Միայն կամավոր դոնորությունը կարող է երաշխավորել անվտանգ արյուն
Հիվանդանոցների մասնավորեցման հետ արյան մասնավոր բաժանմունքներ ու մասնավոր բանկեր եւս առաջացան: Եթե արյան վաճառքը խորհրդային տարիներին պետական մենաշնորհ էր, ապա շուկայի ներխուժման հետ մեզանում էլ արյունն առք ու վաճառքի առարկա դարձավ: Պետական պատկանելության արյան փոխներարկման կայաններ կան 5 մարզերումՙ Գյումրիում, Արմավիրում, Սյունիքում, Հրազդանում: 1 ամիս առաջ վերականգնվեց նաեւ Լոռու մարզի արյան փոխներարկման կայանը, որը կապահովի արտակարգ իրավիճակների համար պահեստավորված արյան եւ նրա բաղադրամասերի մատակարարումը տարածաշրջանի բնակչությանը: Մյուս մարզերում խնդիրն իրականացնում են մարզկենտրոնային խոշոր հիվանդանոցների համապատասխան բաժանմունքները: Անկախ արյան բաժանմունքների սեփականության ձեւից, կարեւորվում է դրանց վերահսկողության խնդիրը: Այս առաքելության պարտավորությունը արյունաբանական կենտրոնի վրա է, սակայն ըստ տնօրեն Սմբատ Դաղբաշյանի, իրենց գործերն անքան էլ հարթ չեն այս առումով: «Մասնավոր շատ ընկերություններ կան, որոնք ավելի մեծ տեխնիկական բազա ու հագեցածություն ունեն, քան պետական պատկանելության արյունաբանական կենտրոնը, եւ այդ իմաստով մեր կողմից դրանց վերահսկումը մի տեսակ անհեթեթ է դառնում: Երբեմն մենք ենք ամաչում մտնել որեւէ մասնավոր արյան բանկ եւ ստուգումներ անել, երբ մեր պայմանները շատ ավելի համեստ են նրանցից: Սակայն սա արագ լուծում պահանջող խնդիր է, քանի որ պետության մեջ արյան բոլոր ծառայությունները պետք է ղեկավարվեն նույն ստանդարտներով եւ մեթոդներով, եւ արյուն ստացող յուրաքանչյուր հիվանդ պետք է հավատա դրա որակին»:
Որպես առողջապահության, բուժսպասարկման որակի գնահատման կարեւոր չափանիշ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է նաեւ տվյալ երկրում փոխներարկվող արյան որակը: Բարձր որակի առաջին ցուցիչն արյան ինֆեկցիոն անվտանգությունն է: Շուրջ 3 տասնյակ ինֆեկցիաներ կան, որոնք կարող են փոխանցվել ներարկման միջոցով: Սակայն դրանք բոլորը դժվար է հետազոտել, համապատասխան հնարավորություններ չկան: Հայաստանում արյան մեջ հետազոտվում են միայն 5 ինֆեկցիաներՙ ԴԱՎ-ը, հեպատիտ C-ն եւ B-ն, սիֆիլիսն ու բրուցելոզը: Սակայն եթե դոնորը տվյալ հիվանդության գաղտնի շրջանում է, որը կարող է տեւել 3-6 ամիս, ապա նրա արյան մեջ դեռեւս հնարավոր չէ հայտնաբերել վիրուսը, եւ կարող է ներարկվել վարակված արյուն: Այս դեպքում վճարովի դոնորությունը միանգամայն իրական ռիսկեր է պարունակում: «Արյունաբանական կենտրոն» ՓԲ-ի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը նշում է, որ վճարովի դոնորները գերազանցապես անապահով խավի ներկայացուցիչներ են, որոնց մեջ ավելի հավանական են հատկապես սոցիալական բնույթի հիվանդությունները: Հայաստանում 1 միավոր արյան համար դոնորին վճարվում է 20-50 դոլար: Վտանգ կա, որ կարիքից դոնոր դարձած մարդը միշտ էլ հակված է թաքցնելու իր հիվանդությունները, ընդունած դեղորայքը եւ այլն: Մի տեղում մերժվելով նա կարող է դիմել այլ կլինիկա, մինչեւ կարողանա գումար վաստակել: Արյան ինֆեկցիոն անվտանգությունը կենտրոնացված կարգով ստուգվում է թիվ 1 կենտրոնում: Գործընթացը համակարգչայնացված է, եւ ցանկության դեպքում հնարավոր է հայտնաբերել մի տեղում մերժված եւ այլ տեղ իր արյունը վաճառքի ներկայացրած հիվանդ դոնորին:
«Դոնորությունը պիտի լինի կամավոր, որպեսզի ունենանք երաշխավորված արյուն», ասում է Սմբատ Դաղբաշյանը:
Աշխարհում ընդունված է հիմնականում կամավոր դոնորությունը: Հայաստանում կամավորները դոնորների ընդհանուր թվի ընդամենը 5-6 տոկոսն են կազմում, գերիշխում է դոնորության այլ տիպը` հարազատների արյունատվությունը, սա 80-85 տոկոս է կազմում: Մնացածը վճարովի դոնորներն են: Կենտրոնում արյունը հավաքագրում են գերմանական դեսպանատան օգնությամբ ձեռք բերված հատուկ կշեռք-ճոճանակների միջոցով, որոնք հստակ նշում են վերցվելիք արյան քանակը: Մյուս կլինիկաներում այդ ճոճանակները չկան, քանակը ճշտվում է մոտավոր, տեստի միջոցով, եւ սխալվելու վտանգը միշտ էլ կա: Իսկ դա նշանակում է, որ փոխներարկվող արյան որակն էլ երաշխավորված չի լինի, քանի որ նորմատիվ պահանջներով քանակի միանգամայն որոշակի սահման է նշվում: Արյան անվտանգության մյուս կարեւոր երաշխիքը ճիշտ սառեցումն է: Արյան բաղադրամասերը պահպանվում են որոշակի ջերմաստիճանում եւ որոշակի ռեժիմներով, որոնք տարբեր դեպքերում տարբեր են: Դրա համար հատուկ սառնարաններ են պետք, որոնք կենտրոնն առայժմ չունի:
Որպեսզի տվյալ երկիրը լուծի անվտանգ արյան խնդիրը, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր 1000 բնակչից 40-50-ը կամավոր դոնորության անդամագրվի: Հայաստանում այդ ցուցանիշը 1000 բնակչից կազմում է 3-4 մարդ: Բժշկական ինստիտուտի շատ ուսանողներ անդամագրվել են կամավոր դոնորության: Մարդիկ խիստ պասսիվ են եւ ակտիվանում են միայն արտակարգ պատահարների ժամանակ, ինչպիսիք էին երկրաշարժը, Բեսլանի դեպքերը: Վերջին դեպքում, ի դեպ, կամավոր արյուն հանձնեցին նաեւ բազմաթիվ լրագրողներ ու ուսուցիչներ:
«Արյան հավաքագրման նախաձեռնությունը բժիշկների կողմից չպիտի լինի, նրանց խնդիրը արյան որակի ստուգումն է: Աշխարհում արյան հավաքագրմամբ զբաղվում են նաեւ բարեգործական, եկեղեցական կազմակերպությունները Կարմիր խաչի միջոցով, մեզանում այդ կազմակերպությունների մտահոգությունից դուրս են այս խնդիրները: «Հասարակական տասնյակ կազմակերպություններ կան, որոնք բազմաթիվ անհասկանալի ծրագրեր են իրականացնում, սակայն այս լուրջ խնդիրը մնում է տեսադաշտից դուրս»:
Շաբաթվա ընթացքում արյունաբանական կենտրոն են գալիս միջին հաշվով 40 դոնորներ: Որեւէ աղետի դեպքում մենք կարո՞ղ ենք վստահ լինել, որ արյան պաշարների խնդիր չի լինի: «Եթե այդպիսի բան լինի, առաջին երկու օրվա ընթացքում այդ խնդիրը կանոնակարգելու հնարավորություն կա, իսկ հետո մեզ կօգնեն, ինչպես լինում է նման դեպքերում: Այդքան մեծ ծախսերի գնով մեծաքանակ արյան կուտակում աշխարհի ոչ մի երկրում չի կատարվում, մանավանդ որ արյան փոխներարկումը հյուսվածքի փոխպատվաստում է, եւ դրան պետք է շատ զգուշավոր վերաբերվել, ըստ կոնկրետ դեպքի ու ցուցումների», հավատացնում է կենտրոնի տնօրենը:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ