«Դիվանագետների կանանց ասոցիացիան» առաջիկայում հանդես կգա հայ նկարչուհիների ցուցահանդեսի կազմակերպման նախաձեռնությամբ: Ցուցադրությունը, որ կկայանա հոկտեմբերի սկզբին, ներկայացնելու է Հայաստանի ժամանակակից 50 նկարչուհիներիՙ կերպարվեստի ամենատարբերՙ սկսած ավանդական-դասականից մինչեւ ավանգարդիստական ուղղություններով աշխատանքները: Մինչ ցուցահանդեսը հրատարակության է պատրաստվում ուշագրավ հուշանվեր-գիրքՙ ցուցահանդեսին մասնակից հայ կին-արվեստագետների աշխատանքների գունավոր իլյուստրացիաներով եւ հայերեն-անգլերեն ուղեկից տեքստով: Այսօրվա Հայաստանի լավագույն նկարչուհիներիՙ Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանի, Արմինե Կալենցի, Աիդա Գաբրիելյանի, Քնարիկ Հովհաննիսյանի, Լուսիկ Սամվելյանի, Սոնյա Բալասանյանի, Կարինե Մացակյանի եւ մյուսների աշխատանքները ցուցահանդեսային եւ պատկերագրքային տեսքով ներկայացնելու աշխատանքներին մեծապես նպաստել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատունըՙ դեսպան Դիպակո Վոհրայի շատ համակրելի տիկնոջՙ Ռեկհա Վոհրայի ջանքերով:
Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպմանը ցուցահանդեսի մասին տեղեկացրին ասոցիացիայի նախագահ Նանի Օսկանյանը եւ տիկին Ռեկհա Վոհրան: Նանի Օսկանյանը հայտնեց, որ հյուպատոսների կանայք մեծ սիրով ու ակտիվորեն են մասնակցում նախաձեռնած ծրագրերինՙ ափսոսանք հայտնելով նրանց հայաստանյան կեցության կարճատեւության համար, սակայն ասաց, որ համագործակցությունը հետագայում շարունակվելու է:
Ցուցահանդեսը նպատակ ունի ներկայացնելու հայ կնոջ ինքնությունը ստեղծագործական ասպեկտներովՙ բացահայտելու նրանց պատկերացումները, տեսակետներն աշխարհի ու կյանքի մասին, նրանց վերաբերմունքը հասարակական, ընկերային հարցերին:
«Ասոցիացիայի կազմակերպած միջոցառումների շնորհիվ մեր հետաքրքրություններն ավելի մեծացան հայ կյանքի նկատմամբ: Մենք ամուսիններով շատ ենք շրջել Հայաստանում եւ այստեղ հանդիպել ենք շատ բարեհոգի կանանց ու հրաշալի երեխաների: Հայաստանը տնտեսական զարգացման անցումային փուլ է անցնում, եւ մենք ուզում ենք օգնել», ասաց տկն Վոհրան:
Ասոցիացիայի նախաձեռնած «Ձեռք ձեռքի» նախագիծը հիմնական ուղղվածությամբ միտված է օգնելու հայ կանանց ու երեխաներին: Իսկ նմանատիպ մշակութային ձեռնարկները, ըստ էության, արվեստագետներին ներգրավում են սոցիալական տարբեր ասպեկտների ոլորտՙ ավելի մոտեցնելով նրանց ժողովրդական ներքին կյանքին:
ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Դիպակո Վոհրայի դիվանագիտական առաքելությունն ավարտված է, եւ այսօր երեկոյան տեղի կունենա հրաժեշտի երեկո: Մեր բարեմաղթանքներն ու շնորհակալությունները դեսպան Դիպակո Վոհրային եւ իր տիկնոջը, մասնավորապես մեր երկրի եւ լեզվի նկատմամբ ունեցած բացառիկ ջերմ վերաբերմունքի համար:
Մ. Բ.