«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2005-07-28 | #140, 2005-07-29 | #141, 2005-07-30


ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՈՎ Է ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՇԱՆՏԱԺԻՆ

Հուլիսի 23-ին Վինթերթուրում Բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքի «Հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ է» հայտարարության համար ձերբակալությանը պաշտոնական Անկարան բուռն հակազդեցություն էր ցույց տվել, հղելով նախազգուշական նոտա շվեյցարական իշխանություններին: Ավելին, Թուրքիայում Շվեյցարիայի դեսպանը հրավիրվել էր արտգործնախարարություն, որպեսզի նրան դժգոհություն հայտնեն:

Այս ամենն ստիպել է շվեյցարական իշխանություններին հակաքայլերի դիմել: Եվ համապատասխանաբար Բեռնում արտգործնախարարություն է հրավիրել Շվեյցարիայում Թուրքիայի դեսպան Ալեւ Քըլըչը, իսկ շվեյցարացի պատգամավորներն ագրեսիվ կեցվածքի համար դատապարտել են Թուրքիայինՙ նախազգուշացնելով, որ նա Շվեյցարիային շանտաժի ենթարկելու փոխարեն պետք է կոնկրետ քայլեր կատարի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

«Հաբերեւի» լրատվական ծառայության Բեռնից հաղորդած տեղեկության համաձայն, Շվեյցարիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Իրվին Ժուձետն ասել է. «Ժամանակն է, որ Թուրքիան նախահարձակ կեցվածք ընդունելու եւ շանտաժի դիմելու գործելակերպից հրաժարվի եւ կոնկրետ քայլեր անի»: Ըստ նրա, եթե Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա բազմաթիվ դժվարությունների կբախվի Եվրոմիությունում: Ժուձետը Թուրքիային դատապարտել է Փերինչեքի ձերբակալությանը ծայրահեղ զգացական մոտեցում ցուցաբերելու համար եւ ընդգծել. «Եթե Շվեյցարիան երես թեքի Թուրքիայից, ապա դա, իբրեւ վատ օրինակ, անխուսափելիորեն կվարակի նաեւ Եվրոմիությանը»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4