Մինչ Կիպրոսի կառավարությունն ու ժողովուրը հայտարարված եռօրյա սգի մթնոլորտում երեկ եկեղեցիներում հարգանքի տուրք էին մատուցում նախորդ օրը Լառնակա-Աթենք օդանավի վթարում 121 զոհվածների հիշատակին, կիպրոսահայ գաղութը սգալու մեկ այլ պատճառ եւս ուներՙ նույն ավիավթարից զոհվել է կիպրահայ մի ողջ ընտանիքՙ Թութունջյան ընտանիքի 4 անդամները, հայրըՙ Հակոբը, մայրըՙ Հիլդան եւ 2 որդիներըՙ 16 տարեկան Արան եւ 12 տարեկան Պարետը: Նրանք, ինչպես «Ազգին» հաղորդում է Կիպրոսում լույս տեսնող «Ֆայնենշըլ միրոր» շաբաթահանդեսի խմբագիր Մասիս Տեր-Բարթողը, «Հելիոս էրուեյզ» ընկերության «Բոինգ 737» օդանավով Լառնակայից մեկնում էին Աթենք, որտեղից արձակուրդային ուղեւորությունը շարունակելու էին դեպի Պրահա:
Տեր եւ տիկին Թութունջյանները գաղութի ակտիվ անդամներից էին, ինչպես գրում է Մ. Տեր-Բարթողը: Հակոբը Մելգոնյան կրթական հաստատության շրջանավարտից միության վարչության անդամ էր եւ պայքարում էր կրթօջախը փակելու որոշման դեմ, իսկ Հիլդանՙ Համազգայինի պարախմբի եւ Սբ. Աստվածածին եկեղեցու երգչախմբի անդամ: Երեխաները հաճախում էին հայկական դպրոց, Արանՙ Մելգոնյան, իսկ Պարետըՙ Նարեկ ազգային վարժարան:
Հիշեցնենք, որ վերապրողներ չէին եղել օդանավի 115 ուղեւորներից եւ անձնակազմի 6 անդամներից: Ուղեւորների մեջ քիչ չէին նույն ընտանիքի պատկանողները, շատերը մեկնում էին ամառային արձակուրդի: Ուղեւորներից 48-ը եղել են տարբեր տարիքի երեխաներ: Զոհերի հարազատներին երեկ փոխադրել էին Աթենքՙ իրենց հարազատների ինքնությունը ճշտելու: Զոհերից շատերն անճանաչելի էին դարձել եւ արյան նմուշներով միայն հնարավոր էր ճշգրտել: Մասիս Տեր-Բարթողը գրում է նաեւ, որ թեեւ վթարից 24 ժամ է անցել, սակայն, համապատասխան մարմինները երեկ կեսօրին դեռեւս չէին կարողացել հայթայթել բոլոր զոհվածների ցուցակը: Կիպրոսյան մամուլը զայրույթով է լցված ավիաընկերության եւ պետական համապատասխան մարմինների դեմ, նրանց մեղադրելով ոչ կոմպիտենտ լինելու մեջ: Քննադատության թիրախ են դարձել հատկապես քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավարները, որոնք արտոնագրել են «Բոինգ 737-300» վարձված ինքնաթիռը, որի խորհրդավոր վթարման պատճառները դեռեւս ճշտված չեն: