«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2005-08-18 | #146, 2005-08-19 | #147, 2005-08-20


ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՙ ՄԻ ԿԱՐԵՎՈՐ ՃՇՏՈՒՄՈՎ

ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ռուբեն Սեւակի «Հայաստան»-ը հայ բանաստեղծության բացառիկ էջերից մեկն է, ընտիր ստեղծագործություն, խոր եւ հատու, որի մեջ բանաստեղծական խոսքը հասցված է կատարյալ սեղմության եւ բացարձակ, նույնքան կատարյալ արտահայտչականության: Տասնյակ ու տասնյակ անգամներ տպագրված այդ բանաստեղծությունը մեզ հայտնի է հետեւյալ տեսքով եւ հետեւյալ կետադրությամբ (չմոռանանք, որ բանաստեղծության մեջ որոշակի սկզբունքով կիրարկված կետադրությունը իմաստային ու խորքային նրբերանգներ է հաղորդում ստեղծագործությանը).

Հայաստան

Ո՞վ կու լա այսպես խշտյակիս շեմքին.

- Քո՛ւյր, ղարիպն է, բա՛ց:

Կմա՞խք մը կ՛անցնի դուրսեն լալագին.

- Սովն է, դուռըդ բա՛ց:

Տապա՞րն է ջախջախ դրանըս կուրծքին.

- Ջարդն է, դուռըդ բա՛ց:

Բանաստեղծությունը բերում եմ ըստ հայաստանյան վերջին ամբողջական հրատարակությանՙ Ռուբեն Սեւակ, Երկեր երկու հատորով, հատոր առաջին, Երեւան, «Լույս», 1995, էջ 145 (կազմեց եւ ծանոթագրեց Ալեքսանդր Թոփչյան): Բանաստեղծությունը գրեթե նույնությամբ (շեշտ է կրում միայն «քույր» բառը) տպագրված է Ռուբեն Սեւակի «Երկեր»-ի Անթիլիասի վերջին հրատարակության մեջ (Ռուբեն Սեւակ, Երկեր, Անթիլիաս, 1986, հրատարակություն Խ. Գաբիկյան հիմնադրամի, թիվ 2, էջ 177): Այս հրատարակությունը նույնությամբ կրկնվել է 1997 թվականին Հայաստանում, Մայր աթոռ Ս. Էջմիածնի հրատարակությամբ:

Անթիլիասի հրատարակության կազմող եւ ծանոթագրողը (Խ. Տետեյան) բերում է այս բանաստեղծությանՙ իրեն հայտնի բոլոր հրատարակություններըՙ առաջինից մինչեւ «տասնչորրորդ»: Առաջին հրատարակության մասին գրում է հետեւյալը. «Առաջին անգամ լոյս կը տեսնէ Ա. Չօպանեանի խմբագրած կիս.[ամսեայ] հանդէսի 1919 թ.[ուական]ի թիւ 1-2-ին մէջ, էջ 6»: Նույն բանն է ասում եւ երեւանյան ծանոթագրողը. «Առաջին անգամ տպագրվել է Արշակ Չոպանյանի խմբագրությամբ լույս տեսնող «Վերածնունդ» ամսագրում (1919 թ. թիվ 1-2)»:

Այստեղ հարկ է հիշել, որ «Վերածնունդ»-ի հրապարակման ներքո Խ. Տետեյանի մատնանշած «էջ 6»-ում (բանաստեղծությունը տպագրված է երկսյուն էջի աջ կողմում, վարը) որեւէ թվական չկա, ստորագրությունը կրկնակի էՙ Ռ. Սեւակ, փակագծերի մեջՙ «Ռ. Չիլինկիրեան»: Հրապարակումը ուղեկցվում է խմբագրության մի քանի տողով, որ սկսվում է այսպես. «Խորին շնորհակալութեամբ կը հրատարակենք Ռ. Սեւակի այս փոքրիկ անտիպ քերթուածը, որ բանաստեղծ Աւ. Իսահակեանը «Վերածնունդ»ին համար ղրկած է»:

Եղելությունը այս է: 1918 թվականի դեկտեմբերի 13-ին Ժնեւում գտնվող Ավետիք Իսահակյանը նամակ է գրում Արշակ Չոպանյանին եւ նամակի հետ ուղարկում է Ռուբեն Սեւակի այս բանաստեղծությունը.

«Սիրելի բարեկամ Ար. Չոպանյան

Այս նամակիս հետ ուղարկում եմ մի ոտանավոր, որ 1913 թ. Լոզանում մեր եղերաբախտ բանաստեղծ Ռուբեն Չիլինկիրյան-Սեւակն գրեց իմ ծոցատետրիս մեջ, այդ ծոցատետրս միայն վերջերս հնարավոր եղավ ստանալու (մոտս չէր ուրիշ ձեռագրներիս հետ), ուստի եւ պարտք եմ համարում տպագրության հանձնելու, միգուցե չկորի այս գեղեցիկ բանաստեղծությունը:

Որքան հիշում եմՙ ո՛չ մի տեղ չի տպված դա»:

Անթիլիասի հրատարակության կազմողը գրքում բանաստեղծության ներքո դրել է թվականՙ «1909», իսկ ծանոթագրության մեջ գրում է հետեւյալը. «Մեր ժողովածուին մէջ տրուած թուականըՙ 1909ն է, ըստ «Վերածնունդ»ի նշած թուականին: Ըստ վկայութեան ա՛յդ պէտք է ըլլայ 1913: Կը կարծենք երկրորդն է ճիշդը» (կետադրությունը ծանոթագրողինն է - Յու. Խ.):

Բայց, հիշեցեք, արդեն ասել եմ, որ «Վերածնունդ»-ի հրապարակման մեջ տարեթիվ չկա, այնպես որ «ըստ «Վերածնունդ»ի նշուած թուականին» արտահայտությունը, մեղմ ասած, ճիշտ չէ, հարգարժան Խ. Տետեյանը սխալվում է:

Երեւանյան իմ հիշած հրատարակության ծանոթագրողը ճիշտ է դատում` կռահելով եւ մատնանշելով Խ. Տետեյանի սխալը: Ուշադրության պետք է առնենք այն բանը, որ «Վերածնունդ»ի հրապարակման մեջ թվական չկա դրված, այսինքնՙ եթե Ավետիք Իսահակյանի ծոցատետրում թվական լիներ, ապա դա կլիներ նաեւ «Վերածնունդ»-ի հրապարակման մեջ: Անկարելի է պատկերացնել, որ Ավետիք Իսահակյանը բանաստեղծությունը կուղարկեր առանց գրության թվականի:

Սխալը ուրիշ տեղից է սկիզբ առնում, եւ «մեղավորը» Իսահակյանի նամակիՙ բերված հատվածի վերջին տողն էՙ «Որքան հիշում եմՙ ո՛չ մի տեղ չի տպված դա»: «Ոչ մի տեղ»-ի «ո՛չ»-ն էլՙ շեշտված:

Իրողությունն այն է, որ Ռուբեն Սեւակի «Հայաստան» բանաստեղծությունը առաջին անգամ տպագրվել է «Սասուն» «գրական, բանասիրական, մանկավարժական եւ քաղաքական» պատկերազարդ ամսաթերթում (տնօրեն-խմբագիր Տիգրան Սիւրմէյան, Կ. Պոլիս) 1909 թվականի մայիսին (թիվ 3), հետեւյալ տեսքով եւ հետեւյալ կետադրությամբ.

Հայաստան

Ո՞վ կուլայ այսպէս խշտեակիս շեմքին:

- Քո՜յր, ղարի՜պն է, բաց...:

Կմախքնե՞ր կ՛անցնին դուրսէն լալագին:

- Սո՜վն է, դուռըդ բա՜ց...:

Տապա՞րն է ջախջախ դրանըս կուրծքին:

- Ջա՜րդն է, դուռըդ բաց...:

Ալ. Թոփչյանը ճիշտ է կռահել գրության ժամանակը, այն մոտեցնելով «Կիլիկյան երգեր»-ի գրության ժամանակինՙ 1909 թ. հուլիս: Եվ այնուամենայնիվ, իր կազմած գրքում «Հայաստան»-ը դրված է «Կիլիկյան երգեր»-ից հետո: Նույնն է նաեւ Անթիլիասի հրատարակության մեջ, Երեւանում 1985-ին հրատարակված «Երկեր»-ի մեջ եւ այլն:

Պետք է այլեւս կարծել, որ բանաստեղծությունը գրված է Ադանայի կոտորածի (1909 թ. ապրիլի 1-4 եւ 12-14) անմիջական տպավորությամբ եւ ուղարկված «Սասուն» ամսաթերթին: Ինչպես վկայում են «Ո՜վ իմ հայրենիքս (Կիլիկիոյ արիւնի՜ն)» եւ «Ողջակէզ» բանաստեղծությունների գրության թվականները (առաջինըՙ «Լոզան, 4 մայիս 1909»), երկրորդըՙ «Լոզան, 27 մայիս, 1909»), 1909 թվականի մայիս ամսին բանաստեղծը գտնում էր Լոզանում: «Սասուն» հանդեսի 3-րդ համարը լույս է տեսել մայիս ամսին: Ուրեմն, «Հայաստան» բանաստեղծության գրության թվականը, կարծում եմ, այլեւս որոշ է:

Բայց պակաս կարեւոր չէ բանաստեղծության երրորդ տողի խնդիրը: Մենք դա գիտեինք այսպեսՙ «Կմա՞խք մը կ՛անցնի դուրսէն լալագին»: Մտածելու բան էՙ մի՞ կմախք կանցնի: Եվ եթե դա սովի կերպարն է, ապա ինչո՞ւ է ահարկու եւ սարսափելի սովը լալագին: Առաջին տպագրության մեջ բառը հոգնակի էՙ «Կմախքնե՞ր կ՛անցնին դուրսէն լալագին»: «Կմախքներ»-ը սովյալների բազմությո՞ւնն է, ամբողջ ժողովու՞րդն է...« Կմախքներ կ՛անցնին դուրսէն լալագին» տողը շատ ավելի զորեղ է, եւ բանաստեղծության իմաստային խորքը բոլորովին այլ երանգավորում է ստանում: Ո՞րն է ավելի ճիշտ, ինչպե՞ս է առաջացել այս տարընթերցումը: Երկու բացատրություն կարող է լինել:

Առաջին. հնարավոր է, որ Ավետիք Իսահակյանի ծոցատետրում ի վերջո արագագիր բժիշկ Ռուբեն Սեւակը, որի ձեռագիրը շատ էլ, այսպես ասենք, գեղագրական չէ, այնպես գրած լինի «կմախքներ» բառը, որ կարդացվի «կմախք մը»: Ես բնագիրը չեմ տեսել, չգիտեմ որտեղ է Ավետիք Իսահակյանի ծոցատետրի այդ էջը, ուստի չեմ կարող պնդել սա: Հնարավոր է, որ Ավետիք Իսահակյանը ոչ թե Ռուբեն Սեւակի ինքնագիրն է ուղարկել Արշակ Չոպանյանին, այլ իր ձեռքով արտագրածը: Այլապես ինչպես բացատրել, որ «Վերածնունդ» հանդեսում բանաստեղծության երկրորդ տողում «ղարիբ» բառը գրված է «բ«-ով եւ հինգերորդ տողում «դռանըս» բառը գրված է «ռ»-ով, ինչպես արեւելահայերը կգրեին եւ ոչ թե «ղարիպ» եւ «դրանըս»ՙ ինչպես արեւմտահայը կգրեր:

Երկրորդ բացատրությունը այն է, որ Ավետիք Իսահակյանի ծոցատետրում այս բանաստեղծությունը իբրեւ հիշատակի տողեր գրի առած Ռուբեն Սեւակը պահի մեջ փոխած լինի բանաստեղծության երրորդ տողը: Մանավանդ որ բանաստեղծության բառն ու պատկերը առօրյա, պարզ տրամաբանության չեն ենթարկվում:

Այնուամենայնիվ, «Սասուն» ամսաթերթի հրապարակումը առաջին տպագրությունն է, հեղինակային հրապարակում, եւ մեր բանասիրությունը ետայսու պետք է որ հաշվի առնի այդ հանգամանքը:

Եվ վերջապես, պետք է ուշադրություն դարձնենք նաեւ բանաստեղծության կետադրությանը: Երկրորդ («Քո՜յր...»), չորրորդ («Սո՜վն է...») եւ վեցերորդ («Ջա՜րդն է...») տողերի առաջին բառերի վրա դրված երկարացման (բացականչության) նշանները ի՜նչ չարագուշակ երանգ են տալիս խոսքին, աղետի, արհավիրքի, կործանումի ի՜նչ գույժ են բերում ու ի՜նչ բոթաբեր զանգահարություն են դարձնում այդ կարճ տողերը...

Տեղը չէ բանաստեղծության տեքստի ու կետադրության մանրամասն վերլուծության, բայց տեղն է ասելու, որ մենք առավել ուշադիր եւ հարգալից պետք է լինենք մեր գրականության ընտիր բնագրերի հրատարակման գործում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4