1955 թ. հուլիսի 20-ին Լիսաբոնում վախճանվեց երեւելի գործարար, հմուտ դիվանագետ, Մերձավոր Արեւելքի նավթարդյունաբերության առաջամարտիկ, ազգային բարերար եւ մեծ արվեստասեր Գալուստ Գյուլբենկյանը: Բացի բարեգործությունից, նա զբաղվել է արվեստի գործերի հավաքորդությամբՙ քաջ գիտակցելով դրանց հասարակական կարեւորությունը: Գյուլբենկյանի հավաքածուի վերաբերյալ Փարիզի «Աշխարհ» թերթից առնված հրապարակումը ֆրանսերենից թարգմանաբար ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:
Որպես գործարար եւ բարերար, Գյուլբենկյանը բավականաչափ հայտնի է: Բայց մենք կանդրադառնանք նրա արվեստասիրական եւ հավաքորդական գործունեությանը:
Շատ վաղ նա իրեն դրսեւորեց որպես անզուգական հավաքորդ: Անեղծ գեղեցկության հանդեպ նրա կիրքը պատճառ դարձավ, որ 14 տարեկանում սկսի զբաղվել դրամագիտությամբ: Երբ հայրը նրան 50 պիաստր տվեց, նա ամբողջ գումարը ծախսեց շուկայումՙ դնելով իր ապագա նշանավոր հավաքածուի հիմքը:
Հետագայում իր ճանապահորդությունների, երբեմն էլ լավագույն փորձագետների եւ մասնագետ առեւտրականների հետ երկարատեւ ու դժվար բանակցությունների շնորհիվ նա կազմեց աշխարհի եզակի հավաքածուներից մեկը, որն այսօր ընդգրկում է ավելի քան 6800 բնօրինակ մետաղադրամ: Գյուլբենկյանի փեսա Գեւորգ Եսայանը նշում է նրա խիստ առանձնահատուկ մոտեցումը. «Պարոն Գյուլբենկյանը նախընտրում էր գաղտնի գործարքները, որոնք իրականացնում էր վստահելի, երբեմն շատ համեստ գործակալների շնորհիվ»: Վերջին հաշվով նա վստահում էր սեփական ներըմբռնողականությանը, որը չէր խաբում, եթե նկատի ունենանք կուտակված գանձերը: Յուրօրինակ եւ բարձրակարգ իրերը գրավում էին խորագիտակ հավաքորդին: «Միայն լավագույնն է բավականաչափ լավ ինձ համար»ՙ սա էր Գյուլբենկյանի կարգախոսը:
Կուտակված նմուշներն այնքան են բազմանում, որ այլեւս չեն տեղավորվում նրա կացարաններում: Նոր ցուցադրավայրի հարցը դառնում է հրատապ: 1920-ական թթ. սկզբներին նա Փարիզի Իենա պողոտայում մասնավոր շենք է գնումՙ դարձնելով իր հիմնական նստավայրը:
Տարիների ընթացքում հավաքածուն շարունակում է համալրվել: Ապահովության նկատառումներով մի մասը տարվում է Լոնդոն: 1936 թ. եգիպտական արվեստի հավաքածուն վստահվում է Բրիտանական թանգարանին, իսկ լավագույն կտավներըՙ Լոնդոնի ազգային պատկերասրահին: 1948 թ. եւ 1950 թ. նույն նմուշները տեղափոխվում են Վաշինգտոնի արվեստի ազգային պատկերասրահ, իսկ մի քանի տարի անց վերադարձվում են Պորտուգալիա, քանզի 1942 թ. թվականից Լիսաբոնում հաստատված Գյուլբենկյանը երազում էր մեկտեղել բոլոր այդ սփռված գործերը:
Թանգարանի գաղափարը նյութականանում է: Ֆրանսիայի կառավարության թույլտվությամբ փարիզյան հավաքածուի տեղափոխությունից հետո Լիսաբոնում թանգարան է բացվում 1969 թ. հոկտեմբերի 2-ինՙ Գալուստ Գյուլբենկյանի մահից 14 տարի անց, որի կտակի համաձայն ստեղծվել էր հիմնադրամ: Իրականացված երազանքը հավերժացրեց դրա նշանավոր հիմնադրի հիշատակըՙ ստեղծելով աշխարհի լավագույն հավաքածուներից մեկը:
Այնտեղ կարելի է գտնել հին Եգիպտոսի ժամանակաշրջանի հրաշալի նմուշներ, թրծակավե արձանիկներ եւ սափորներ, կավե գավաթներ, Ամենհամաթ Գ փարավոնի օբսիդիանե գլխիկ: Ինչ վերաբերում է նրա մետաղադրամներին եւ հունական մեդալներին, դրանք կազմում են աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը: Կարելի է տեսնել նաեւ Եգիպտոսում հայտնաբերված հռոմեական մեդալիոններ: Միջագետքի արվեստի նմուշներից կա ասորեստանյան կավե մի մեծ հարթաքանդակ (Ք. ա. 9-րդ դար):
Նմուշները վկայում են, որ Գյուլբենկյանը որոշակիորեն նախընտրում էր Մերձավոր ու Միջին Արեւելքի արվեստը եւ կապված էր իր հայկական արմատներին: Կարելի է տեսնել գորգերի, մետաքսեղենի, դիպակների, պատկերազարդ մատյանների, գրքերի կազմերի մի հրաշալի հավաքածու, որտեղ կան Կովկասի, Պարսկաստանի, Թուրքիայի, Սիրիայի արվեստի նմուշներ: Հրաշալի են մասնավորապես Իզնիկի եւ Քյութահիայի խեցեղենը, հայ վարպետների եւ արհեստավորների գործերը:
Բուն հայկական մասը ներկայացված է Կոստանդնուպոլսում, Պարսկաստանում եւ Ղրիմում 16-րդ դարում ստեղծված մի քանի ձեռագիր մատյաններով, գորգերով եւ ոսկերչական իրերով: Այդ հավաքածուն համեմատաբար փոքր է, քանզի հայկական արվեստի գործերի մեծ մասը կտակված է Երուսաղեմի հայկական պատրիարքությանը:
Հեռավոր Արեւելքը ներկայացնում են 13-րդ դարի չինական ճենապակու մի մեծ հավաքածու եւ ճապոնական փորագրանկարներ: Հին գրքերի սիրահար Գյուլբենկյանը մեզ թողել է ինչպես արեւելյան (պատկերազարդ ձեռագիր մատյաններ), այնպես էլ արեւմտյան արվեստի հազվագյուտ նմուշներ: Վերածննդի դարաշրջանի եւ 17-րդ դարի արվեստը ներկայացված է Ֆլանդրիայի ու Իտալիայի գորգագործական արտադրանքով: Կան 18-րդ դարի ֆրանսիական կահույքի նմուշներ, ինչպես նաեւ պատի ժամացույցներ, արծաթեղեն եւ ամանեղեն: Հատուկ տարածք է հատկացված 18-րդ դարի ֆրանսիական ոսկերչությանը: Նկարների հավաքածուն ընդգրկում է պրիմիտիվիստներից մինչեւ իմպրեսիոնիստներըՙ ներառելով գերմանական, ֆլամանդական, ֆրանսիական, հոլանդական, անգլիական եւ իտալական դպրոցների խոշորագույն վարպետների գործերը: Նշենք մի քանիսի անունները. Դյուրեր, Վան Դեյկ, Ռեմբրանդտ, Ռուբենս, Գեյնսբորո, Թարներ, Վատտո, Կորո, Ֆրագոնար, Միլլե, Ֆանտեն-Լատուր, Մանե, Դեգա, Ռենուար, Մոնե, Կարպաչիո, Գուարդի եւ քանդակագործներ Կարպո, Հուդոն, Ռոդեն:
Ավարտենք աշխարհում եզակի համարվող մի հավաքածուով: Այն ընդգրկում է ֆրանսիական Նոր արվեստի ներկայացուցիչ Ռընե Լալիկի գործերը, որի հետ Գալուստ Գյուլբենկյանը կապված էր բարեկամական սերտ կապերով: Այդ գործերի երազային աշխարհը բնության եւ կենդանական աշխարհի անչափ բանաստեղծական եւ զգայական արտահայտությունն է: Հրաշալի զարդերի տեսքով միջատները, ձկները, թռչունները, բույսերը, ծաղիկները եւ մերկ կանայք կենդանանում են, մասնակցում հեքիաթային բնանկարին:
Գյուլբենկյան թանգարանի շենքում կա նաեւ արվեստի պատմության մեջ մասնագիտացած գրադարան: Վերջինս ստեղծվել է Գալուստ Գյուլբենկյանի անձնական գրադարանի հիման վրա, որը պարունակում էր արվեստի գրքերի մի հարուստ հավաքածու եւ ներկայումս արդեն բաղկացած է շուրջ 170 հազար հատորից:
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ