«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2005-08-23 | #149, 2005-08-24 | #150, 2005-08-25


ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԸ ԱԼԻԵՎԻՆ ՇՐՋՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ՄՈՍԿՎԱ

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Մոսկվայում երեկ տեղի է ունեցել արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Նախարարները ԼՂ հակամարտության կարգավորման պրահյան գործընթացի շրջանակներում քննարկեցին խաղաղ կարգավորմանն առնչվող բոլոր տարրերը, որոնցից մի քանիսը նախատեսված են ներկայացնել այս շաբաթավերջին Կազանում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: Քննարկումները ոչ պաշտոնական ձեւով ճաշի ընթացքում շարունակվեցին Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի մասնակցությամբ», տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը:

Նախօրեին Օսկանյանի եւ Մամեդյարովի միջեւ տեղի էր ունեցել ոչ պաշտոնական հանդիպում: Ըստ «Ռեգնում» գործակալության, կողմերի դիրքորոշումները էականորեն տարբերվում են: Մամեդյարովը մասնավորապես հանդիպումից հետո նշել է, որ «Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում»ՙ հավելելով, որ այդ հարցում կողմերը փորձում են գալ ինչ-որ համաձայնության: Ադրբեջանի արտգործնախարարը, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ ԼՂ կարգավիճակը հանրաքվեով որոշելու շրջանառվող առաջարկը համարում էր սադրանք Ադրբեջանի դեմ, Մոսկվայում ասել է, թե քննարկվող հարցերի թվում է նաեւ հանրաքվեի անցկացման հնարավորությունը, «այլ խնդիր էՙ ինչպես եւ ինչ ձեւով է անցկացվելու այդ հանրաքվեն»:

Մամեդյարովը մի քանի օր առաջ նաեւ հայտարարել էր, որ 7-9 հարցերում հայկական եւ ադրբեջանական կողմի դիրքորոշումները տարբերվում են: Ընդհանուր առմամբ միջնորդների տարածաշրջան հուլիսյան այցից հետո որքան մոտենում էր նախագահների Կազանում հանդիպման ժամկետը, Բաքուն թերահավատորեն էր վերաբերվում բանակցություններում ակնկալվող «ճեղքումին»: Այս հարցում, ի դեպ, ի տարբերություն համանախագահող երկրներից ԱՄՆ-ի, որը շարունակում է չափավոր լավատեսությունը պահպանել, Ռուսաստանը եւս թերահավատ է: Չպետք է բացառել, որ հենց ռուսական կողմը շահագրգռված չէ ղարաբաղյան հարցի համապարփակ եւ վերջնական կարգավորմամբ, քանի որ այդ դեպքում նրա դիրքերը Հարավային Կովկասում էլ ավելի կթուլանան:

Թերեւս սրանով պետք է նաեւ պայմանավորել վերջին շրջանում ռուս-ադրբեջանական հարաբերությունների նկատվող ջերմացումը: Իլհամ Ալիեւը, որն ընդամենը 1,5 տարի առաջ ընկալվում էր արեւմտամետ կողմնորոշմամբ նախագահ, այսօր կտրուկ շրջադարձ է կատարել դեպի Մոսկվա: Առնվազն 2 գործոնՙ ղարաբաղյան խնդիրը եւ «գունավոր հեղափոխության» վտանգը, Ադրբեջանի նախագահին ստիպում է վերանայել երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը: Սա, իհարկե, կարող է լինել ժամանակավոր, եւ Իլհամ Ալիեւը կշարունակի Ադրբեջանի տեղը տեսնել եվրատլանտյան կառույցներում, ԱՄՆ-ի կողքին:

Բրիտանական «Սքայ նյուզ» հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ալիեւն ասել է, որ Ադրբեջանի տարածքում ամերիկյան ռազմակայանների տեղակայում նախատեսված չէ, այս հարցով բանակցություններ չեն տարվում, եւ դրանք ընդամենն ասեկոսեներ են, որոնք առանձին դեպքերում միտումնավոր են տարվում: Ավելի վաղ «Նյուզուիք» հանդեսին տված հարցազրույցում Ալիեւը հայտարարել էր, որ Ադրբեջանը որեւէ երկրի ֆորպոստը չէ:

Չպետք է բացառել, որ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ հայտարարություններով ամերիկացիներին հասկացնում է, որ Ղարաբաղի հարցում գոհ չէ Վաշինգտոնի կեցվածքից եւ ավելին է ակնկալում: «Սքայ նյուզին» տված հարցազրույցում ըստ էության նա դժգոհել է միջազգային հանրությունից, որը հորդորում է Ադրբեջանին ձեռնպահ մնալ Հայաստանի «ավելի քան 10 տարի օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով ազատագրումից»: Ալիեւը գոհ չի կարող լինել նաեւ նոյեմբերի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հարցում ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունների ոգուց եւ ձեւից: Մ. Նահանգները, ինչպես եւ եվրոպական կազմակերպությունները բաց տեքստով Ադրբեջանի նախագահին զգուշացնում են, որ ընտրությունների հերթական կեղծումը կարող է փորձություն լինել նրա համար:

Ընդամենը երկու տարի առաջ ադրբեջանցի պաշտոնյաներն անդադար հայտարարում էին ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության մասին, ինչը չեն անում, սակայն, վերջին ամիսներին: Խոսքն այստեղ միայն 2004 թ. սեպտեմբերի ՆԱՏՕ-ի զորավարժությունները տապալելու մասին չէ, որում կարող էր լինել Ռուսաստանի դերակատարությունը: Բաքվի պաշտոնյաներն ակնարկելով, որ Ադրբեջանը ֆորպոստ չէ, հավանաբար նկատի ունեն ՆԱՏՕ-ին կամ ամերիկյան զինուժին: Օգոստոսի սկզբներին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Էլմար Մամեդյարովն ընդհանրապես չի խոսել Ադրբեջանիՙ ՆԱՏՕ-ին անդամակցելու հավանականության մասին: Մի քանի ամիս առաջ, երբ Դոնալդ Ռամսֆելդն այցելեց Բաքու, Ադրբեջանի նախագահը խուսափեց նրա հետ հանդիպելուց եւ մեկնեց Պակիստան:

Մարտավարական առումով Իլհամ Ալիեւի համար այսօր ավելի ընդունելի է Ղարաբաղի կարգավորման հարցում Մոսկվայի դիրքորոշումը, որը Վլադիմիր Պուտինն այսպես է ձեւակերպում. հաղթողներ եւ պարտվողներ չպետք է լինեն, Ռուսաստանը կողմերի վրա ճնշումներ չի բանեցնի: «Գունավոր հեղափոխությունների» հարցում ռուսների եւ ադրբեջանցիների դիրքորոշումները եւս համընկնում են: Մոսկվան նյարդայնորեն է արձագանքում հետխորհրդային տարածքում, որը համարվել է ռուսական ազդեցության գոտի, Արեւմուտքի օժանդակությամբ իրականացվող հեղափոխություններին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4