«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2005-07-28 | #140, 2005-07-29 | #141, 2005-07-30


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 3 ՀԱԶԱՐ ՍԱՅԼԱԿԱՎՈՐ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԿԱ

Նրանց մեծամասնությունը չի երեւում հասարակության մեջ

Առավել եւս բազմաբնակարանների վերին հարկերում ապրող հենաշարժողական պրոբլեմներ ունեցող հաշմանդամները տարիներով դուրս չեն գալիս տնից: Ոչ հոգեբանորեն, ոչ էլ հաշմանդամի համար մատչելի միջավայրի ապահովման առումով հայ հասարակությունը պատրաստ չէ համակերպվելու նրանց հետ նորմալ համակեցություն հաստատելու գաղափարին:

Մեզ մոտ սայլակավոր կամ ձեռնափայտով մարդու հետ առնչվելն առաջին հերթին զուգորդվում է մուրացկանության գաղափարին: Հաշմանդամի հեռախոսազանգերին, հատկապես միջին ու ցածր բյուրոկրատական օղակներում, հարկ չեն համարում պատասխանել: Արմեն Ալավերդյանը պատմում է, որ օրերս զանգել է Արաբկիրի նոտարական գրասենյակ, եւ նրան կոպտորեն պատասխանել են, թե հեռախոսով խորհրդատվություն չեն տալիս, թեկուզ զանգողն իրենց մոտ հասնելու պրոբլեմ ունենա:

Սրճարան այցելած հաշմանդամներին առաջարկում են նստել հեռավոր անկյունում: Պետական հիմնարկները, հատկապես նախարարությունները անմատչելի են հաշմանդամներին: Նույնիսկ քաղաքապետարանում նրանց ընդունում են հետնամուտքից:

Երեւանի շքեղ նորակառույցները հաշմանդամների համար չեն, այնտեղ հայտնվելու հնարավորությունից նրանք զրկված են: Մի հաշմանդամ աղջիկ ասում էր, որ միշտ ցանկացել է մտնել «Տաշիր» առեւտրի կենտրոն, բայց չի համարձակվում:

Ժամանակակից հյուրանոցներն իրենց ինտերնետային էջերում հատուկ տեղեկատվություն են տեղադրում հաշմանդամների համար, թե քանի տեղ, ինչպիսի հարմարություններ ունեն նրանց համար: Երկրաշարժից հետո հաշմանդամներով լցված Հայաստանում հյուրանոցաշինության տենդով բռնված գործարարների մտքով հաշմանդամները չեն անցնում:

Հյուսիսային պողոտան կառուցվում է, բայց փակ է լինելու հաշմանդամների համար, քանի որ մատչելի միջավայրի, տեղաշարժվելու հարմարությունների մասին ոչ հիմա, ոչ էլ հետո այստեղ չեն մտահոգվել ու հավանաբար չեն էլ մտահոգվելու:

Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը պատմում է, որ իր բանավոր հարցմանը, թե Երեւանի արդեն հաստատված զարգացման ծրագրերում հաշմանդամների խնդիրները նկատի առնվե՞լ են, Երվանդ Զախարյանը բացասական պատասխան է տվել: Օմբուդսմենի գրասենյակը հիմա քաղաքաշինության օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ է մշակում, որ աշնանը ներկայացնելու է ԱԺ-ին:

Այս բոլոր իրողությունների ճնշումն է, որ աստիճանաբար հաշմանդամներին մղել է պասսիվ կյանքի ու անթերարժեքության զգացման, հասարակությունը մոռացել է նրանց:

Մոսկվայի մետրոն ամբողջությամբ հարմարվել է հաշմանդամներին, իսկ մեզ մոտ նրանք տրանսպորտից օգտվելու ոչ մի հնարավորություն չունեն: Միակ փոխադրամիջոցը տաքսիներն են, այն էլ եթե գազով չեն աշխատում: Հակառակ դեպքում բեռնախցիկի մեջ սայլակը դնելու տեղ չի լինի:

Համրերի, խուլերի, շաժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար քաղաքային միջավայրին հարմարվելու միջազգային չափանիշներ կան, որոնք տանելի են դարձնում հաշմանդամների տխուր կենցաղը ժամանակակից զարգացած երկրներում: Լուսակիրները հատուկ ձայնային ազդանշաններ են արձակում կույրերի համար, նույնիսկ փոխադրամիջոցներ կան, ուր սուրդո թարգմանություն է նախատեսված:

Հայաստանում հաշմանդամների համար արված միակ ծանրակշիռ գործը «Լինսի» հիմնադրամի միջոցներով Երեւանի կենտրոնում անցումների թեքահարթակների կառուցումն է: Առավել եւս մարզերում հաշմանդամները լքված ու մոռացված են:

Ընդհանրապես, հաշմանդամությունը սիրելի թեմա չէ նաեւ լրատվամիջոցների համար: Մամուլն ու հեռուստատեսությունը հաշմանդամներին դեպքից դեպք են անդրադառնում:

Հայ հաշմանդամներին ավելի շատ ուշադրության արժանացնում են միջազգային կազմակերպությունները: Օրերս, օրինակ, Հայաստանի հաշմանդամները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ սեփական վեբ-կայք ունեցան` www.disability.am:

Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ «Ունիսոն» կազմակերպությունն իրականացնում է «Մատչելի միջավայր հաշմանդամների համար» ծրագիրը: Հենց իրենց` հաշմանդամների մասնակցությամբ ուսումնասիրվել է Երեւանի (հիմնականում Կենտրոն եւ Արաբկիր համայնքներում) 202 սպասարկման, կրթական ու մշակութային հաստատությունների շենքային պայմանների ֆիզիկական մատչելիությունը հաշմանդամների համար:

Խնդիրը վերաբերել է փողոցի ու բակի, շենքի մուտքի մոտ ու շենքի ներսում իրավիճակին` աստիճանների ու բազրիքների առկայությանը, մուտքի դռների ու վերելակների լայնությանը եւ այլն: Պարզվել է, որ ներկայացվող չափանիշներին համապատասխանել են միայն 78 հաստատություններ:

Մոնիտորինգ անցկացնող հաշմանդամներն արձանագրել են մի հետաքրքրական փաստ` ժամանակակից գործարարներն ու սպասարկման օբյեկտների տերերը աստիճաններ շատ են սիրում, նույնիսկ շենքերի ներսում շատ են դրանք: Հաշմանդամները զգուշացնում են` դրանց առատությունը վտանգավոր են ոչ միայն իրենց, այլեւ առողջ մարդկանց համար:

Հաշմանդամների առաջարկներին` հարմարեցնելու հաստատությունը իրենց կարիքներին, ամենատարբեր արձագանքներ են եղել: «Յամ-յամ» սրճարանն արդեն նրանց այցելության երրորդ օրը հարմարություններ է սարքել, «Էրեբունի» բժշկական կենտրոնում պատասխանել են, որ իրենց ֆինանսներով սանհանգույցները չեն վերափոխի, ոսկու խանութի մի վաճառող զարմացել է, թե հաշմանդամի ինչի՞ն է պետք ոսկին, որ իր խանութ այցելի, ու ինքը նրա համար հարմարություններ ստեղծի:

Եվ քանի որ ամենալավատեսական տրամադրվածության դեպքում անգամ դժվար է հավատալ, որ հին շենքերում որեւէ վերակառուցում կլինի հաշմանդամների համար, մնում են նորակառույցները: Ե՛վ հաշմանդամների, ե՛ւ սոցիալական պաշտպանության օրենքներում անարգել միջավայրի ապահովման դրույթներ կան: Հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններից մեկի նախագահ Լեւոն Ներսիսյանը հաշմանդամներին խորհուրդ է տալիս օրենքին հենվելով պնդել եւ պաշտպանել իրենց իրավունքները, ընդհուպ այդպիսի կառույցների տնօրեններին դատի տալը: Այսինքն, հետեւողականորեն կիրառել ճնշման մեխանիզմը, մինչեւ հասարակական գիտակցության մեջ մի փոքր տեղ բացվի հաշմանդամի ու նրա խնդիրների համար:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4