«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2005-07-29 | #141, 2005-07-30 | #143, 2005-08-16


ԷԴԻՆԲՈՒՐԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԵՐԳԻՉՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Խիզախՙ ինչպես միշտ, ապրիլի սկզբին Էդինբուրգի համալսարանի Վերածննդի երգիչները տասը օր անցկացրին Հայաստանում: Այն անծանոթ տարածք էր բոլորի համար, սակայն մենք փոխադարձ այցելություն էինք կատարում Երեւանի «Հովեր» կամերային երգչախմբին, որը 2003 թվականին այցելել էր Մեծ Բրիտանիա (ներառյալ Էդինբուրգ, Քեմբրիջ եւ Լոնդոն): Այս երգչախումբը (որը հովանավորում է մի կրթված ամերիկահայ իրավաբան, որն աշխատելու համար տեղափոխվել է Հայաստան, իսկ ղեկավարում է խմբավար Սոնա Հովհաննիսյանը), արդիական մոտեցում է հանդես բերում դեպի հայ ավանդական երաժշտությունը, ինչպես նաեւ մեծ երկացանկ ունիՙ Պալեստրինայից եւ Մարենցիոյից մինչեւ Փըրսըլ եւ Լիգետի ու ժամանակակից հայ կոմպոզիտորներ: Մեծ գործազրկություն եւ երաժիշտների ու երաժշտության ուսուցիչների համար խայտառակ ցածր աշխատավարձեր ունեցող մի երկրի համար երգչախմբի անդամների երաժշտության հանդեպ ցուցաբերած վերաբերմունքը վեր է ամեն ինչից: Անշուշտ, Երեւանում երգեցողության ստանդարտը չափազանց բարձր է. մենք դիտեցինք «Մադամ Բաթերֆլայ» օպերայի համերգային կատարումը, որը մեծապես տպավորեց մեզ: Նույն երգիչներից ոմանց մենք ունկնդրեցինք Մոցարտ կատարելիսՙ Երեւանի Մշակութային փառատոնի բացման ժամանակ, որ տեղի ունեցավ Ազգային պատկերասրահում: Կա օպերային թատրոն, երկու համերգասրահ, սիմֆոնիկ եւ կամերային նվագախմբեր, որոնք մի կերպ պահում են իրենց գոյությունը Բելգիայի տարածության չափ մի երկրումՙ երեք միլիոնանոց բնակչությամբ, որը շատ քիչ ունի (կամ գրեթե չունի) ազգային բնական ռեսուրսներ:

Մենք Հայաստանում կատարեցինք շոթլանդական եւ իտալական Վերածննդի երաժշտության խառը ծրագիր, թեթեւ շոթլանդական մշակումներ (Երեւանի մոդայիկ ռեստորաններից մեկում կեսգիշերային համերգի համար) եւ Ջեյմս Մաքմիլանի «Divo Aloysoi sacrum» ստեղծագործությունը: Նաեւ կատարեցինք Փըրսըլից որոշ գործեր: Բենջամին Բրիթենը Հայաստան է այցելել խորհրդային տարիներինՙ տանելով Փըրսըլի եւ իր սեփական ստեղծագործություններից, որոնք համահունչ էին հայերի ոգուն: Մենք «Հովերի» հետ համատեղ համերգ տվեցինք Կոմիտասի անվան կամերային երաժշտության սրահում (1970-ականների ոճի բնորոշ մի շենք, սակայնՙ շատ լավ հնչականությամբ)ՙ լեփ-լեցուն հանդիսասրահով, որոնց մեջ էին բրիտանական դեսպանը, հայ երաժշտագետներ, քննադատներ եւ այլք: Մենք մի շարք հարցազրույցներ տվեցինք մամուլին, իսկ մեզնից մի քանիսը հանդես եկան հայկական հեռուստատեսության ուղիղ եթերով: Այն փաստը, որ մենք կատարում ենք Կոմիտասի մշակումներից մեկը (մի կոմպոզիտոր, որն ամենից շատ է երգչախմբերի համար կատարել հայ հոգեւոր եւ ժողովրդական երաժշտության մշակումներ), շատ լավ էր ընդունվում: Այս հանգամանքը հատկապես աչքի էր ընկնում Երեւանից դուրս մեր համերգների ժամանակՙ Ալավերդիում, որ գտնվում է հյուսիսում եւ Սիսիանում, որ հարավ-արեւելքում է: Մենք հույս ունեինք գնալ նաեւ Գորիս, ավելի արեւելք, սակայն առատ ձյունն այնտեղ էլեկտրալարերն առել էր ծանրության տակ: Սիսիանի քաղաքագլուխը 400 հոգանոց մի հանդիսասրահ հավաքեց մոգական ձեւով: Նրանց մեջ էին նաեւ ստիպողաբար բերված զինծառայության մեջ գտնվող երիտասարդներ, որոնք ոտքի վրա մնացին եւ որոնք ծափահարեցին, երբ մենք կատարեցինք Կոմիտասի երգը, հավանաբար միակը, որ նրանց ծանոթ էր մեր երկացանկից:

Ողջ ուղեւորությունը նշանակալի փորձառություն էր, եւ մեր բախտը մեծապես բերել էր, որ մենք հրաշալի «Հովեր» երգչախմբի հյուրերն էինք, որոնց, հուսով ենք, կրկին տեսնել Մեծ Բրիտանիայում: Մեր ամենավառ հիշողություններից է մեր ոչ պաշտոնական երգեցողությունը մի շարք եկեղեցիներում, որ մենք այցելում էինք խմբով: Ամենագեղեցիկը Գեղարդն էր, կազմված երկու ժայռափոր եկեղեցիներից: Հայաստանը վանքերի երկիր է, մեծ մասը չի գործում, սակայն դրանց շինությունները դիմացել են դարերի փորձությանը եւ ներխուժումներին, կողոպուտներին ու թշնամական ռեժիմներին: Մենք ներկա գտնվեցինք մի արարողության Էջմիածնումՙ կաթողիկոսի նստավայրում, Հովհաննես Պողոս Բ-ի մահվան օրը: Հուզիչ էր, քանի որ պապի վերջին ուղեւորություններից մեկը եղել էր Հայաստանում 2001 թվականինՙ քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հոբելյանի ժամանակ: Էջմիածնի երգչախումբն անհամեմատ ավելի լավն էր, քան Վատիկանի հռոմեական պատրիարքարանինը, եւ բազմաթիվ քահանաների եւ սարկավագների ուժգին եւ հստակ երգեցողությունը շատ ներշնչող էր: Եվ այս ամենի վրա իշխում էր հրաշափառ ներկայությունը Արարատ լեռան, որին, հայերը, ցավոք, չեն կարող մոտենալ, քանի որ այն Թուրքիայի սահմանից անդին է, իսկ սահմանը 1980-ականների վերջից փակ էՙ Լեռնային Ղարաբաղի պատերազմի պատճառով:

«Հիլիարդ» համույթը եղել է Հայաստանումՙ հաջողությամբ ներկայացնելով հայկական երգեր, որը վերածնության տարրեր ունի իր մեջ: Ուրիշ երաժշտական խմբերի եւս մենք միանգամայն հանձնարարում ենք հնարավորության դեպքում այցելել Հայաստան:

ՆՈԵԼ Օ՚ՌԵԳԱՆ, EARLY MUSIC REVIEW, թիվ 107, 2005 թ.
(Անգլերենից թարգմանեց ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ)


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4