Արդյոք չի՞ նվազի հետաքրքրասիրությունը խաղի ուշ ժամի եւ տոմսերի բարձր գնի հետեւանքով
Սեպտեմբերի 3-ին վերսկսվում են ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցախաղերը: Այդ օրը Հայաստանի ազգային հավաքականն ընտրական առաջին խմբում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ուժերը կչափի Հոլանդիայի ընտրանու հետ: Հոլանդացիները խմբի առաջատարներն են: Անցկացրած 8 հանդիպումներում նրանք վաստակել են 22 միավորՙ մեկ միավորով գերազանցելով 2-րդ տեղում ընթացող Չեխիայի հավաքականին: Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Ռոտերդամում մրցակիցների միջեւ կայացած խաղում 2-0 հաշվով հաղթել էին հոլանդացիները:
Ինչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի քարտուղարությունից, Հայաստանի եւ Հոլանդիայի ազգային հավաքականների հանդիպումը կսկսվի մեր ֆուտբոլիստների համար անսովոր ժամինՙ երեկոյան ժամը 22-ին: Արդեն սկսվել է մեծ հետաքրքրություն ներկայացնող այդ հանդիպման տոմսերի վաճառքը: Ի դեպ, նախորդ հանդիպումների համեմատ տոմսերի գներն անհամեմատ աճել են: Մարզադաշտի արեւմտյան տրիբունայի տոմսերի արժեքը 6000 դրամ է: Նրանք, ովքեր կգերադասեն տեղ զբաղեցնել արեւելյան տրիբունայում, ստիպված կլինեն վճարել 5 հազարական դրամ, իսկ մյուս երկու տրիբունաների տոմսերի գինը 3000 դրամ է: Իհարկե, հասկանալի է հայ ֆուտբոլասերների հետաքրքրասիրությունը կաշվե գնդակի անվանի վարպետներիՙ Էդվին վան դեր Սարի, Մարկ վան Բոմելի, Ռոյ Մաքայի, Ռուդ վան Նիստելռոյի եւ նրանց խաղընկերների նկատմամբ, սակայն, հաշվի առնելով հանդիպման ուշ ժամը եւ տոմսերի բարձր գները, դժվար թե «Հանրապետական» մարզադաշտը լեփ-լեցուն լինի հանդիսականներով:
Ըստ ՀՖՖ մամուլի քարտուղարության, Հայաստանի ազգային հավաքականը հոլանդացիների հետ ընտրական մրցախաղի նախապատրաստությունը կսկսի օգոստոսի 30-ից: Մեր ընտրանին կհանգրվանի «Անի» հյուրանոցում: Հավաքականի գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանը հավաքի հրավիրվող ֆուտբոլիստների ցանկը կհրապարակի վաղը: Օգոստոսի 30-ին «Փյունիկի» մարզադպրոցի մարզադաշտում մեր ֆուտբոլիստներն առաջին մարզումը կանցկացնեն: Հաջորդ օրը հավաքականը երկու մարզում կանցկացնի, իսկ մյուս երկու օրերին մեկական պարապմունք տեղի կունենա: Խաղի նախօրյակին, ժամը 11:45-ին, «Փյունիկի» մարզաբազայում կկայանա Հենկ Վիսմանի մամուլի ասուլիսը:
Հոլանդիայի ազգային հավաքականը Հայաստանի ընտրանու հետ հանդիպմանը նույնպես սկսել է նախապատրաստվել օգոստոսի 30-ից: Հոլանդացիները Երեւան կժամանեն սեպտեմբերի 2-ին հատուկ չվերթով: Մարկո վան Բաստենի գլխավորությամբ ազգային հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզական պատվիրակության ղեկավարները կհանգրվանեն «Գոլդեն փելաս» հյուրանոցում, իսկ երիտասարդական հավաքականըՙ «Մարիոթ-Արմենիայում»: Երիտասարդական հավաքականների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին, «Հրազդան» մարզադաշտում, ժամը 17-ին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ