Ֆրանսիայի Բելֆոր քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի պատանիների եւ աղջիկների առաջնությունը, որն անցկացվում էր տարիքային հինգ խմբով: Հայաստանի 14 պատվիրակներից բոլորից հաջող հանդես եկավ վանաձորցի Սամվել Տեր-Սահակյանը: Մինչեւ 12 տարեկան պատանիների մրցավեճում Սամվել Տեր-Սահակյանն ավարտական տուրում հաղթելով հնդիկ շախմատիստ Պանայատան Սեթուռամանին, վաստակեց 8,5 միավոր եւ հավասարվեց առաջատարներին: Աղյուսակը գլխավորող հնդիկ շախմատիստ Շրինաթ Նարայանանը վերջին տուրում պարտվեց, իսկ ռուսաստանցի Սանան Սյուգիրովը ոչ-ոքի ավարտեց պարտիան: Արդյունքում նշված երկու շախմատիստներն ու Սամվել Տեր-Սահակյանը լրացուցիչ ցուցանիշներով միմյանց մեջ բաշխեցին մեդալները: Ոսկե մեդալը նվաճեց Նարայանան, արծաթըՙ Սյուգիրովը, բրոնզը բաժին հասավ Տեր-Սահակյանին: Նշենք, որ վերջինս նախկինում դարձել էր Եվրոպայի չեմպիոն մինչեւ 10 տարեկանների մրցավեճում:
Մեդալներին հավակնում էր նաեւ Արման Փաշիկյանը: Մինչեւ 18 տարեկանների մրցավեճի վերջին տուրում Արմանը թեեւ հաղթանակ տոնեց, սակայն առաջատարները եւս հաջողության հասան: Արդյունքում Փաշիկյանը 7,5 միավորով զբաղեցրեց 8-րդ տեղը: Դավիթ Քալաշյանը (մինչեւ 16 տ.) 7,5 միավորով գրավեց 15-րդ տեղը: Նույն խմբում հանդես եկող Հովիկ Հայրապետյանը 6 միավորով 59-րդն էր: Տիգրան Սիմոնյանը (մինչեւ 14 տ.) 7 միավորով 24-րդ տեղը զբաղեցրեց: Մինչեւ 12 տարեկանների մրցավեճում մեր մյուս երկու շախմատիստներըՙ Ռոբերտ Աղասարյանը (6 միավոր) եւ Գրիգոր Դիլանյանը (5,5) համեստ դիրքեր զբաղեցրին: Արա Դիլոյանը (մինչեւ 10 տ.) 7 միավորով 15-րդն էր, իսկ Տիգրան Հարությունյանը 6 միավորով գրավեց 48-րդ տեղը:
Մեր շախմատիստուհիներից առավել հաջող հանդես եկան Սուսաննա Գաբոյանը (մինչեւ 10 տ.), 12-րդ տեղ), Նունե Դարբինյանը (մինչեւ 16 տ., 13-րդ տեղ), Զոզա Շաքրյանը (մինչեւ 12 տ., 17-րդ տեղ): Լիա Մարտիրոսյանը (մինչեւ 18 տ.) 6,5 միավորով գրավեց 24-րդ տեղը, իսկ Հայկուհի Ալեքսանյանը (մինչեւ 14 տ.) 5 միավորով զբաղեցրեց 62-րդ հորիզոնականը:
Ըստ տարիքային խմբերի աշխարհի չեմպիոններ դարձան հետեւյալ շախմատիստները.
Պատանիներ
18 տ. | Խայրուլին (Ռուսաստան) | 8,5 |
16 տ. | Լենդերման (ԱՄՆ) | 9 |
14 տ. | Լե (Վիետնամ) | 9 |
12 տ. | Նարայանան (Հնդկաստան) | 8,5 |
10 տ. | Գրովեր (Հնդկաստան) | 9 |
Աղջիկներ
18 տ. | Փուրցելաձե (Վրաստան) | 8,5 |
16 տ. | Մուզիչուկ (Սլովենիա) | 9 |
14 տ. | Թահիրովա (Ռուսաստան) | 9 |
12 տ. | Արաբիձե (Վրաստան) | 10 |
10 տ. | Վանգ (Չինաստան) | 9 |
Ընդհանուր թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրեց Ռուսաստանի հավաքականը, որը 4 միավորով գերազանցեց Լեհաստանի ընտրանուն: Ընդ որում, ռուսաստանցի պատանիները տարիքային բոլոր խմբերում էլ մեդալներ նվաճեցին: