«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2005-07-28 | #140, 2005-07-29 | #141, 2005-07-30


ԲԱԽՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Վերջերս շատ է խոսվում Վրաստանի վրացաբնակ շրջաններից դեպի Ջավախք տանող եւ Ջավախքի ներսում ճանապարհաշինության ծրագրի իրականացման մասին: Ի՞նչ ծրագիր է դա եւ, ընդհանրապես, ի՞նչ այն նախատեսում: Պարզաբանումներ է տալիս Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գենա Մուրադյանը:

- Ճանապարհաշինության ծրագիրն իրականացվելու է «Միլենիում» ծրագրի շրջանակներում, որի համար հատկացվելու է 100 մլն դոլար: Այս ծրագիրն արդեն հաստատել է Վրաստանի կառավարությունը: Ըստ այդմ կառուցվելու են Թբիլիսի-Ծալկա-Նինոծմինդա եւ այստեղից մինչեւ ՀՀ-ի սահմանը եւ Ախալքալաք-Բորժոմ ճանապարհահատվածները:

- Ի՞նչ ժամանակահատվածում պետք է ավարտվի ծրագիրը:

- Նախատեսվում է այն կառուցել երկու տարվա ընթացքում: Աշխատանքներն արդեն սկսված են Մանգլիսի ճանապարհահատվածում:

- Դուք ի պաշտոնե համակարգում եք նաեւ քաղաքաշինությունը: Այստեղից ելնելով ուզում ենք ճշտել հետեւյալը. Հավլաբար թաղը, որը հայկական է համարվում (բնակչության առումով), ամբողջությամբ քանդման է ենթակա: Արդյոք դա քաղաքական նպատակ չի՞ հետապնդումՙ քանդել այն թաղամասերը, որտեղ այլազգի, տվյալ դեպքումՙ հայերի կուտակումներ կան:

- Բոլորովին: Վստահեցնում եմ, որ նման քաղաքականություն չի վարվում: Պետք է նշեմ, որ այս թաղամասում, ինչպես նաեւ Սոլոլակում, Մեյդանում եւ այլ հին թաղամասերում շենքերն ունեն 100-150 տարվա պատմություն, եւ բնակչությունն այդ թաղամասերում ունեւոր չէ, որպեսզի կառավարությունն այդ թաղամասերի տների կապիտալ վերանորոգումը թողներ նրանց վրա: Վրաստանի կառավարությունը մտադիր է վերը նշված թաղամասերում ճարտարապետական արժեք չներկայացնող հին կառույցները փոխարինել նորերով: Այսինքնՙ փորձում է իրականացնել քաղաքաշինական նոր ծրագիր, որը ենթադրում է նաեւ այդ թաղամասում երթեւեկելի ճանապարհների լայնացում: Ծրագրի իրականացման դեպքում այն բնակիչներին, որոնց տները քանդման ենթակա կլինեն, կտրվի փոխհատուցում:

Ինչպես այս հարցազրույցից տեսնում են երեւանցիները, Թբիլիսիում էլ են քանդումՙ նորը շինելու համար: Մամուլում արդեն երեւացած այս հարցազրույցը չի կարող մխիթարանք լինել դժբախտության մեջ մենակ չմնացած այն երեւանցիների համար, ովքեր մի քանի տարի առաջ իրենց մայրաքաղաքի կենտրոնի բնակիչներ էին համարում:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4