«Ազգը» բազմիցս է անդրադարձել «Նյու Յորք լայֆ ինշուրանս» ամերիկա-ֆրանսիական ապահովագրական ընկերությունից ավանդները հետ ստանալու գործընթացին: Ինչպես հայտնել էինք, 2004 թ. սեպտեմբերի 27-ին արդարադատության նախարարությունում ստեղծվել էր անվճար խորհրդատվական հանձնաժողով, որն օգնում էր հայցվորներին փաստաթղթերի ձեւակերպման հարցում` հետագայում դրանք ԱՄՆ-ի համաձայնագրի հիմնադրամի խորհրդին ուղարկելու համար: Դիմումների ժամկետը փետրվարի 28-ն էր, որի արդյունքում հավաքված 1211 դիմումները (որից միայն 13 հոգին էր ներկայացրել պոլիսը` ապահովագրական վկայականը ) 2 փուլով ուղարկվել էին ԱՄՆ-ի համաձայնագրի հիմնադրամի խորհրդին:
Դիմումներն ուղարկելուց արդեն անցել է 6 ամիս: Մենք փորձեցինք արդարադատության նախարարությունից ճշտել` կա՞ արդյոք որեւէ նորություն ավանդների իրավահաջորդների կամ ժառանգների դիմումներից: Նախարարության խոսնակ Արա Սաղաթելյանը հայտնեց, որ առայժմ որեւէ նորություն չկա, եւ ինչ որ իրենք կարող էին անել, արել են: Պրն Սաղաթելյանը նշեց, որ նախարարության լիազորությունները քաղաքացիների իրազեկման, դիմումների հավաքման եւ ուղարկման շրջանակներում էր (ի դեպ, խոսնակը նշեց, որ այս մասին ասվել էր ի սկզբանե), իսկ մյուս գործընթացները կախված են Մ. Նահանգների դատարանի որոշումներից: «Իսկ մենք որեւէ ազդեցություն չունենք Ամերիկայում ընթացող գործընթացների վրա», ավելացրեց նախարարության մամլո խոսնակը: Վերջում պրն Սաղաթելյանը խոստացավ, որ որեւէ նորություն լինելու դեպքում իրենք անպայման կտեղեկացնեն:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ