- Դուք ներկա էիք հայ բանաստեղծ Ջիվանու տոնին նրա ծննդավայրումՙ Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում: Ի՞նչ էր դա. դիվանագիտական աշխատանք, թե՞ տուրք պոեզիային:
- Իհարկե, դա առաջին հերթին դիվանագիտական աշխատանք էր, որովհետեւ Ջիվանու պոեզիան հայերենով ես չեմ կարող գնահատել ըստ արժանվույն, անգամ եթե մի քանի հարյուր հայերեն բառ գիտեմ: Իսկ դիվանագիտական առումով Հայաստանում Վրաստանի դեսպանը պետք է ծանոթ լինի Վրաստանի հայ բնակչության դրությանը, որովհետեւ այստեղ ինձ հաճախ հարկ է պատասխանել հատկապես այդ հարցին:
- Ինչպե՞ս եք գնահատում դրությունն այսօր Սամցխե-Ջավախեթի ռեգիոնում:
- Վրացական Սամցխե-Ջավախեթիա ռեգիոնում այժմ քաղաքական հավասարակշռված իրավիճակ է: Ինչ վերաբերում է սոցիալ-տնտեսական չլուծված հիմնահարցերինՙ դրանք քիչ չեն: Ուզում եմ շեշտել, որ Վրաստանի լեռնային բոլոր շրջաններումՙ ե՛ւ Ռաչա-Լեչխումիում, ե՛ւ Սվանեթիայում, ե՛ւ Մտիուլետիում, ե՛ւ Փշավ-Խեվսուրեթիում, ե՛ւ Աջարիայում, ե՛ւ Ջավայի շրջանում տնտեսական, հետեւաբար եւ սոցիալական իրավիճակը նույնն է, ինչ Ջավախեթիի լեռնային շրջանում. արտադրական ուժերի անբավարար զարգացում, հետամնաց ենթակառուցվածքներ եւ դրանից բխածՙ ժողովրդայնացման ցածր մակարդակ: Բայց Ջավախեթին մեկ կարեւոր առավելություն ունիՙ հարթավայրային գոտի ունի, այսինքնՙ այն, ինչ չկա Վրաստանի լեռնային այլ, այդ թվում հարեւան շրջաններումՙ Սամցխե մարզում: Այս տեղերում հողային ռեսուրսները չեն բավականացնումՙ ոչ արոտավայրերը, ոչ խոտհարքները, ոչ էլ վարելահողերը: Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջաններում, ճիշտ է, սահմանափակ, բայց հնարավոր է զբաղվել հողագործությամբՙ հացահատիկաբուծությամբ եւ կարտոֆիլագործությամբ: Նաեւ անասնապահության անսահմանափակ հնարավորություններ կան: Եթե այս բնամթերքների իրացման շուկա ստեղծվի, ապա Ջավախեթիում լավ եկամուտներ կապահովվեն:
- Այս ռեգիոնի համար տնտեսական ինչպիսի՞ ծրագրեր են մշակված:
- Վրաստանի կառավարությունը Ջավախեթիի համար ծրագրում հատկապես շեշտում է արտադրական ուժերի զարգացումը: Առաջին հերթին պետք է վերականգնել ճանապարհային ցանցը: Լեռնային այս շրջանում ճանապարհները լավ վիճակում չեն: Չեմ ուզում ասելՙ «ողբալի», որովհետեւ գիտեմ, թե ինչպիսի ճանապարհներ կան Ռաչա-Լեչխումիում կամ Սվանեթիայում, հատկապես այս տարվա գարնան հեղեղումներից հետո: Իսկ ամեն ինչ ճանաչելի է դառնում համեմատության ժամանակ:
Վրաստանի կառավարությունը պետք է հոգ տանի ողջ երկրի, այլ ոչ թե մեկ տարածաշրջանի համար: Չնայած դրան, Ջավախեթիի ճանապարհների վերականգնման համար տրամադրվել է եւ կշարունակի տրամադրվել բավականաչափ գումար: Միայն Ախալքալաքի ներքաղաքային ճանապարհների վերականգնման համար նախագահական հիմնադրամը հատկացրել է 1 մլն լարի (մոտ 500 հազար դոլար):
Կարծում եմ, որ այս ռեգիոնի զարգացման հիմնական գործոնը կդառնա երկաթուղագիծը: Ի դեպ, Եվրոխորհուրդը շահագրգռված է իր երկաթուղագծերի վերականգնումով, որի ցանցերը եվրոպական երկրներում կրճատվել են ավտոճանապարհների հետ մրցակցության արդյունքում: Նաեւ պետք է հաշվի առնել, որ երկաթուղագիծը բնապահպանության իմաստով ավելի մաքուր է: Ցավալի է, որ 1990-ական թթ. սկզբի պղտոր ժամանակներում Մարաբդա-Ախալքալաքի երկաթուղագիծը թալանվեց եւ վաճառվեց որպես գունավոր մետաղ: Ակնհայտ է, որ այս ճանապարհը պետք է վերականգնել: Իսկ երկաթուղագծի շարունակումը մինչեւ Թուրքիայի հետ սահմանը (ի դեպՙ Կարծախ գյուղով, ուր ծնվել է Ջիվանին), հնարավորություն կտա, որ շրջանը դառնա տրանզիտ տարածք, այստեղից բխող տնտեսական բոլոր հետեւանքներով: Պատկերացրեք, որ Թբիլիսի-Վիեննա ուղերթի գնացքը կանգառ կունենա Ախալքալաքում: Դա իր հերթին նշանակում է տարածաշրջանի ենթակառուցվածքների բարեփոխում:
Ի դեպ, Ջավախեթիով անցնող երկաթուղագիծը բնավ չի խանգարի Գյումրի-Կարս երկաթուղագծի վերականգնմանը այն բանից հետո, երբ նորմալանան հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Որպես օրինակ, Բենիլյուքսի երկրները Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ կապված են ավելի քան 10 երկաթուղագծերով, որոնք չեն մրցակցում միմյանց հետ, այլ աջակցում են համագործակցության զարգացմանը: Մենք կողմ ենք այն բանին, որ Գյումրի-Կարս երկաթուղագիծն արագ բացվի: Դա չպետք է խանգարի Ջավախեթիով անցկացվելիք միջազգային երկաթուղագծի ստեղծմանը:
- Ախալքալաքում գտնվող ռուսական ռազմական բազան պետք է դուրս հանվի մինչեւ 2008 թվականը: Դրա փոխարեն ի՞նչ է լինելու այդ տեղում:
- Վրաստանից ռուսական ռազմական բազաների դուրսբերումը բխում է առաջին հերթին Ռուսաստանի շահերից: Նախագահ Պուտինը վերջերս հայտարարեց, որ այդ ռազմական բազաները պաշտպանական նշանակություն չունեն: Էլ ինչո՞ւ պահել դրանք արտասահմանյան երկրներումՙ իր հարկատուների հաշվին: Այդ պատճառով մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ախալքալաքի եւ Բաթումի ռուսական բազաներն ապամոնտաժելու մասին:
Որքան ես գիտեմ, Ախալքալաքում ռուսական ռազմական բազայի փոխարեն վրացական զինվորական միավորում է տեղակայվելու: Ամեն դեպքում, իմ երկրի ղեկավարությունը մի քանի անգամ հայտարարել է, որ այստեղ արտասահմանյան որեւէ բազա չի տեղակայվելու:
Հաճախ են խոսում ռուսական բազայում տեղի բնակչության զբաղվածության մասին: Իրականում այդտեղ ծառայողների թվաքանակը շատ փոքր է: Իսկ շրջանի բնակչության սոցիալական վիճակի բարելավման մասին Վրաստանի կառավարությունն արդեն հոգացել է:
Ինչպես Ձեզ հայտնի է, նախագահ Սաակաշվիլին ցուցում է տվել, որ Վրաստանի զինված ուժերը պետք է ապահովվեն բացառապես Ջավախեթիում աճեցված բնամթերքների գնումների հաշվին: Դա նոր ազդակ կլինի այս տարածաշրջանում գյուղատնտեսության արագ աճի համար եւ զգալիորեն կբարելավի սոցիալական վիճակն այստեղ:
- Հասկանալի է, որ Վրաստանում հայ բնակչությունն ազգային փոքրամասնություն է: Բայց Սամցխե-Ջավախեթիում, հատկապես Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջաններում բնակչության մեծամասնությունը հայեր են: Դա արդյոք չի՞ պահանջում հատուկ վերաբերմունք քաղաքական եւ տնտեսական առումով:
- Վրաստանը բազմաէթնիկ (բազմազգ) պետություն է: Ի դեպ, ողջ աշխարհում մենաէթնիկ պետությունները շատ քիչ են: Բացի Հայաստանից, որ այսպիսիՙ մենաէթնիկ է դարձել վերջին տասնամյակի ընթացքում, կարելի է հիշատակել Ճապոնիան, երկու Կորեաները, ետպատերազմյան Լեհաստանը: Հավանաբարՙ միայն այս: Եվրոպայի բազմաէթնիկ պետություններում պայմաններ են ստեղծվում բոլոր փոքրամասնությունների մշակույթների զարգացման համար: Վրաստանն ընթանալու է եվրոպական ուղիով: Մենք կաջակցենք այն տարածաշրջանների մշակութային եւ տնտեսական զարգացմանը, որտեղ բնակվում են ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, իմ հայրենակիցները, Վրաստանի իրավահավասար քաղաքացիները: Դա վերաբերում է ե՛ւ Ջավախեթիին, ե՛ւ Քվեմո Քարթլիին (որտեղ ադրբեջանական բնակչությունը կրկնակի գերազանցում է Սամցխե-Ջավախեթիի հայ բնակչության թվաքանակը), ե՛ւ աբխազներով, օսերով, ավարցիներով, կիստիններով բնակեցված շրջաններին: Նրանց բոլորի նկատմամբ Վրաստանը «հատուկ վերաբերմունք» ունի: Բայց ամբողջությամբ մենք ձգտում ենք նրան, որ Վրաստանի բոլոր բնակիչները, անկախ իրենց էթնիկական ծագումից կամ կրոնական պատկանելությունից, իրենց հարմարավետ զգան իրենց միակ հայրենիքումՙ Վրաստանում:
Օրինակ, Ջավախեթիում հարկավոր է նորոգել դպրոցական շենքերը: Դա արդեն սկսվել է: Ի դեպ, Վրաստանում միակ դպրոցը, որ կառուցվում է նախագահական հիմնադրամի միջոցներովՙ Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղի դպրոցի շենքն է: Ջավախեթիի սոցիալական հիմնադիրների լուծման նկատմամբ ուշադրությունը չի թուլանալու նաեւ այսուհետեւ:
- Պարոն դեսպան, մենք գիտենք, որ Դուք գիտնական եք, պրոֆեսոր: Հետաքրքրվում եք նաեւ գրականությամբ: Գրականությունը Ձեզ համար հոբբի՞ է: Որպես գրողՙ ինձ հետաքրքրում է Ձեր պատասխանը:
- Իմ հայրըՙ Գիվի Գաչեչիլաձեն, գրող էր, պոեզիայի թարգմանիչ (հատկապեսՙ անգլերենից): Նա վրացերենի է թարգմանել Բայրոնի, Շելլիի գործերը, Շեքսպիրի բազմաթիվ ողբերգությունները եւ նրա բոլոր սոնետները: Ես մեծացել եմ գրական մթնոլորտում, այդ իսկ պատճառով լավ գրականությունը, հատկապես բարձրարժեք պոեզիան բարձր եմ գնահատում: Երիտասարդ տարիներիս ես էլ եմ ինչ-որ բան գրել, բայց չեմ հրատարակել: Ես զբաղվեցի գիտությամբ, Մերձավոր Արեւելքի պատմությամբ եւ Մերձավոր Արեւելքի ու Վրաստանի քաղաքական աշխարհագրությամբ: Դրանք հումանիտար գիտություններ են, երբ գրում ես պատմական կամ աշխարհագրական հոդվածներ ու գրքեր, գրական շրջադարձերից խուսափել չես կարող:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ