Երկշաբաթյա արձակուրդից «Ազգը» վերադարձավ երեկ եւ այսօր նորից է ներկայանում իր ընթերցողներին: Առանց սեթեւեթանքների ասենք, որ թերթը, աշխատակիցները կարոտել էին ամենօրյա այս հանդիպումներին: Խորհրդավոր, ակնկալություններով լեցուն մի պահ կա այս հանդիպումներում, ընթերցողի գնահատականը, միաժամանակ անբավարարվածությունը կռահելու մի սրտատրոփ պահ, քո տեսածն ու իմացածը նրան փոխանցելու մի աճապարանք, որը լրագրողի տքնանքի իսկական փոխհատուցումն է ամեն երեկո թերթը տպագրության հանձնելիս: Դա այն կապն է, անտեսանելի, որ եթե ոչ համախոհություն, ապա ինչ-որ միասնություն է ստեղծում լրագրողի եւ ընթերցողի միջեւ, ինչից զրկվել էինք 15 օր:
Չենք կարող ասել, թե արձակուրդային այս օրերը դատարկ էին: Տեղական, տարածաշրջանային եւ հատկապես միջազգային ասպարեզներում բազմաթիվ հետաքրքրական դեպքեր, զարգացումներ արձանագրվեցին, որոնց մասին այսօրվա համարից սկսյալ կփորձենք պատմել մեր ընթերցողներին, կփորձենք մեկնաբանել դրանք եւ թույլ չտալ որեւէ ընդհատում ընդհանուր շղթայի մեջ: Այդ հարցերից շատերը սկիզբ են առել վաղուց եւ շարունակվելու են դեռեւս: Կանգ չեն առել նաեւ ներհայաստանյան զարգացումները, հակառակ մեր քաղաքական ակումբիՙ Ազգային ժողովի արձակուրդի մեջ լինելու իրողության, հակառակ տարբեր նախարարների ու չինովնիկներիՙ տարբեր ծովափերում եւ հանգստավայրերում շարունակվող երեւութական հանգստության: Իսկական գործարքներըՙ քաղաքական, տնտեսական եւ... քրեական, կնքվում են հենց այդ հանգստավայրերում, խմիչքի կամ ռուլետկաների սեղանների շուրջը: Դրանցից շատերի մասին մենք այդպես էլ չենք իմանա ոչինչ, սակայն հետագայում հաստատապես կզգանք ու կապրենք դրանց հետեւանքները, լավ կամ վատ, ավելի շուտ վատ, քան լավ:
Մենք վերադարձել ենք մեր ուժերի ներածի չափով բացահայտելու, կանխելու վատը, վնասակարը, հակաժողովրդականը, երեւան հանելու լավը, դրականը, բարին:
Բարի՛ հանդիպումներ: