«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2005-08-20 | #148, 2005-08-23 | #149, 2005-08-24


ԱՆԴՐԵ ՓԱՇԱՅԻ. «ՀԱՃԵԼԻՆ ՀԱՄԱՏԵՂՈՒՄ ԵՆՔ ՕԳՏԱԿԱՐԻ ՀԵՏ»

Համահայկական 3-րդ խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի չեմպիոն Գլենդեյլի թիմն այս անգամ էլ լուրջ մտադրություններով է Երեւան ժամանել: Թիմի մարզիչ իրանահայ Անդրե Փաշայիին խնդրեցինք մեզ հետ կիսել իր առաջին տպավորությունները:

- Ի տարբերություն Համահայկական 3-րդ խաղերի, որում նվաճեցինք չեմպիոնի տիտղոսը, այս անգամ մեր թիմն ավելի երիտասարդ բասկետբոլիստներով է համալրված: Չնայած դրան, կրկին լուրջ նպատակներ ենք հետապնդում եւ փորձելու ենք պայքարել չեմպիոնի տիտղոսի համար: Մրցաշարում գրանցված առաջին արդյունքներն արդեն իսկ վկայում են, որ պայքարը մրցանակային տեղերի համար բավական թեժ է լինելու: Մեզ բավական դժվարին խումբ է բաժին ընկել, որտեղ հանձինս Սոչիի ու Սպահանի թիմերի լուրջ մրցակիցներ ունենք: Դա հաստատվեց Սոչիի հետ մրցախաղում, որտեղ համառ պայքարում, միայն լրացուցիչ ժամանակում հաջողվեց հաղթել մրցակցին: Նախնական փուլում մեր գլխավոր խնդիրն է գրավել առաջին տեղը եւ հաջորդ փուլում հանդես գալու իրավունք նվաճել:

- Այս անգամ մրցավայր է ժամանել միայն տղաների թիմը: Ո՞րն է պատճառը:

- Դժբախտաբար, այս տարի չհաջողվեց աղջիկների թիմ բերել: Հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն աղջիկների թիմի բասկետբոլիստուհիների մի մասն Աթենքում մասնակցեց համահոմենըդմենական խաղերին: Դա, նաեւ որոշ այլ հանգամանքներ խանգարեցին աղջիկների թիմի Երեւան ժամանելուն: Սակայն հուսով եմ, որ 2007 թ. Համահայկական 4-րդ խաղերին Գլենդեյլը կներկայանա երկու թիմով:

- Դուք առաջին անգամը չեք Երեւանում: Ինչպիսի՞ն են տպավորությունները:

- Սա իմ երկրորդ այցելությունն է Հայաստան: Որպես մարզիչ մասնակցել եմ Համահայկական 3-րդ խաղերին եւ անջնջելի տպավորություններով եմ Հայաստանից մեկնել: Կյանքիս լավագույն օրերն եմ անցկացրել մայր հայրենիքում: Հայաստանը շատ եմ սիրում: Մարզական նման միջոցառումները ոչ միայն ուժերը ստուգելու հիանալի առիթ են, այլեւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար հիասքանչ հնարավորություն ծանոթանալու մայր հայրենիքին, նոր ծանոթություններ հաստատելու: Մի խոսքովՙ համատեղում ենք հաճելին օգտակարի հետ: Շատերն առաջին անգամ են Հայաստանում, եւ համոզված եմ, որ Երեւանում անցկացվելիք այս 7 օրերն անջնջելի հետք կթողնեն բասկետբոլի մրցաշարի մասնակիցների հիշողություններում: Այս երկու տարում Երեւանում զգալի փոփոխություններ եմ նկատում: Շինարարական աշխատանքների մեծ թափ է նկատվում, քաղաքն ավելի է գեղեցկացել ու բարգավաճել:

- ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ թիմերում կա՞ն հայազգի բասկետբոլիստներ:

- Ցավոքՙ ոչ: Սակայն ունենք Զարե Ավետյանի պես բասկետբոլիստներ, որոնք հանդես են եկել քոլեջների հավաքականներում ու թիմերում: Ընդհանրապես Գլենդեյլում բասկետբոլը շատ սիրված մարզաձեւ է եւ դպրոցների թիմերի բասկետբոլիստների մոտ 60 տոկոսը հայ է:

- Ինչպիսի՞ն է Գլենդեյլի հայկական համայնքը:

- Բավական կազմակերպված է եւ ակտիվ գործունեություն է ծավալում: Նշեմ, որ քաղաքապետը հայ է, քաղաքական խորհուրդն էլ 3 հայ անդամ ունի: Քաղաքի ընդհանուր բնակչության թիվը 60 հազար է: Արդեն 28 տարի բնակվում եմ ԱՄՆ-ում, 25 տարի «Հոմենընդմեն-Արարատ» մասնաճյուղի անդամ եմ, վերջին 23 տարիներին զբաղվում եմ մարզչական գործունեությամբ եւ հիմնականում մարզում եմ հայ պատանիների:

- Ինչպիսի՞ն են առաջին տպավորությունները մրցաշարից:

- Հույս ունեմ, որ այս անգամ մրցող թիմերն ավելի հասուն ու բովանդակալից խաղ կցուցադրեն, եւ տարեցտարի խաղամակարդակը կբարելավվի: Ընդհանուր առմամբ մրցաշարը լավ է կազմակերպված, իհարկե լավ կլիներ, որ մարզադահլիճների պայմաններն ավելի բարվոք ու հարմարավետ լինեին: Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել կազմակերպիչներին թե՛ նյութական, թե՛ մեթոդական առումով: Իհարկե, որոշ հանդիպումներում մրցակիցների խաղամակարդակների տարբերությունը զգալի է, սակայն ընդհանուր առմամբ համառ ու անհաշտ մրցակցություն է ծավալվել: Կարծում եմ, մարզաձեւի երկրպագուները հաճույքով են հետեւում մրցաշարի ընթացքին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4