«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2005-08-17 | #145, 2005-08-18 | #146, 2005-08-19


«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ԱՅՈ» ՉԻ ԱՍԻ

Իր դիրքորոշումը նա կարտահայտի օգոստոսի 29-ին, արտահերթ նստաշրջանի ուղիղ հեռարձակման ընթացքում

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Մեկ ամիս է անցել «Արդարություն» դաշինքի իշխանություններին ուղղված հայտարարությունից, եւ վերջիններս որեւէ կերպ չեն արձագանքել նրան: Հիշեցնենք, որ հայտարարության մեջ, վերլուծելով հուլիսի 7-ին Վենետիկի հանձնաժողովին ուղարկված սահմանադրական փոփոխությունների նոր տեքստը, դաշինքը դրա հետագա քննարկումներին մասնակցության նախապայման հայտարարեց իշխանությունների բաժանման եւ հավասարակշռության, դատական իշխանության անկախության, տեղական ինքնակառավարման ոլորտների վերաբերյալ իր առաջարկած սկզբունքների ընդունումը:

Իշխանությունների եւ ընդդիմության քաղաքական համաձայնության գալու Վենետիկի կոչը, այսպիսով, մնաց օդում, խորհրդարանական ընդդիմությանը եւս դնելով երկդիմի վիճակում: Չնայած իշխանությունների անհաղորդությանը, «Արդարություն» խմբակցությունը երեկվա իր նիստում որոշեց, այնուամենայնիվ, մասնակցել օգոստոսի 29-ի արտահերթ նստաշրջանին, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվելու է սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

«Հանրապետություն» կուսակցությունը հաստատապես որոշել է «ոչ» ասել սահմանադրությանը: Անհաշտ չի նայում դաշինքի մյուս հատվածների` նստաշրջանին մասնակցելու վերաբերյալ որոշմանը: Արամ Զավենի Սարգսյանը նույնիսկ ասաց, որ «ողջունում է օգոստոսի 29-ին եթերով ուղիղ հեռարձակմամբ իրենց դիրքորոշումը հայտնելու գործընկերների որոշումը»` «ոչ» ասել սահմանադրությանը:

«Հանրապետությունը» չի մասնակցի նաեւ օգոստոսի 29-ի արտահերթ նստաշրջանին: Դա արտառոց չէ, որովհետեւ առանց այդ էլ «Հանրապետությունը» չէր մասնակցում խորհրդարանի աշխատանքներին, եթե բացառենք Բազեյանի մեկ-մեկ ներկայությունն այնտեղ:

Նիստից հետո «Արդարության» անունից Վիկտոր Դալլաքյանն ու Շավարշ Քոչարյանը հայտնեցին.

Վ. Դալլաքյան. «Բովանդակային իմաստով մեր առաջարկները թերի են կատարվել, իսկ վստահության մթնոլորտի ստեղծման վերաբերյալ ընդհանրապես ոչինչ չի ձեռնարկվել: Եվ այս պարագայում դաշինքը որեւէ հիմք չի տեսնում սահմանադրական բարեփոխումների ներկայացված տարբերակին «այո» ասելու»: «Արդարություն» խմբակցության քարտուղարն, այնուամենայնիվ, հույս հայտնեց, որ մինչ արտահերթ նստաշրջանը ժամանակ կա, եւ իշխանությունները դեռ կարող են «գնդակը հակառակ դաշտ ուղղել»: Ընդդիմադիրները կարեւորում են հատկապես կառավարության ձեւավորման սկզբունքի սրբագրումները: «Այն տարբերակը, ինչ այսօր առկա է սահմանադրության նախագծում, ընդամենը նախագահի ձեռքին «մահակ է» ԱԺ-ի գլխին»:

Շավարշ Քոչարյան. «Արդարության» վերջին հայտարարության մեջ ընդգծվում էր, որ չափազանց կարեւոր է երկրում վստահության մթնոլորտի առկայությունը, որովհետեւ մենք համոզված ենք, որ առկա պայմաններում ժողովուրդը չի գնալու հանրաքվեի, առավել եւս, իշխանությունների կոչով չի գնա եւ «այո» ասի սահմանադրությանը: Պետք էր որոշակի առարկայական քայլեր կատարել այդ մթնոլորտը ձեւավորելու ուղղությամբ: Մենք այսօր ոչ մասնակցության, ոչ էլ ժողովրդին քարոզելու, թե գնացեք «այո» ասեք սահմանադրությանը, որեւէ նախադրյալ չենք տեսնում»:

Ինչ վերաբերում է սահմանադրական հանրաքվեն վստահության հանրաքվեի վերածելու ընդդիմության բազմիցս արտահայտած ցանկությանը, այդ մասին որեւէ քննարկում չի եղել երեկվա նիստում: Ըստ ԱԺԿ նախագահիՙ «եթե մթնոլորտը հասունացել է իշխանափոխության համար, պարտադիր չէ իբրեւ առիթ օգտագործել սահմանադրական հանրաքվեն: Իշխանություններն ամեն ինչ անում են, որ երկրում վերջիվերջո հասունանա այդ հեղափոխական մթնոլորտը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4