Այս տարի ընտանի կենդանիների հիվանդություններից նկատելի աշխուժացել են արյան պարազիտային ախտերը: Սրանք տարածվում են տզերի միջոցով եւ գրեթե նույն պատկերն ու ընթացքն ունեն, ինչ մարդուն վարակած մալարիան: Առաջանում է տենդ, կենդանու ջերմաստիճանը բարձրանում է մինչեւ 42 աստիճան: Արյան պարազիտային ախտերի այս տարվա աշխուժացումը մասնագետները բացատրում են չորային, տաք եղանակներով: Լոռու, Տավուշի մարզերում արձանագրվել է 5-6 եղջերավորի կորուստ:
Սա պետպատվերի շրջանակներում վերահսկվող հիվանդություն չէ, քանի որ վարակիչ չէ, եւ այնքան էլ տարածված չէ Հայաստանում: Բացի այդ, չի փոխանցվում նաեւ մարդուն, ինչպես սիբիրախտը: Ինչ վերաբերում է սիբիրախտին, այս տարի, հակառակ նախորդ տարիների, սիբիրախտով վարակված կենդանիներ չեն հայտնաբերվել: Եղել է միայն մի դեպք մայրաքաղաքի Արաբկիրի շուկայում, երբ անասնաբույժը հետ է ուղարկել սիբիրախտի կասկածանքով միսը: Լաբորատոր հետազոտությունը, սակայն, ժխտել է անասնաբույժի կասկածը:
Փոխարենը, անցած տարվանից կրկնակի ավելի է, մոտավորապես 300 գլուխ, բրուցելոզի նկատմամբ դրական ռեակցիայով արյուն ունեցող կենդանիների թիվը: Փաստը հայտնաբերվել է լաբորատոր հետազոտության միջոցով: Այդ կենդանիները սանիտարական սպանդի են ենթարկվել:
Անցած տարվա կառավարական որոշմամբ արդեն Հայաստանի 720 համայնքներում անասնաբույժներ կան, որոնք հիմնականում տեղացիներ են: Հայաստանում 900 գյուղ կա, անասնաբույժներ ունեն 720 համայնքներ: Անասնաբույժներ նշանակվել են ըստ տվյալ գյուղի ու համայնքի ունեցած անասունների գլխաքանակի` 700-1000 անասունի դեպքում: Անասնաբուժական հիվանդությունները կանխարգելելու համար նրանք իրականացնում են պետպատվերով նախատեսված 7 անուն միջոցառումներ, որոնցում կարեւորագույնը պատվաստումներն են: Այնուամենայնիվ, ե՛ւ անասնաբույժների առկայությունը, ե՛ւ արտակարգ պատահարների բացակայությունը երաշխիք չեն, որ ամեն ինչ կարգին է:
Մսամթերքի զանգվածային ստուգումներ ու փորձաքննություններ տեսչությունը կսկսի միայն սեպտեմբերի վերջերին, հոկտեմբերի սկզբին, երբ հանրապետությունում կաշխուժանա անասունների մորթը: Եվ այն ժամանակ գուցե պատկերը պարզ լինի:
Նախորդ տարիների համեմատ անվտանգ մսամթերք ապահովելու խնդրում որոշակի դրական քայլեր արդեն կատարվել են: Անասունների քաոսային, չկանոնակարգված մորթը վերացնելու համար վերջապես հիմնվել են սպանդանոցներ հանրապետության տարբեր մարզերում: Տարեսկզբին նոր սպանդանոցներ բացվեցին Նուբարաշենում, Տաշիրում, սպանդանոցներ կան Գավառում, Վարդենիսում, Հրազդանում, նախատեսվում է մինի սպանդանոցներ հիմնել նաեւ Երեւանում:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ