Այսօր առավոտյան ժամը 9-ին Հանրապետության հրապարակից կմեկնարկի բարեգործական հեծանվավազքը, որի ընթացքում ԱՄՆ-ում հանգանակվելիք գումարը կուղղվի Հայաստանի մարզերում գյուղատնտեսության զարգացմանը: Այդ յուրօրինակ հեծանվավազքի կազմակերպիչը «Հայկական տեխնոլոգիական միությունն» էՙ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցելով: Մեկնարկի դուրս կգան ԱՄՆ-ից ժամանած սիրողական հինգ հեծանվորդներՙ «Հայկական տեխնոլոգիական միության» գործադիր տնօրեն Վարուժան Տեր-Սիմոնյանը, հեծանվասպորտի մեծ սիրահար, վերոնշյալ միության անդամ Վաչե Սողոմոնյանը, Ջակ (Հակոբ) Մարկոսյանը, Գարի (Արշակ) Մալեյզյանը եւ Պարգեւ Քալջյանը: Նրանք մեկ շաբաթում կանցնեն Երեւան-Եղեգնաձոր-Գորիս-Կապան-Մեղրի-Շուշի-Ստեփանակերտ-Խրամորթ-Սիսիան-Մարտունի-Սեւան-Աշտարակ-Բյուրական-Էջմիածին-Երեւան երթուղով:
ԱՄՆ-ում սովորաբար ընդունված է բարեգործական նպատակներով մարզական տարբեր միջոցառումների կազմակերպումը: Հեծանվավազքի մասնակիցներն ուրախ կլինեն, եթե բարեգործական այս միջոցառմանը մասնակից դառնան նաեւ Հայաստանի բնակիչները: Նման բարեգործական հեծանվավազք «Հայկական տեխնոլոգիական միությունը» Հայաստանում 3-րդ անգամ է կազմակերպում: Առաջին անգամ Վաչե Սողոմոնյանն իր համակիրների հետ Երեւան-Ստեփանակերտ-Երեւան հեծանվավազքին մասնակցեց 1999 թ.: Այդ միջոցառման արդյունքում հանգանակած գումարով Ղարաբաղում 1,5 հա խաղողի տնկարան հիմնվեց (այժմ այն 15 հա է կազմում), վերականգնվեց Խրամորթ գյուղը: Անցյալ տարի անցկացրած բարեգործական հեծանվավազքի ընթացքում հանգանակած գումարներով գնվել են 3,5-4 տոննա տարողությամբ կաթի սառեցման չորս սարքավորումներ, որոնք արդեն Հայաստանում են եւ շուտով կտեղադրվեն Արմավիրի, Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերում: Այդ սարքավորումներից ավելի քան 3600 ընտանիքներ կօգտվեն:
Այսօր մեկնարկած հեծանվավազքը նպատակ ունի գումարներ հանգանակել հանրապետությունում անասնաբուժական ախտորոշիչ կենտրոնական լաբորատորիայի ստեղծման համար: Այն հնարավորություն կտա կանխարգելել անասուններից մարդկանց փոխանցվող հիվանդությունները, կնպաստի Հայաստանում արտադրվող մսամթերքի եվրոպական չափանիշների համապատասխանեցմանը:
Վաչե Սողոմոնյանն իր համակիրների հետ նոր ծրագրեր ու մտահղացումներ է մշակել: Բարեգործական այս հեծանվավազքն այսուհետեւ կդառնա ավանդական: Հարկ է նշել, որ այս տարի Վաչե Սողոմոնյանն ու Ջակ Մարկոսյանը մասնակցել են հանրահայտ «Տուր դը Ֆրանս» հեծանվավազքի սիրողական վետերան հեծանվորդների մրցավեճինՙ հայկական եռագույնը ծածանելով ֆրանսիական լեռներում: Վաչե Սողոմոնյանը նվիրական մի երազանք ունի. հանրահռչակ ամերիկացի հեծանվորդ Լենս Արմսթրոնգի հետ մի երջանիկ օր Հայաստանում մասնակցել հեծանվավազքի, որի մասնակիցների թվում կլինեն նաեւ պրոֆեսիոնալ այլ հեծանվորդներ: Այս մասին խոսակցություն է գնացել հեծանվասպորտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Խաչատրյանի հետ: Ով գիտե, գուցեեւ այդ երազանքը մի օր իրականանա:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ