«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2005-08-23 | #149, 2005-08-24 | #150, 2005-08-25


ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՓՈՐՁՈՒՄ Է ՓՐԿԵԼ ՆԻԳԵՐԻԱՅՈՒՄ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ 11 ՌՈՒՍ ՆԱՎԱՍՏԻՆԵՐԻՆ

Հայտնի գործարար եւ ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, Ռուսաստանի հայերի միության նախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը այժմ էլ նախաձեռնել է Նիգերիայում ազատազրկված 11 ռուս օդաչուների փրկության առաքելությունը: Այս մասին հաղորդում է «Գազետա ռու»-ն եւ ակնկալում, որ «նրա անձնական կապերը եւ հայ օդաչուների փրկության ժամանակ աֆրիկյան կառավարության հետ գործակցելու փորձը կօգնեն կալանքից ազատելու նաեւ նավաստիներին»:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Հասարակածային Գվինեայի նախագահ Թեոդորո Օբիյանգ Նգուեման հրամանագիր ստորագրեց 6 հայ օդաչուների ներման մասին: Դա հնարավոր դարձավ Ռուսաստանի հայերի միության նախագահի գործուն մասնակցությամբ: Հասարակածային Գվինեայում հայ օդաչուները ձերբակալվել եւ տարբեր ժամկետներով (14-24 տարի) ազատազրկման էին դատապարտվել:

«Գազետա ռու»-ի համաձայն, Արա Աբրահամյանը դեռ 1 ամիս առաջ է ձեռնարկել ռուս նավաստիների ազատագրման գործը: Նա օգնել է նաեւ նրանց հարազատներին` մեկնելու Նիգերիա: Երբ նավաստիների ազատման գործը խցանվել է, ռուսական իշխանությունները` արտգործնախարարությունը եւ Պետդուման, Արա Աբրահամյանին խնդրել են անձամբ միջամտել:

Ռուսաստանում նավաստիների փրկությունը հավանական է համարվում: Պարզ չէ միայն, թե ինչ կնստի Արա Աբրահամյանի վրա այս անգամ: «Մեր օգնությամբ բանտարկյալները տեղափոխվել են անհամեմատ լավ պայմաններով բանտախցեր, միջոցներ են հատկացվել նրանց սննդի եւ առողջական խնդիրների լուծման համար, փաստաբաններ ենք վարձել», «Ազգի» հետ հեռախոսազրույցում ասաց Արա Աբրահամյանը: Նա ավելացրեց նաեւ, որ աշխատում է Ռուսաստանի նախագահ Պուտինի գրասենյակի հետ եւ ակնկալում է նաեւ նրա անձնական աջակցությունը: Այժմ Նիգերիայում են բարի կամքի դեսպանի օգնականները:

11 ռուս նավաստիների հետ ձերբակալվել են նաեւ Ռումինիայի 2 եւ Վրաստանի 1 քաղաքացիներ: Նիգերական իշխանությունները նրանց մեղադրում են 2,64 մլն դոլարի արժեքով նավթի մաքսանենգության մեջ:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4