«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2005-07-29 | #141, 2005-07-30 | #143, 2005-08-16


ՀԱՇՎԱՌՎԱԾ 30 ՀԱԶԱՐ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՑ 1800-Ը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

Ինքնասպանության եւ հոգեգարության սահմանին

«Մենք շատ հզոր գեներ ունենք, ասում է Երեւանի Հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանը: Հայաստանում ինքնասպանությունների թիվը շատ ցածր է համեմատած այն ամենի հետ, ինչ վերջին տասնամյակում ապրեցինք` երկրաշարժ, պատերազմ, շրջափակում, սոցիալական ծանր վիճակ»:

Վիճակագրական տվյալներովՙ վերջին տարիներին հոգեկան հիվանդների թվի աճ չի արձանագրվել, չնայած այս մայիսին ինքնասպանությունների բումը տարակուսանքի մեջ գցեց նույնիսկ ամենալավատեսներին: Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվալներովՙ Հայաստանն աշխարհում վերջին տեղերից մեկն է գրավում ինքնասպանությունների հաճախականության առումով:

Մեզ մոտ ինքնասպանության փոխարեն մարդիկ «նախընտրում» են խելագարվել: Առկա է սահմանային պաթոլոգիաներով հիվանդների թվի աճ, որոնց պատճառը ստրեսներն են: Այդ մարդկանց թվի ավելացման կարեւոր պատճառներից մեկը, ըստ հոգեբույժի, նաեւ այն է, որ առաջներում հիվանդի շրջապատը` հարեւաններ, հարազատներ ու աշխատանքային միջավայր, ավելի ուշադիր ու հոգատար էր նրանց նկատմամբ, եւ նրանք, կոպիտ ասած, փողոց չէին ընկնում: Անկախության դժվարությունները բթացրին նաեւ մարդկանց զգացմունքները, դարձնելով պակաս մարդասեր ու անտարբեր: 30 հազար հաշվառված հոգեկան հիվանդներից 1800-ն այս պահին հանրության մեջ է:

Հոգեգարության սահմանին հայտնված շատերի հետ ամեն օր ենք առնչվում փողոցում, տրանսպորտում, հասարակական վայրերում: Թե որքանով է անվտանգ նրանց այս կարգի «ինտեգրումը» հասարակությանը, վիճարկելի հարց է:

Այս պահին հոգեբուժական հիվանդանոցում պառկած է 550 հիվանդ: Կիրառվում են բուժման նորագույն մեթոդներ ու դեղամիջոցներ, որոնք որոշ դեպքերում օգնում են հիվանդի լիարժեք վերադարձին: Սակայն այս վիճակում հայտնված մարդկանց առավել օգտակար կարող է լինել եկեղեցու օգնությունը: Հայ առաքելական եկեղեցին առայժմ պասսիվ է կենսական տարբեր հանգամանքների ճնշմանը չդիմացող եւ հոգեկան հավասարակշռությունը կորցնող մարդկանց նկատմամբ: Իսկ նրանց մեծամասնությունը բնազդաբար փրկություն է որոնում հանրապետությունը ողողած կրոնական տարբեր կազմակերպություններում: Սրանց քարոզիչները հնարավորինս ակտիվ ու նախանձախնդիր են այդ մարդկանց իրենց ցանցը գցելու հարցում: Նրանք քարոզում են փողոցներում, հասարակական վայրերում, թակում են մեր բնակարանների դռները: Եթե նախանձախնդրության իր տարբերակն ունենար նաեւ մայր եկեղեցին, հավանաբար անցած գարնանն արձանագրված ինքնասպանությունների աննախադեպ թիվը չէր լինի: Ոչ պաշտոնական տվյալներով այդ տխուր ցուցանիշը հասավ 3 տասնյակի: Ի դեպ, հասարակական կազմակերպություններից մեկի ուսումնասիրություններով, բոլոր ինքնասպանները չէին պատկանում որեւէ աղանդի:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4