«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2005-07-29 | #141, 2005-07-30 | #143, 2005-08-16


ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՄՇԱԿՎՈՒՄ» Է ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՆՅԱՐԴԵՐԻ ՀԱՇՎԻՆ

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Մի քանի շաբաթ առաջ, երբ Երեւանի քաղաքապետն իր ասուլիսում առաջին անգամ ակնարկեց միկրոավտոբուսների ուղեվարձի թանկացման մասին, պատասխանելով լրագրողի հարցին, թե որն է հիմնավորումը, ասաց. «Մեր նպատակն է, որ երեւանցիներն օգտվեն ավտոբուսներից: Դա ավելի քաղաքակիրթ մեթոդ է եւ միակ ճանապարհը, որպեսզի հետագայում տարեցտարի նվազեցնենք միկրոավտոբուսների քանակը: Եվ բացի այդ, ավտոբուսները ձեռք են բերվում բյուջեի հաշվին: Մենք պարտավոր ենք բոլոր ավտոբուսների համար ապահովել շահութաբեր աշխատանք, որպեսզի կարողանանք փակել դրանք ձեռք բերելու համար ծախսած վարկային միջոցները եւ ավտոբուսների շահագործման ծախսերը»: Քաղաքապետարանի մարկետինգային նոր «տրամաբանության» համաձայն, դա նշանակելու էր ուղեւորների հարկադիր տեղաշարժ դեպի առավել էժան ավտոբուսները: Այս նորությունը հերթական անգամ ապացուցեց, որ մարդն իբրեւ արժեք իր սոցիալական հոգսերով ու խնդիրներով ստորադասվում է «պետական» ու մասնավոր բիզնեսի շահերին, ավելին, օգտագործվում է իբրեւ դրանք բավարարելու գործիք: Բռնի տեղափոխման փորձարարությունը կատարվեց առանց մանրակրկիտ հաշվարկների ու վերլուծության, հընթացս: Սակայն սա այն դեպքերից չէր, որ պատառը հեշտությամբ պիտի կուլ գնար:

Երեկ փոխքաղաքապետ Կամո Արեյանը լրագրողներին բացատրում էր միկրոավտոբուսների ուղեվարձի թանկացման որոշման «հետողորմեա»-ի պատճառները: Օգոստոսի 8-ին արձակուրդում գտնվող քաղաքապետի այս որոշումն անմիջապես հաջորդ օրը կիրարկման մեջ դրվեց, եւ նրա կողմից չեղյալ հայտարարվեց նույնպես արձակուրդի ընթացքում, օգոստոսի 13-ին: Այդ կարճ ժամանակահատվածում դժգոհություններն ու բողոքներն այնքան շատ եղան, երթուղիներում տիրող նյարդային իրավիճակն ու լարվածությունն այնքան մեծ էին, եւ հնարավոր հետեւանքն էլ այնքան անկանխատեսելի, որ նույն հապշտապությամբ 130 դրամ փոխադրավարձը 100 դարձավ: Ըստ փոխքաղաքապետի, հարցին միջամտել ու մտահոգություն է հայտնել նաեւ հանրապետության նախագահը:

«Ազգի» հարցին, թե քաղաքապետն իրավական ի՞նչ լծակ ուներ նման որոշում ընդունելու, երբ միկրոավտոբուսների ուղեվարձերը որոշվում են մրցույթների ընթացքում, տնտեսվարող մասնավոր սուբյեկտների առաջարկներով, Կամո Արեյանը պատասխանեց. «Քաղաքապետի ամսի 8-ի որոշման հիմք են դարձել տնտեսվարող սուբյեկտների պարբերաբար արվող առաջարկները»: Այսօր 125 միկրոավտոբուսային երթուղիներ սպասարկում են 75 մասնավոր ընկերություններ: Այդ ընկերություններից 57-ը, փոխքաղաքապետի հավաստմամբ, հանդես են եկել ուղեվարձը 130-150 դրամ դարձնելու միասնական առաջարկով»:

Հիշենք, որ 2001 թվականի կառավարական որոշմամբ հաստատված կարգով, տնտեսվարող սուբյեկտը հայտի մրցութային փաթեթում ներկայացնում է նաեւ փոխադրավարձի իր առաջարկած չափը: Այսինքն, ուղեվարձի ձեւավորման շուկայական ներկա ճանապարհն այդ է: Քաղաքապետի առաքելությունը մնում է մրցույթով հաստատված ուղեվարձի ամրագրումը: Բայց ըստ պատեհության, պարզվում է, տնտեսվարող սուբյեկտները կարող են արտամրցութային նման առաջարկներով հանդես գալ, եւ նույնիսկ ստանալ քաղաքապետի որոշում-հավանությունը:

Իհարկե, իր հայտնի ասուլիսում քաղաքապետն այլ «փաստարկներ» էլ էր նշել: Երբ «Ազգը» փոխքաղաքապետին հիշեցրեց ուղեվարձի թանկացման նրա գլխավոր հիմնավորումը, թե նպատակը ավտոբուսների աշխատանքը շահութաբեր դարձնելն է, եւ հավանական է, որ տնտեսվարող սուբյեկտները հանդես գան թանկացման նման առաջարկով, Կամո Արեյանը խուսափողական պատասխան տվեց. «Քաղաքապետը նկատի է ունեցել երթուղային ցանցի այնպիսի կառուցվածքն ու սակագնային այնպիսի քաղաքականությունը, որ միաժամանակ կապահովի նաեւ ավտոբուսային շարժակազմի աշխատանքի էֆեկտիվությունը»:

Այս կարճաժամկետ փորձարարության ձախորդ վերջաբանը, փոխքաղաքապետի բացատրությամբ, այլ հիմնավորվածություն եւս ունի` դա իրենց կօգնի մշակելու երթուղային ցանցի կազմակերպման հայեցակարգ-ռազմավարություն եւ կայուն, հստակ սակագնային քաղաքականություն մետրոպոլիտենի, ավտոբուսների, միկրոավտոբուսների, տրոլեյբուսների համար»:

Այդ ռազմավարության մշակումից եւ մոտեցումները ճշգրտելուց հետո քաղաքապետարանը մտադիր է տրանսպորտային խնդիրների լուծման այլընտրանքային տարբերակներով հանդես գալ, որոնք սպառողին նման ցնցում չեն պարգեւի: Այդ անգամ, երեւի, նման «գիտափորձի» չեն դիմի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4