«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2005-07-28 | #140, 2005-07-29 | #141, 2005-07-30


ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋԸ

Խախտելով իր երկար լռությունը, մեր թերթի ընթերցողներին հետաքրքրական հոդվածներով ծանոթ, լոնդոնաբնակ անկախ լրագրող Գուին Դայերն այս անգամ անդրադառնում է օրեցօր սերտացող ամերիկա-հնդկական հարաբերություններին, որոնք գործնականում ուղղված են Չինաստանի դեմ:

Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգի վերջերս (հուլիսի 18-20-ը) Վաշինգտոն կատարած այցը լուսաբանող լուրերում ոչ մի խոսք չասվեց ռազմական խնդիրների մասին: Հրապարակված նյութերում խոսք գնաց աշխարհի ամենահին եւ ամենամեծ ժողովրդավարությունների միջեւ սերտ կապեր հաստատելու մասին, ու դրա միջոցով զարկ տալու հողագործությանը եւ պայքարելու ահաբեկչության դեմ, որպեսզի աշխարհն ավելի լավ վայր դառնա բոլորի համար: Սակայն աշխարհի տարբեր երկրների արտգործնախարարություններն այդ այցը (եւ նախագահ Բուշի խոստացած փոխադարձ այցը Հնդկաստան առաջիկա ամիսներին) կապում են այն փաստի հետ, որ երկու երկրները փաստորեն դարձել են դաշնակիցներ ռազմական բնագավառում:

Նրանք նշում են, որ Մ. Նահանգները փորձում է սիրաշահել Հնդկաստանին այն օրվանից, երբ Բուշի վարչակարգը ստանձնեց իշխանության ղեկը, եւ որ անցյալ ամիս երկու երկրների ստորագրած պաշտպանողական համաձայնագիրը պարտավորեցնում է կողմերին համագործակցելու ռազմական բնագավառումՙ միասնաբար արտադրելու զենքեր եւ պաշտպանողական հրթիռներ: Այդ դիվանագետները հավատացած են, որ Մ. Նահանգներ-Հնդկաստան դաշինքը դե ֆակտո ուղղված է Չինաստանի դեմ:

Տարիներ շարունակ փոխնախագահ Դիկ Չեյնիի եւ պաշտպանության քարտուղար Դոն Ռամսֆելդի նմաններն աշխատել են շրջափակման մեջ պահել Չինաստանը: Նրանք ճնշում են բանեցրել Ճապոնիայի վրա, որպեսզի վերազինվի, նոր դաշնակիցներ են որոնել-հայտնաբերել Հարավարեւելյան Ասիայումՙ նույնիսկ ռազմական բազաներ հիմնել Ուզբեկստանում եւ Ղրղզստանում: Բայց ամենակարեւորը նրանց համար միշտ եղել է Հնդկաստանը, որի բնակչության թիվն ու տնտեսության աճի չափանիշները զիջում են միայն Չինաստանի չափանիշներին:

Ամերիկա-Հնդկաստան պաշտպանության համաձայնության ստորագրումով փաստորեն ամբողջական է դառնում Չինաստանի շրջափակումը կամ «սահմանափակումը»: 19-րդ դարի ռազմավարները կհիանային մեր օրերի նեոպահպանողականների հաջողությամբ: Բայց իրականում ի՞նչ հաջողության մասին է խոսքը:

Այդ համաձայնագիրը դանդաղեցնելո՞ւ է Չինաստանի տնտեսության արագ զարգացումը («Գոլդմեն սաքսի» հաշվարկներովՙ 2040-ի սկզբներին արդեն Չինաստանի տնտեսությունը գերազանցելու է ամերիկյան տնտեսությանը): Կամ Պեկինին հե՞տ է կանգնեցնելու իր զինված ուժերն արդիականացնելուց: Ավելի հավանական է երեւի, որ այդ Չինաստանն էլ ավելի մեծ ներդրումներ կատարի պաշտպանության բնագավառում: Ի՞նչն է ուրեմն մղում ամերիկացի դիվանագետներին վարելու նմանատիպ քաղաքականություն: Առանձնապես ոչ մի գերարդիական բան, քան Չեյնիի ու Ռամսֆելդի նման ռազմավարների մտասեւեռված աշխարհաքաղաքական հաշվարկները:

Անցած հիսուն տարիներին Չինաստանի կոմունիստական կառավարության վարքագծում կամ անցած հազարավոր տարիներին Չինաստանի մշակութային ավանդություններում ոչ մի փաստ չկա նշելու, որ առավել հզորացած Չինաստանը կարող է դառնալ նաեւ «էքսպանսիոնիստ» կամ նոր տարածքներ նվաճող: Նույնիսկ Թայվանի հարցում Պեկինը վերջին 50 տարում զերծ է մնացել բացահայտ ռազմական հակամարտությունից եւ չի կառուցել այնպիսի նավատորմ, որ կարողանա ներխուժել այդ կղզի:

Չինաստանը հավասարապես զուսպ է եղել նաեւ ռազմավարական զենքերի բնագավառում եւ ներկայումս հազիվ մի տասնյակից ավելի հրթիռներ ունի, որոնք կարող են հարվածել Մ. Նահանգներին: Նա կարող էր դրանցից հազարներով կառուցել, բայց բավարարվել է նվազագույնով, պարզապես կարողանալով պաշտպանվել հնարավոր ամերիկյան հարձակումներից: Ամերիկյան լրատվամիջոցների տարածած Չինաստանի «ռազմականացման» մասին տվյալները չեն համապատասխանում նույնիսկ իրենցՙ ամերիկյան հետախուզական գործակալությունների տվյալներին:

Հիմարություն է վախեցնել Պեկինի զգուշավոր վարչակարգին: Բայց Մ. Նահանգների ներկա քաղաքականությունը հենց դա է փորձում անել, եւ Հնդկաստանը, հանուն կարճաժամկետ ռազմաքաղաքական նպատակների, միանում է այդ փորձերինՙ հուսալով, որ Չինաստանը ճիշտ կհասկանա իր դիտավորությունները եւ չի մատնվի խուճապի:

Չինացիները, սակայն, արդեն սկսել են խուճապի մատնվելՙ զգալով, որ օղակը սեղմվում է իրենց շուրջը: Հուլիսի 14-ի պաշտոնական բրիֆինգի ժամանակ գեներալ-մայոր Ժու Չենգհուն կտրուկ շրջադարձ կատարեց Թայվանի վերաբերյալ Չինաստանի պաշտոնական դիրքորոշումից, որն անփոփոխ էր մնացել տասնամյակներ շարունակ, այսինքնՙ Պեկինը երբեք ռազմական ուժի չի դիմի, մինչեւ Թայվանը պաշտոնապես անկախ չհռչակի իրեն: Ժուն ասաց, որ կառավարությունը ներքին ճնշումների տակ ստիպված է հրաժարվել միջուկային զենք «առաջինը չօգտագործելու» իր քաղաքականությունից: «Չինացիներս պատրաստվելու ենք կործանել Ցիանից արեւելք գտնվող բոլոր քաղաքները: Ամերիկացիները պետք է ակնկալեն, որ հարյուրավոր քաղաքներ ավերելու ենք»:

Մաոի ժամանակներից ի վեր ոչ մի չինացի պաշտոնյա նման տոնով չէր խոսել: Իրականությունն այն է, որ Պեկինը ներկայումս կարողություն չունի նման քայլի դիմելու ընդդեմ Մ. Նահանգների: Ժուն հավանաբար պարզապես ցնդաբանություններ է դուրս տալիսՙ հուսալով «խելքի բերել» վաշինգտոնյան ռազմավարներին: Բայց իրականում կարող է ջուր լցնել նրանց ջրաղացին: Աշխարհում սխալ շրջադարձ է կատարվում, եւ հետագա անախորժությունների հոտ է փչում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4