Պետությունն այդ դեպքում խոստանում է աջակցել նրանց
Արհեստագործության զարգացման արդյունքում հնարավոր կլինի տարեկան մինչեւ 300 մլն դոլարի հավելյալ ապրանք արտահանել, քանի որ այսպես կոչված ձեռքի աշխատանքը հատկապես զարգացած երկրներում բարձր է գնահատվում եւ թանկ արժե: Այս մասին երեկ ներկայացնելով կառավարության հաստատած «Հայաստանում արհեստագործության զարգացման մասին» հայեցակարգը, ասաց առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Գագիկ Վարդանյանը:
Հայեցակարգը նախատեսվում է իրականացնել երկու փուլով: Առաջինումՙ օրենսդրական դաշտի, երկրորդումՙ ենթակառուցվածքների ստեղծում: Համաձայն հայեցակարգի, պետք է ստեղծվի լիազոր պետական մարմին, որը կաջակցի արհեստագործության զարգացմանը, կհամակարգի բոլոր միջոցառումներն ու տեղեկությունները, կտրամադրի խորհրդատվություն եւ գործարար տեղեկություններ, կնպաստի հայկական արհեստագործական արտադրանքը միջազգային շուկա մուտք գործելուն: Ըստ փոխնախարարի, ոլորտի զարգացումը կնպաստի շուկայում ապրանքների հագեցվածությանն այն դեպքում, երբ խոշոր արտադրություններն այդտեղ չկան, կլուծի զբաղվածության, հետեւաբար նաեւ սոցիալական խնդիրներ:
Գագիկ Վարդանյանը նշեց, որ արհեստագործությամբ զբաղվողները հիմնականում ստվերային գործունեություն են իրականացնում, ինչի պատճառով նրանց թվի վերաբերյալ տվյալներ չներկայացրեց: Մեր այն հարցին, թե արհեստագործներին օրինական դաշտ բերելը նշանակո՞ւմ է, որ նրանք հարկային դաշտ են բերվելու, փոխնախարարը պատասխանեց, որ օրինական դաշտ բերելու նպատակը պետության կողմից նրանց աջակցելն է, նպաստելը, որ նրանք միավորվեն եւ իրենց արտադրանքը համատեղ ավելի հեշտությամբ վաճառեն արտաքին շուկայում: Ինչ վերաբերում է մեր այն հարցին, թե ի վերջո արհեստագործների նկատմամբ որեւէ հարկատեսակ կիրառվելո՞ւ է, Գագիկ Վարդանյանը պատասխանեց, որ եկամտահարկից բացի այլ հարկատեսակով նրանք չեն հարկվի: Ըստ փոխնախարարի, երբ օրինական դաշտ եկած արհեստագործները տեսնեն, որ պետությունն իրենց աջակցում է, մյուսները նույնպես կնախընտրեն գործել օրինական դաշտում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ