Ատամնաբույժ էր: Բեյրութում քիչ է մնում անգամ ատամնատեխնիկներին պատվեն «դոկտոր» տիտղոսով: Բայց մեր դոկտորը իսկական էրՙ պրոֆեսոր, ֆրանսիական Սեն Ժոզեֆ համալսարանի դասախոս: Հասցրել էր պատրաստել հայտնի ատամնաբույժների մի ամբողջ սերունդ, բայց ինքը դեռ շարունակում էր աշխատել Բեյրութի երկու կողմերում հաստատած իր զույգ կլինիկաներում: Աշխատում էր, ոչ թե աշխատեցնում: Սովորություն ուներ ասելուՙ ընտանիքիս ապրուստը այս ձեռքերով կվաստակիմ: Իրոք: Եվ անշուշտ դա էր պատճառը, նաեւ անմիջական բնավորությունը, որ Լիբանանի պետական բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ, նաեւ քրիստոնյա ու մահմեդական կրոնապետեր նրա հաճախորդներն էին: Նրանց հետ ստեղծած սերտ կապերը դոկտորն օգտագործում էր հօգուտ լիբանանահայ գաղութի, Վ. Թեքեյան վարժարանի, որի հոգաբարձական խորհրդի նախագահն էր երկար տարիներ, հօգուտ Թեքեյան մշակութային միության, որի հիմնադիրների մարմնի անդամ էր, հօգուտ Ռամկավար Ազատական կուսակցության, որի շրջանային վարչության ատենապետն էր լիբանանյան եղբայրասպան պատերազմի ամենադժնդակ տարիներին:
Բազմակողմանի զարգացած անձ էր, սիրահար մանավանդ դասական երաժշտության: Մարդկանց օգնելը, նրանց ցավով տառապելը, մարդասիրությունն ընդհանրապես նրա բնութենական հատկանիշն էր: Ձեռքը բաց, միտքը բացՙ սիրում էր հյուրասիրել եւ հյուրասիրությունը վերածել ասք ու խոսքի: Պատահում էր, որ երբեմն քեֆի պահին պատմում էր մի անեկդոտ, որը հենց նոր մեկ ուրիշն էր պատմել եւ ինքը, դոկտորը, ներկաներից բոլորից ավելի ծիծաղողն էր եղել: Տարբեր առիթներով բանախոսում էր: Երբ նախապես պատրաստած էր լինում խոսքը, արդյունքն ստացվում էր տարտամ, տաղտկալի: Բայց երբ էքսպրոմտ էր խոսում, ստացվում էր հոյակապ, տպավորիչ: Վերջապես «պիտորեսք» մարդ էր, ինչպես սիրում էր նկարագրել ուրիշներին, օգտագործելով ֆրանսերեն այդ բառը, որը նշանակում է «կոլորիտով», «կենսախինդ»:
10 տարի առաջ, հազիվ 64 տարեկան հասակում, անակնկալորեն դոկտորը հեռացավ մեզնից: Մահվան 10-ամյակի առիթով վերջերս Բեյրութի Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ, որի գլխավոր բանախոսն էր Երեւանիցՙ Լիբանանում խորհրդային դեսպանատան նախկին աշխատակից, Սփյուռքահայության հետ մշակութային նախկին կոմիտեի նախագահի տեղակալ Ռոմեն Կոզմոյանը, որի արտասանած խոսքից հատվածներ ներկայացնում ենք ստորեւ:
Հ. Ա.
Լուրը, որ սիրելի Հարութի չլինելու 10-ամյակին նվիրված հանդիպում է լինելու, առա Լոս Անջելեսում, եւ տեղեկացա, թե նրա անզուգական կողակից Միմին ցանկություն է հայտնել, որ նվաստս մասնակից լինի այդ երեկոյին:
Շատ եմ խորհել, թե ի՞նչ կերպ պետք է ներկայացվի լուսահոգի Յոզգաթյանի անձը, ի՞նչ խոսքեր ու մտքեր եմ գտնելու Հարութին բնորոշելու: Չէ՞ որ այնքան խորը, տաք ու զգայական է եղել իր հետ բարեկամությունը, որ նույնիսկ իմ ազգի կատարյալ լեզուն կդժվարանա ասել զգացածն ու ապրածը:
Ժողովուրդը սիրում է ասելՙ Աստված կա, եւ նա թելադրեց Միմիին, որ զանգահարի ինձ ու ասիՙ Ռոմեն ջան, չեմ ուզեր, որ Հարութի հիշատակը տխուր անցնի, կուզեմ, որ ուրախ ըլլա: Այսպիսով խոսքիս, ասելիքիս բանալին Միմին տվեց իմ ձեռքը:
Ուրեմն, սկսենք թերթել ուրախ պատմությունների էջերը:
1978 թ. մայիս, Թեքեյան դպրոցում հանդիպում է ուսուցիչների եւ աշակերտների հետ. Երեւանից ժամանածս, Սուրեն Նադրյանի ուղեկցությամբ Բեյրութում բաժանում ենք Հայաստանից դպրոցների համար բերված նվերները: Առաջին շարքում նստած է մի երիտասարդ զույգ, որն իմՙ բեմում եղողիս, ուշադրությունը գրավում է ոչ միայն այն պատճառով, որ սազում են իրար, այլեւ, որ ունեն քաղաքակիրթ տեսք եւ, որ կարեւորն էՙ հատկապես այրը, այնպիսի համակ ուշադրությամբ էր լսում ինձ, կարծես թե մտքում մեխում է ամեն բառ: Զույգն ինձ անծանոթ է, առիթը չի կայանում նրանց ներկայացնելու եւ հանդիպման վերջում մոտենում է այրը եւ մի խորամանկ ժպիտ դեմքին, հարցնում է.
- Բոլո՞ր դպրոցներուն եք բաժնելու բերած գույքը:
Լսելով դրական պատասխան, կամացուկ ու մեկուսի ասում է.
- Հավասար բաժնելը ճիշտ կըլլայ, առանց այդ ալ հոս խնդիրներ կան, նոր առիթ թող չըլլա ըսի-ըսավի: Դուք հայրենիք եք, հաւասար նայեցեք բոլորին:
Հետո իմացա, թե ում հետ գործ ունեմ, հասկացա, որ բացի ատամնաբույժ լինելուց, բարեկիրթ բարեկամս նաեւ դիվանագետ է, քանի որ ավելի ուշ, թեւերը սոթած ամեն ինչ ձգում էր դեպի Թեքեյան դպրոց, չնայած ինձ տված հորդորներին:
Եթե եղել են նման փաստեր, որոնց սիմվոլիկ ձեւով ես դիվանագիտական անուն տվի, ապա ավելի բնորոշը Հարութին նրա մանկան նման պարզ ու անմիջական լինելն էր, զարմանալու ու հիանալու բացառիկ կարողությունը: Շատ դժվար է այն մարդկանց հետ, որոնք ամեն ինչ գիտեն: Հարութը լսել գիտեր, որով եւ իրեն էր կապում խոսակցին, իսկ երբ ինքն էր խոսում ու պատմում, դա միշտ լինում էր էմոցիայով, ծիծաղով ու «խենթենալիքներով»:
- Ռոմեն ջան, ձեր դեսպանատան Սոկոլովն ի՞նչ գործ կընէ, որ ամբողջ օրը դոկտ. Դաուտլարյանի հետ վիսկի կխմե, այս մարդն աշխատանք չունի՞:
- Հարութ, ի՞նչ ես խոսում, Սոկոլովը բացի ռուսերենից ոչ մեկ այլ լեզու չգիտե, դոկտորն էլ ռուսերեն չգիտե, ինչպե՞ս են միասին վիսկի խմում եւ ողջ օրը միասին անցկացնում:
- Այդ հարցումը ես դոկտորին ըրի, ան ալ ըսաւ, թե նույն շենքը կապրինք, վերելակի մեջ իրար կտեսնենք ու կամ մեկս կամ մյուսս կհարցնենքՙ «դրի՞նգ», պատասխանը կըլլաՙ «դրինգ», որից հետո շատ լավ կհասկնանք զիրար:
Դեսպանատան աշխատակից Տիգրան Մելքումյանը մի քանի օր տառապում էր ատամնացավից, որն ավելի էր ուժգնացել մի հայ ատամնաբույժի մոտ լինելուց հետո: Գնացինք Հարութի մոտ, սկսվեց ինձ համար մի ահավոր գործողություն: Որպեսզի պատկերացնեք տեսարանը, ուզում եմ հիշեցնել, թե ի՞նչ կերպ էր Մեֆիստոֆելը տարել Ֆաուստինՙ ողջ սենյակի պատերը արյունով ներկելով: Ահա այդպիսի մի պատկեր, Տիգրանի բերանը ջրհորի պես բաց, իսկ Հարութը հապշտապ, նյարդայնացած ու տագնապած այս ու այն գործիքն է ուզում եւ րոպեն մեկ ինձ կանչում, թեՙ արի տես: Սիրտս թուլանում է, չեմ կարող նայել, տեղիցս վեր եմ կենում, մոտենում, իբր թե նայում ու կարեկցում, իսկ դոկտորը պնդում է, թեՙ նայե՛, նայե՛:
Տիգրանն, անշուշտ, առողջացավ, սակայն այս պատմության մեջ Հարութն իմ աչքին մի քանի աստիճան բարձրացավ որպես մասնագետ, բարձր պրոֆեսիոնալ, սակայն դա չէր, որ մինչեւ օրս ես հիշում եմ այդ պատմությունը եւ ձեզ էլ հրամցնում, այլ այն, որ մինչեւ վերջ, նույնիսկ օրեր ու ամիսներ անց նա չհարցրեց, թե ում մոտ է եղել Տիգրանը եւ գործը փչացրած բժշկի հասցեին ոչ մեկ այպանանքի բառ չասաց: Սա է Հարություն Յոզգաթյանը, ահա այսպիսի մի փաստով նրա մարդկային կերպարին ավելանում է ինտելիգենտությունը եւ զսպվածությունը:
Ժամանակները մութ էին, ոչ միայն էլեկտրականության պակասի պատճառով, այլեւ տնտեսական ու քաղաքական իմաստով:
Ստացվեց այնպես, որ խորհրդային իմպերիայի փլուզումից հետո, երբ երկրում վերացավ մեկ կուսակցության գերիշխանությունը, շատերը, որոնք մեղմ ասած, մեծացել էին սովետների կաթով, փութով փոխեցին իրենց շապիկները եւ վազեցին դեպի նոր ուժեր:
ՌԱԿ-ի հետ սկսեցին սիրաբանել ինձ ավելի քան ծանոթ անձինք, ֆունկցիոներներ, որոնք նույն դյուրությամբ իրենց գույնը կփոխեն (եւ այդպես էլ եղավ), ոտնահարելով ինձ մտերիմ ՌԱԿ կուսակցության շահերը: Այդ առիթով մի նամակ ուղարկեցի այն ժամանակ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Հարություն Յոզգաթյանին, ուր հարցականի տակ առա մեր բարեկամությունը, ասելով, թե դավանափոխ մարդիկ նույնպես բարեկամ մարդի անվան տակ մտան:
Դե, ինչպես ասում են, նամակիս թանաքը չչորացած, Հարութը «խենթեցավ»: Նամակս նետել էր, զայրացելՙ Ռոմենը գժվել է, այս ի՞նչ է գրել, ինչպե՞ս է գրել, մի սամում, մի փոթորիկ, զայրույթի պոռթկում այն աստիճանի, որ տիկին Միմին ինձ հավարը գցեց, թե մի քանի տող գրի, կամ խոսի հետը, ասելիքդ պարզաբանիր, այս մարդն ապրումների մեջ է:
Անշուշտ, հաշտվեցինք, ես ընդունեցի կոշտ լինելս, Հարութն ընդունեց ճիշտ լինելս:
Միջանկյալ ասեմ, որ այդ շրջանում ղեկավար պաշտոնի վրա եղող մեկը, գործը փչացնելուց հետո, ինձ զրույցի կանչեց ու խնդրեց միջնորդ դառնալ ՌԱԿ-ի մեջ տեղի ունեցող անհամաձայնությունները մեղմելու: Իմ այն հարցին, թե չէ՞ որ ինքն ու իրենք դա էին ուզում, հիմա ի՞նչ պատահեց, որ միջնորդություն են փնտրում: Պաշտոնյան բաց տեքստով հայտարարեց, թե ճիշտ է, իրենք որոմը գցեցին, սակայն չէին սպասում, թե խնդիրն այդքան կբարդանա ու կխորանա: Ասեմ, որ պաշտոնյան չկա, սակայն որպեսզի խոսքս հավաստի լինի, զրույցի վկան այժմ էլ պաշտոնի վրա է:
- Ռոմեն ջան, այսօր ընտանյոք երթալու ենք ճաշի, Աիդան ալ հոս չէ, մինակ ես, կուզենք որ մեզի ընկերակցիս, զանգում է Հարութը:
Կիրակի օր է, փողոցները դատարկ են, Բեյրութի «կանաչ» գիծը բաց է: Մտնում ենք մի ռեստորան, կիսամութ է, տեղավորվում ենք սեղանի շուրջը, երեխաներըՙ Հովսեփիկն ու Թալինը վազվզում են, իսկ մենք թերթում ենք ճաշացուցակը:
- Կուզե՞ս քեզի համար լիբանանյան ճաշատեսակ մը ընտրենք, կերած չես ըլլար, ասում է Հարութը: Պարզ է, համաձայնվում եմ ու ընտրում ենք: Կիսամութ է ու չեմ տեսնում, թե ինչ համեմունք է խմորի վրա, համն էլ անծանոթ է, եւ դուր չի գալիս: Պատառաքաղով հանում եմ տակի խմորը, համեմունքը թողնելով:
Համեմունքի անունը տալով Հարութն ասում է, որ դա շատ օգտակար է ու հարցնում է.
- Ինչպե՞ս է...
- Շատ լավն է, շա՜տ, ստիպված ասում եմ ես, համեղ բան է:
- Խենթանալիք է,- ասում է դոկտորը ուտելով հերթական «Սուլթան Իբրահիմ» ձուկը:
Նայում եմ ափսեիս, չի վերջանում, սակայն քաղաքավարությունը պահանջում է ափսեն դատարկել, իսկ քաղաքավարությունը, դուք էլ գիտեք, ունի իր վնասները... Հաղթահարում եմ «գոհ ու կուշտ», Հարութը հարցնում էՙ եթե շատ հավնեցար, մեկ հատ ալ պատվիրենք:
- Աման, Հարութ, սա մարդը մեղք է, փրկում է ինձ Միմին:
***
Հարութն ու Միմին Երեւանում են, իրար հրաժեշտ ենք տալիս հյուրանոցում, բարեմաղթություններ, բարի ճանապարհ, նոր տեսակցություն, հուզվում ենք, ողջագուրվում, օդանավակայան չենք գնում, քանի որ թռիչքը առավոտյան 04-ին է, Յոզգաթյանները մեզ համոզում են ու տուն ենք վերադառնում:
Գիշերվա ժամը 12-ն անց է, հնչում է դռան զանգը, մենք անկողնում ենք, տագնապած մոտենում ենք ու «ո՞վ է» հարցիս, լսում եմ Հարութի ձայնը: Սիրտս գցում է, վատ բան է պատահել: Բացում եմ դուռը, տեր եւ տիկին ներս են մտնում ուրախ-զվարթ, ծիծաղելով, հայտարարելով, թե մենք իրենց քույր ու եղբայր ենք համարում եւ ինչո՞ւ իրենք պետք է ողջ գիշեր արթուն մնան, իսկ մենքՙ Կոզմոյաններս քնենք:
Վստահ եմ, թե պատկերացնում եք շարունակությունը. թեյ, օղի, կոնյակ, ծիծաղ, հռհռոց ու, ինչպես կասեր Վահագն Դավթյանըՙ «ծիրան-ծիրան» նստում ենք մեքենան ու Նորքի զանգվածից ճանապարհվում դեպի «Արմենիա»:
Մեքենայում նույն տրամադրությունն է, եւ հանկարծ գազանանոցից վեր, ճանապարհի կենտրոնում, ասֆալտի վրա պառկած մի կին. հագուստից ու դիրքից երեւում է, որ մեքենա է խփել: Ես դանդաղում եմ, սակայն չեմ կանգնում, վարանում եմ, Հարութը թելադրում է կանգնել: Ես ավելի եմ դանդաղեցնում մեքենան ու արդեն անցնում ենք կնոջ կողքից, Հարութը ձայնը բարձրացնում է, ստիպողական տոնով պնդում կանգնել:
- Հարութ, խմած եմ, մեծ պատմության մեջ կընկնենք:
- Ոչինչ, կանգնիր, գուցե կինը հիվանդանո՞ց տանինք:
Ես կանգնում եմ, սկսում եմ մեքենան հետ տալ եւ, ի՜նչ բարեբախտություն, նույն պահին փողոցը կտրելով վազում են հարեւանները (լսում ենքՙ վա՜յ, տանից դուրս եկավ, մեր տանից) դիմացից էլ երեւում է շտապ օգնության մեքենան:
***
Երբ պատրաստվում էի գալ Բեյրութ, Հակոբ Ավետիքյանի հետ երկար զրույց ունեցանք, եւ ինչպես միշտ այս ու այն պատմությունը հիշեցինք, որոնցից մեկը լսեցի առաջին անգամ: Լիբանանյան պատերազմի հերթական «ռաունդի» ժամանակ Յոզգաթյաններն ապրում էին ծանոթներից մեկի տանը: Մի օր Հակոբը շտապ հարցով մտել է Հարութենց մոտ, որպեսզի միասին գնան Ալեք Մանուկյան կենտրոն: Անշուշտ մութ է եղել ու դուրս գալու պահին Միմին նկատել է, թե Հարութը շապիկը թարս է հագել, ու փորձել է ուղղել տալ: Հարութը զայրացել է, թե չի հանի շապիկը, քանի որ կոճակները հազիվ է կոճկել:
Որեւէ գործ անում էր նվիրումով, անտեսելով ոչ կարեւոր հանգամանքները, համակ կենտրոնանալով անելիքի վրա:
ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ