«Յառաջ» օրաթերթի 80-ամյա հոբելյանը
80 տարի գրեթե անընդմեջ (ընդհատվել է միայն Երկրորդ աշխարհամարտի տարիներին) Փարիզի «Յառաջ» օրաթերթն իր մշտական հրապարակումներով կարեւոր դեր է կատարել ֆրանսահայ կյանքի իրադարձությունները, քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպությունների գործունեությունը ներկայացնելու ուղղությամբ:
1925 թ. օգոստոսի 1-ին Փարիզում Շավարշ Միսաքյանի հիմնադրմամբ (աջակցությամբ Շավարշ Նարդունու եւ Հրանտ Սամուելյանի), «Յառաջն» իր գոյությամբ նպաստել է հայրենիքից դուրս հայապահպանման կարեւորագույն խնդրին: «Յառաջի» հրապարակումներն աչքի են ընկել հետեւողականությամբ հանդեպ Հայ դատը, լեզուն եւ մշակույթը պահպանելու խնդիրները:
Առաջին տասնամյակներին լինելով ՀՅԴ խոսափողըՙ իր գործելակերպի մեջ նա հաճախ եղել է անկախ եւ քիչ է տուրք տվել կուսակցական ծայրահեղությունների:
Ազգային-մշակութային ուղղվածությամբ օրաթերթն իր շուրջն է համախմբել ֆրանսահայ մտավորական եւ գրական մի ողջ սերունդ: Շատերի անդրանիկ ստեղծագործությունների տպագրությունն իրականացվել է «Յառաջի» էջերում (Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի», այստեղ են տպագրվել Նիկողոս Սարաֆյանը, Շավարշ Նարդունին» եւ այլք): «Յառաջում» տպագրվել են նաեւ պատմագիտական, գրականագիտական, մշակութաբանական, արվեստաբանական բազմաբնույթ հոդվածներ: Նման հրապարակումները գլխավորապես տեղ են գտել 1976 թ.-ից հրատարակվող օրաթերթի «Միտք եւ արվեստ» հավելվածում:
1957 թ. Շավարշ Միսաքյանին փոխարինեց իր դուստրըՙ Արփիկ Միսաքյանը, խիզախ դիրքորոշմամբ, իր նախկին կուսակցությունից անկախ հայացքներով, որ գրեթե միայնակՙ Արփի Թոթոյանի հետ շարունակում է ղեկավարել ու կազմակերպել թերթի գործունեությունը:
Դժվար է առհասարակ սփյուռքյան պայմաններում մշակույթ, գրականություն, արվեստ եւ մամուլ պահպանելն ու զարգացնելը: Համաշխարհայնացման այս ահռելի վազքի մեջ ազգապահպան գործունեություն հնարավոր է իրականացնել միմիայն նվիրումի եւ զրկանքների գնով: Այդպես է նաեւ «Յառաջ» օրաթերթի պարագայում: Այսօր էլ թերթը իր 80-ամյա պատմության հարուստ գործունեությամբ արժանիորեն շարունակում է հիմնադիր-խմբագրի ազնիվ գործըՙ բազմաբնույթ լրատվություն, տեղեկություն, վերլուծություն ապահովելով ինչպես հայաստանյան, ղարաբաղյան, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների կարեւոր իրադարձությունների մասին:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ