«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2005-07-29 | #141, 2005-07-30 | #143, 2005-08-16


ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ ՌԵԼԻԿՏԱՅԻՆ ՍՈՃԻՆԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՋԱՐԴ Է ՍԿՍՎԵԼ

Անցած տարվա պատմությունը կրկնվում է

Երեկ «Ազգի» խմբագրություն զանգահարեց Ստեփանավանի «Լոռե» էկոակումբ հասարակական կազմակերպության նախագահ Մանյա Մելիքջանյանը եւ գուժեց Ստեփանավանից ոչ շատ հեռուՙ Գյուլագարակի արգելոցի տարածքում իրականացված սոճիների զանգվածային հատումների մասին: Նախորդ տարվա ձեռագրով ջարդարարները զինված են եղել «դրուժբաներով», սղոցներով եւ տրանսպորտային միջոցներով, գործել են կազմակերպված, անկաշկանդ:

«Սոճուտների ջարդը Գյուլագարակի արգելոցում կատարվել եւ կատարվում է ամենաբարբարոս մեթոդներով, ջարդարարները հապճեպ առանձնացնում են հատված մշտադալար ծառերի հաստաբուն ու ուղղաձիգ բները` ոչ ուղղաձիգ վերնամասերից: Ծառահատողներն այս անգամ արդեն խախտել են նաեւ հատուկ պահպանվող տարածքների ՀՀ օրենքը: Թալանվում են ոչ միայն սովորական անտառները, այլեւ հատուկ պահպանվող տարածքի ռելիկտային սոճիները, եւ նրանց կողմից, ում դիրքն ու կարողությունը դրա հնարավորությունը տալիս են: Փաստորեն Ստեփանավանի հատուկ պահպանվող տարածքում մի քանի օրում բացատներ են առաջացել», իրենց «SOS» հայտարարության մեջ նշում է հասարակական կազմակերպությունը:

Առայժմ կատարվածը դատապարտում է միայն «Լոռե» էկոակումբը, քանի որ «պատկան մարմինները ոչ միայն համառորեն ոչինչ չեն ցանկանում նկատել, այլեւ տարբեր մեթոդներով փորձում են քողարկել կատարվածը»: «Լոռե» ակումբն, այնուամենայնիվ, փաստի վերաբերյալ դիմում է ներկայացրել Ստեփանավանի ոստիկանություն` հույս ունենալով, թե կհայտնաբերվեն ու կպատժվեն սպանդի մեղավորներն ու իրականացնողները:

Հիշեցնենք, որ անցած տարի Ստեփանավանի սոճուտներում իրականացված նույնօրինակ բարբարոսությունից եւ «Ազգ»-ում այդ մասին հրապարակումից հետո դատական հայցեր հարուցվեցին կատարվածին մասնակից մի քանի երկրորդական դերակատարների վերաբերյալ, իսկ խոշոր ձկները մնացին ազատության մեջ:

Եթե նախորդ տարի պատժվեին հանցագործության գլխավոր հեղինակներն ու հրահրողները, այս տարի գուցե նույնը չկրկնվեր:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4