ձեռնարկությունը վերջին տարիներին մի քանի անգամ «վերագործարկվել է»: Գուցե այս անգամ գործարկումը այդքան կարճ չտեւի: Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ այս համալիրը գնելու մտադրություն ունեցող սլովակյան ընկերությունը անհասկանալի պատճառներով հրաժարվել է:

Հայաստանի էլեկտրացանցերի գործարքի վերաբերյալ Կարեն Ճշմարիտյանը նշելով, որ ինքը գործարքի ողջ մանրամասներին ծանոթ չէ, ասաց, որ եթե տեղի ունեցածը գնահատեն որպես միջազգայնորեն ընդունված «քողարկված գործարք», ապա իշխանությունները պետք է որոշ գործընթացներ սկսեն:

Խոշոր հարկատուների ցանկի հրապարակման մասին նախարարը հայտնեց, որ հարկ է նկատի ունենալ, որ շատ ընկերություններ իրենց հիմնական հարկային պարտավորությունները կատարում են սահմանին, եւ այդ ցանկում դրանք չեն նշվում: Նա նշեց, որ ինքն առաջարկել է առանձնացնել ներդրումների կատարման պատճառով վնաս հայտարարագրող եւ սնանկացման եզրին գտնվող ընկերություններին:

Մամուլի ասուլիսի վերջում Կարեն Ճշմարիտյանը հայտնեց եւս մեկ հետաքրքրական ցուցանիշի մասինՙ ներքին շուկայի պահանջարկն արդյունաբերական արտադրանքի նկատմամբ վերջին 4 տարում աճել է 2-3 անգամ, ինչը բացատրվեց մեզանում գնողունակության աճով:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4