Ամերիկյան «Վենիթի ֆեր» հայտնի պարբերականն այս տարվա իր սեպտեմբերյան համարում, որն արդեն հրապարակի վրա է, հաղորդում է, որ մի թուրք դիվանագետ նշել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հաստերտին 500 հազար դոլար վճարելու մասին, որպեսզի 2000 թ. աշնանը վերջինս տապալեր Հայոց ցեղասպանության ճանաչման կոնգրեսական որոշումը:
Չիկագոյում հետազոտությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) հատուկ գործակալ Ջոել Ռոբերտսը խնդրել է ՀԴԲ-ի թուրքական բաժնի թարգմանիչ-մեկնաբան Սայբլ Էդմոնդսին վերանայել-ուսումնասիրել Չիկագոյում թուրքական հյուպատոսարանի «ավագ աշխատողներից» մեկի, ինչպես նաեւ Ամերիկա-թուրքական խորհրդի անդամների եւ Վաշինգտոնի Ամերիկա-թուրքական ասոցիացիաների համագումարի անդամների ավելի քան 40 ձայնագրված խոսակցությունները: Գաղտնալսումների թեման վերաբերում էր Կոնգրեսի դեմոկրատ եւ հանրապետական անդամներին կաշառելու ջանքերին, նաեւ, ըստ պարբերականի, մեծ քանակությամբ թմրադեղերի նավային փոխադրումներ եւ այլ հանցագործություններ կատարելու փորձերին: Այդ գաղտնալսումներում թուրք պաշտոնյաները հաճախ օգտագործել են «Դենի բոյ» (Դենի տղա) մականունըՙ ակնարկելու համար Ներկայացուցիչների պալատի խոսնակ, Իլինոյսից հանրապետական կոնգրեսական Դենիս Հաստերտին: Թուրքերը խոստացել են «տասնյակ հազարավոր դոլար ներդնել նրա նախընտրական արշավի հիմնադրամին, փոքր քանակություններով, քանի որ, ըստ ընտրությունների դաշնային կոմիտեի օրենքների, 200 դոլարից պակաս գումարները ենթակա չեն գրանցման հասարակական հաշվետվություններում: «Հաստերտի ձայնը երբեք չի լսվել այդ խոսակցություններում», գրում է «Վենիթի ֆերի» թղթակից Դեյվիդ Ռոուզը: Պարբերաթերթի հետաքննության արդյունքում պարզվել է, որ խոսնակի 1996-2002 թթ. դաշնային հաշվետվություններում մոտ 500 հազարի չգրանցված վճարումներ կան, որն իր չափերով երկրորդական է կոնգրեսմեններին երբեւէ առաջարկված նվիրատվությունների ցանկում: Ճիշտ է, անմիջական ապացույցներ դեռեւս չկան, նշել է պարբերաթերթը, սակայն «մի թուրք պաշտոնյա Չիկագոյի թուրքական հյուպատոսարանից իբր ասել է այդ գաղտնալսումներում, թե Հաստերտի կողմից ցեղասպանության բանաձեւի տապալումը կարժենա նվազագույնը 500 հազար դոլար»:
Կոնգրեսական լսումների ժամանակ Դեյվիդ Ռոուզն ասել է, որ «Գաղտնալսումներում հաճախակի ակնարկներ կան թուրքական կառավարության համար խիստ կարեւոր մի հարցիՙ 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության բանաձեւի տապալման գործում Հաստերտի մեքենայությունների վերաբերյալ: Տարիներ շարունակ մեծ ջանքեր էին գործադրվում, որ Ներկայացուցիչների պալատն ընդունի ցեղասպանության ճանաչման որոշումը, բայց մինչեւ 2000 թ. օգոստոսն արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չէին, մինչեւ Հաստերտը որպես խոսնակ հայտարարեց, որ ինքն անձամբ անելու է ամեն ինչ, որ բանաձեւը միաձայն ընդունվի: Նա, անշուշտ, հստակ քաղաքական պատճառ ուներ նման դիրքորոշման համար. Կալիֆոռնիայի հանրապետական թեկնածուն ընտրություններում շահելու համար կարիք ուներ հայկական հսկա համայնքի քվեներին: Հաստերտի ջանքերի շնորհիվ բանաձեւը, որին խստորեն դեմ էին թուրքերը, գրեթե միաձայն ընդունեց միջազգային հարաբերությունների կոմիտեն: Սակայն հոկտեմբերի 12-ին, երբ հարցը դրվելու էր Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի քվեարկությանը, Հաստերտը վերջին րոպեին հայտարարեց, որ օրակարգից հանվում է հարցը, որովհետեւ նախագահ Քլինթոնից նամակ է ստացել, որ նման բանաձեւի ընդունումը կհակասեր Ամերիկայի շահերին»:
Գաղտնալսված մեկ ուրիշ խոսակցությունում «թուրք պաշտոնյաներից մեկն ուղիղ կապի մեջ է մտել Մ. Նահանգների պետքարտուղարության պաշտոնյաներից մեկի հետ եւ, ըստ «Վենիթի ֆերի» լրատվության, առաջարկել, որ նշանակված ժամին մի ներկայացուցիչ ուղարկեն 14-րդ փողոցի հյուսիսարեւմտյան հատվածի թիվ 1111 հասցեում գտնվող Ամերիկա-թուրքական խորհրդի գրասենյակը, որպեսզի առձեռն ստանա 7000 դոլար»:
Կոնգրեսական աղբյուրների համաձայն, Էդմոնդսը վկայակոչել է, որ այդ գումարը հիմնականում եղել է վճար գաղտնի տեղեկությունների փոխանցման դիմաց: Մեկ ուրիշ հեռախոսային խոսակցության ժամանակ խոսք է գնացել զենքերի ձեռքբերման բանակցություններին մասնակցող Պենտագոնի ներկայացուցչին որոշակի գումար վճարելու մասին: Իսկ մի երրորդ խոսակցության ժամանակ քննարկվել է Մ. Նահանգների հետազոտական հիմնարկներում դոկտորական պաշտպանած թուրք ուսանողների տեղավորման հարցը: Նրանք այդ հիմնարկներում պետք է զբաղվեին միջուկային զենքի սեւշուկայական գների մասին տեղեկություններ հավաքելով: Էդմոնդսի հավաստմամբ, գաղտնալսված խոսակցությունները պարունակել են ոչ թե պետական լրտեսության, այլ հանցագործ գործունեության տարրեր: Խոսք է գնացել նաեւ թմրադեղերից ստացած եկամուտների լվացման եւ ռազմական տեխնիկայի վաճառքի մասին:
«Վենիթի ֆերը», սակայն, հիմնականում անդրադարձել էր Սայբլ Էդմոնդսի աշխատանքից հեռացման խնդրին սոսկ այն պատճառով, որ ՀԴԲ-ի իր վերադասներին այն մտավախությունն էր հայտնել, որ իր թուրք աշխատակիցներից մեկը գաղտնի տեղեկություններ է հաղորդում ՀԴԲ-ի կողմից հետաքննվող թուրք պաշտոնյաներին: Բուշի վարչակարգն արգելել է Էդմոնդսին խոսել որեւէ մեկի հետ իր գործի առնչությամբ եւ կամ դատական հայց հարուցել աշխատանքից իր վիճահարույց ազատման համար:
Հարց է առաջանումՙ ինչո՞ւ տարիներ շարունակ ՀԴԲ-ն պետք է գաղտնալսեր Չիկագոյում տեղակայված թուրքական հյուպատոսարանը կամ Ամերիկա-թուրքական խորհրդի ու Ամերիկա-թուրքական ասոցիացիաների համագումարի գրասենյակները: Ի՞նչ կասկածներ պետք է ունենար ՀՖԲ-ն, որ հետեւողական հսկողություն սահմաներ այդ ոչ շահութաբեր խմբավորումների վրա:
Զարմանալի է նաեւ, որ Պենտագոնում եւ պետքարտուղարությունում աշխատող պաշտոնյաներն առձեռն գումարներ են ստացել թուրքական աղբյուրներից: Կարելի է մտածել, որ թուրքական մի հզոր ցանց ներթափանցել է Մ. Նահանգների ամենաբարձր էշելոնները:
Իսկ այն փաստը, որ տկն Էդմոնդսին արգելել են խոսել որեւէ մեկի հետ կամ հայց հարուցել դատարանում, կարող է հետապնդել երկու նպատակ: Կամ Մ. Նահանգների կառավարությունը մտադիր է դատական պատասխանատվության կանչել թուրքական այդ կառույցներին եւ չի ցանկանում, որ Էդմոնդսն իր արարքներով խանգարի այդ գործընթացին, կամ էլ Վաշինգտոնը փորձում է ծածկել այդ կառույցների անօրինական արարքներըՙ դրանով իսկ պաշտպանելով Բուշի վարչակարգի բարձր էշելոններում գործող դավադիրների հեղինակությունը:
Հուսով ենք, մոտ ապագայում պարզ կդառնա ամեն ինչ:
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր»