ՄՈՍԿՎԱ, 29 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան «GazetaSNG» ինտերնետային թերթը տեղեկացնում է, որ միջինասիական երկրներով կարճատեւ այցը հինգշաբթի օրը ավարտած ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը մտադիր է կրկին այցելել Ադրբեջան այս տարվա օգոստոսին կամ սեպտեմբերի սկզբին: Ըստ թերթի, անցած ապրիլին Ադրբեջան կատարած իր վերջին այցի ժամանակ Պենտագոնի ղեկավարին չէր հաջողվել վերջակետ դնել Ադրբեջանում ամերիկյան «արագ արձագանքման շարժախմբերի» տեղակայման հարցում: Այն ժամանակ Դոնալդ Ռամսֆելդին չէր հաջողվել նույնիսկ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որը անսպասելիորեն մեկնել էր Պակիստան: Ըստ փորձագետների, Ադրբեջանում իր ռազմական ներկայությունը «դե-յուրե» ամրագրելու համար Վաշինգտոնը ընտրել է ճիշտ ժամանակ. խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ Ադրբեջանի ղեկավարությունը ավելի զիջող կլինի: Ամեն դեպքում, ըստ «GazetaSNG»-ի, իրավիճակը բարդանում է նրանով, որ Դոնալդ Ռամսֆելդի ապրիլյան այցից հետո Ադրբեջանը հասցրել է Իրանի հետ կնքել չհարձակման մասին համաձայնագիր: Դա, սակայն, դժվար թե ստիպի Միացյալ Նահանգներին հրաժարվել Ադրբեջանում իր ռազմական ներկայության մտադրությունիցՙ մանավանդ որ ամերիկյան զինվորականները «դե-ֆակտո» արդեն Ադրբեջանում են: