«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2005-07-29 | #141, 2005-07-30 | #143, 2005-08-16


ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Հայ ժամանակակից նկարիչները «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում

Ժամանակի զգացողությունը հարաբերական մի հասկացողություն է. այն, ինչ ռեալ է կյանքի սովորական ռիթմի օրենքներով ապրողի համար, նույնը չէ արվեստագետի պարագայում, որը ժամանակի տարբեր ըմբռնումների է դավանում: «Ասելՙ Նարեկացին, Վելասկեսը, Մոցարտը կամ Էքզյուպերին մեր ժամանակակիցները չեն, աբսուրդ կլինի: Երբ ստեղծագործությունը մտնում է արվեստի պատմության մեջ, «ժամանակակից» բառը փոխում է գոյության իրավունքը: Ինձ համար «իզմեր» էլ գոյություն չունեն: Եթե ծնվել է ճշմարիտ արվեստի մի գործ, ուրեմն արդեն ժամանակի հետ կապ չունի»:

«Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում այս օրերին ընթացող ցուցասրահի բացման երեկոյին հանդիպածս միակ նկարիչըՙ Արամայիս Մխիթարյանը, ծնունդով Թբիլիսիից է, որպես նկարիչ կայացել է Վրաստանի մայրաքաղաքում, Հենրիկ Իգիթյանի հրավերով տեղափոխվել է Երեւան: Ծննդավայրը դեռ հայրենիք չէ, իսկ արվեստագետի համար առավելապես հոգու հայրենիքը շատ հաճախ է աշխարհագրական եւ տարածական սահմանախախտումներ... պարտադրում: Բայց եւ «Կարեւոր է ստեղծագործել այնտեղ, որտեղ քո ժողովուրդն է ապրում, մեծ նշանակություն ունի հայրենիքում լինելը»:

Երկու տարբեր իրականություններՙ թիֆլիսյանը եւ երեւանյանը որոշակիորեն ու հետաքրքրական ձեւով ներազդել են նրա ստեղծագործությունների վրա. «Թբիլիսիում բնական թատրոն է բուն կյանքի մեջՙ կենցաղում, մարդկային հարաբերություններում, Երեւանում դա չկա, կյանքն այստեղ բնական ռիթմով է ընթանում, այստեղ քարը քար է, ծառըՙ ծառ, եկեղեցին եկեղեցի է»: «Դա նպաստո՞ւմ է արվեստին»: «Անպայման, քանի որ Թիֆլիսի թատրոնն ու Երեւանի իրականությունը ձուլելովՙ ստացա մեկ ուրիշ որակ»:

Գեղարվեստի ակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահը 4-ամյա կենսագրությամբ մայրաքաղաքի ամենակենսունակ պատկերասրահներից մեկն է, որտեղ կա ինքնահատուկ մթնոլորտ, միջավայր եւ արվեստի զգացողություն:

Հուլիսի 29-ից այստեղ բացված «Ժամանակակից հայ նկարիչներ» ցուցահանդեսը մտահղացել է Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, նկարիչ Արամ Իսաբեկյանը: Իսաբեկյանների մասնավոր հավաքածուից կատարված ընտրությունը, որ կազմում է ցուցադրության գերակշիռ մասը, ցուցահանդեսի հիմնական առանձնահատկությունն է, եւ Ա. Իսաբեկյանն անկեղծացավՙ ասելով, թե այնքան էլ լավ չէ նվիրված աշխատանքների վաճառք կազմակերպելը, բայց եւ խոստովանեց, որ մշակութային մի շատ հետաքրքրական ծրագիր իրականացնելու համար է կատարվումՙ մշակութասեր հանրության համար գեղագիտական վայելքի նոր վայր (հավանորեն երաժշտասրահ) ստեղծելու նպատակով:

Այս ցուցադրությամբ պատկերասրահը փորձում է առավել պրոֆեսիոնալ մոտեցումներ որդեգրել, ներկայացված արվեստագետների մեծ մասը ցուցասրահի մշտական նկարիչներ դառնալու հավակնություն են ունենում: Որոշակիորեն փոփոխվող ցուցադրությունը գեղարվեստական սկզբունքներ պահպանելով, նաեւ գնային կայունություն է ապահովելու, ենթադրելի է, նաեւ հաճախորդների նախասիրություններ:

Հիշյալ ցուցադրության մի մասը հայր եւ որդի Իսաբեկյանների աշխատանքներից են: Ցուցահանդեսի տրամադրող, գունազգացողական հրաշալի միջավայրը, ճաշակավոր մոտեցումը եւ հաջող էքսպոզիցիան ներառում է ժամանակակից հայ նկարիչների մի շարք ստեղծագործություններՙ Աշոտ Հովհաննիսյան, Անատոլի Գրիգորյան, Վարուժան Վարդանյան, Հարություն Պզտիկյան, Փարավոն Միրզոյան, Հաղթանակ Շահումյան, Անդրանիկ Կիլիկյան (որի համար այս ցուցադրությունը եղավ կենդանության օրոք վերջինը, ցավոք, 60 տարեկանում օրերս Անդրանիկ Կիլիկյանը հրաժեշտ տվեց կյանքին), Սարգիս Համալբաշյան, Էդվարդ Վարդանյան, Արամայիս Մխիթարյան, Գաբրիել Մանուկյան, Գարեգին Դավթյան (քանդակ) եւ ուրիշներ: Այստեղ, փաստորեն, ներկայացված է հայ արդի գեղանկարչության մի հատվածը: Ըստ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչական գրասենյակի տնօրեն Աշոտ Ղազարյանի, «այսքան հաճելին միանգամից մեկտեղ տեսնելուց տրամադրությունդ ակամայից փոխվում է, գունագեղ վառ հույզերն արտահայտում են ժամանակի զգացողությունը եւ ուրախալի է, որ գորշությունը գրեթե բացակայում է»:

«Այս ցուցադրությամբ այցելուն կարո՞ղ է արդյոք որոշակի պատկերացում կազմել արդի հայ գեղանկարչության մասին» հարցին արվեստաբան Վարդան Վարդանյանն այսպես արձագանքեց. «Նախ եւ առաջ կատարվել է շատ լավ ընտրություն: Ներկայացված նկարիչներն ու գործերը լրացնում են միմյանց, կարեւոր հանգամանքՙ էքսպոզիցիայի համար»: Այսօր շատ են կազմակերպվում ցուցահանդեսներ, որտեղ հակասական աշխատանքներ են լինում: Այստեղ հետաքրքրական լուծումներ են տրված, ընտրությունը, մատուցումը շատ ճաշակով է կատարված, այսօրվա մեր լավագույն նկարիչների մի փունջ ներկայացված է պատշաճ կերպով:

Ցուցասրահը, որ շատ գողտրիկ, գեղեցիկ է, բայց փոքր-ինչ իր տարածքով «սեղմել» է նկարները, սակայն եթե շարժ լինի եւ փոփոխվեն հաճախակի, ավելի շատ նկարիչներ կներկայացվեն: Աշխատանքները նաեւ ճաշակով շրջանակված են, որը նույնպես աչքի համար նշանակություն ունի:

Վերջերս ցուցահանդեսներ են Երեւանում անցկացվումՙ արվեստի գեղագիտական միջին չափանիշներն անգամ չպահպանելով: Մենք պետք է մի փոքր այլ տեսանկյունով փորձենք նայել, նաեւ դրսի այցելուի հայացքով: Երբ Հայաստան այցելած որեւէ զբոսաշրջիկ պատահական մտնի նման միջակ ցուցահանդես, ինչպիսի՞ն կլինի նրա պատկերացումը հայ արդի կերպարվեստի մասին»:

Նման մտահոգություն վստահաբար չունի «Հայ ժամանակակից նկարիչներ» ցուցադրությունը «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» պատկերասրահում, որտեղ հիրավի բարձր գեղարվեստական մակարդակ է ապահովված:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4