«100-ի ակումբի» համար հոբելյանական տարում ռմբարկուների ընտանիքը նոր համալրում ստացավ: Իրականացավ «Բանանցի» հարձակվող Արամ Հակոբյանի երազանքը: Գյումրին երջանիկ քաղաք դարձավ 26-ամյա Արամի համար: «Շիրակի» հետ հանդիպման 70-րդ րոպեին Երվանդ Հունանյանի դարպասը խփած գնդակը Հակոբյանի 100-րդ գոլն էր պաշտոնական մրցումներում: Արամը դարձավ «100-ի ակումբի» 14-րդ անդամը:
Ընթացիկ մրցաշրջանի սկզբում Արամի հաշվին 85 գոլ էր գրանցված: Հակոբյանը վստահ էր, որ կհաջողվի խփել անհրաժեշտ 15 գոլերն ու ընդգրկվել ռմբարկուների ընտանիքում: Արդեն գարնանը գավաթային հանդիպումներում նա 7 գոլ խփեց: Թբիլիսիի «Լոկոմոտիվի» հետ հանդիպումներում էլ «Բանանցի» հարձակվողը բացեց գոլերի հաշիվը եվրոգավաթներումՙ դառնալով վճռորոշ 2 գոլի հեղինակ, երկու անգամ էլ աչքի ընկավ «Դնեպրի» հետ խաղում: Առաջնության 14 խաղում Արամի հաշվին գրանցված է 6 գնդակ:
Բարձրագույն խմբի առաջնություններում Արամ Հակոբյանի նորամուտը կայացել է 1996/97 թթ. մրցաշրջանի մեկնարկային խաղում: 17-ամյա պատանին ԲԿՄԱ-ի կազմում 1996 թ. օգոստոսի 4-ին մասնակցեց «Ղարաբաղի» հետ հանդիպմանը: Այդ տարի Արամը ԲԿՄԱ-ում ընդամենը 3 խաղի մասնակցեց: Հաջորդ մրցաշրջանում նա արդեն «Փյունիկի» կազմում բացեց իր գոլերի հաշիվը: Օգոստոսի 24-ին «Դվինի» հետ խաղի 60-րդ րոպեին փոխարինման դուրս գալով, Հակոբյանը 5 րոպե անց գրավեց Գեւորգ Կասպարովի դարպասը: 1998 թ. Արամը տեղափոխվեց «Դվին», որի կազմում 19 խաղում 2 գոլ խփեց: Հաջորդ մրցաշրջանի սկզբում աչքի ընկնելով արդյունավետ խաղով (5 խաղում 3 գոլ), Արամ Հակոբյանն իր մի խումբ երիտասարդ խաղընկերների հետ տեղափոխվեց «Ցեմենտ»: Այստեղ երկու մրցաշրջանի ընթացքում անցկացրած 45 խաղում Արամը 11 գոլ խփեց:
Արամի ռմբարկուի հատկանիշները լիովին դրսեւորվեցին «Սպարտակում», որտեղ 2001 եւ 2002 թթ. 15-ական գոլի հեղինակ դարձավ: Իսկ հաջորդ տարի տեղափոխվելով «Բանանց», Արամն արդյունավետության անձնական ռեկորդ սահմանեցՙ 27 խաղում խփելով 21 գնդակ:
Այսպիսով, Հայաստանի առաջնություններում անցկացրած 164 խաղում Արամ Հակոբյանը խփել է 74 գոլ: Նա բարձր արդյունավետություն է դրսեւորել նաեւ ՀՀ գավաթի մրցաշարերումՙ դառնալով 22 գոլի հեղինակ, ինչը գործող ֆուտբոլիստների շրջանում լավագույն ցուցանիշն է: 2 գնդակ էլ Արամը խփել է երիտասարդական հավաքականում:
Հայաստանի առաջնություններում գրանցված 74 գոլերը խփվել են 18 թիմերի դարպասները: Արամ Հակոբյանի հարվածներից բոլորից շատ տուժել է «Էսթեղլալ-Կոտայքը», որի դարպասը խփվել է 13 գոլ: 9 գնդակ է խփել «Դինամո-Զենիթի», 8-ականՙ «Լեռնային Արցախի» եւ Կապանի «Լեռնագործի» դարպասները: Մյուս գոլերի բաշխումն այսպիսին է. «Շիրակ»ՙ 7, «Արաքս»ՙ 5, «Միկա»ՙ 4, «Փյունիկ», «Արարատ»ՙ 3-ական, «Կիլիկիա», «Երեւան», «Զվարթնոց», «Բանանց», «Լոռի»ՙ 2-ական, «Էրեբունի», «Գյումրի», «Դվին», «Լեռնագործ» (Երեւան)ՙ 1-ական:
74 գոլերը խփվել են 32 դարպասապահների դարպասները: Առավել հաճախՙ 6-ական անգամ Արամը գրավել է Արթուր Ավագյանի («Լեռնային Արցախ») եւ Գարիկ Բոյախչյանի («Լեռնագործ») պաշտպանած դարպասները: 5 անգամ նրա հարվածներից հետո գնդակը ցանցից հանել է Էդիկ Երիցյանըՙ պաշտպանելով «Փյունիկի», «Զվարթնոցի», «Բանանցի» եւ «Կոտայքի» դարպասները: 4-ական գոլ են բաց թողել Մանվել Աֆրիկյանը («Դինամո»), Վահան Ծաղիկյանը («Կոտայք») եւ Աշոտ Դադամյանը («Արաքս»):
Հայաստանի առաջնություններում գոլերից 6-ն Արամը խփել է 11 մ հարվածով: Նա առայժմ միայն մեկ անգամ է վրիպել 11 մ նշակետից (հարվածը հետ է մղել «Փյունիկի» դարպասապահ Անդրանիկ Ղարագյոզյանը): 2002 թ. սեպտեմբերի 18-ին «Կոտայքի» հետ խաղում Արամ Հակոբյանն արդյունավետության անձնական ռեկորդ սահմանեցՙ 4 անգամ գրավելով Վահան Ծաղիկյանի դարպասը: 2 անգամ էլ Հակոբյանը դարձել է հեթ-տրիկի հեղինակ:
Արամ Հակոբյանն այժմ ուժերի ծաղկման շրջանում է եւ անկասկած դեռեւս բազում անգամ կուրախացնի իր երկրպագուներինՙ ավելի բարձր դիրք զբաղեցնելով «100-ի ակումբում»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ