Ռուսները զամբյուղի պարունակության մեջ ներառել են նաեւ հոգեւոր սնունդը
Ըստ ՀՀ վիճվարչության ցուցանիշների, 2005 թվականի երկրորդ եռամսյակում միջին մանրածախ գներով պարենային զամբյուղի ամսական արժեքը կազմում է 10 հազար 725, նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը` 17 հազար 482 դրամ: Այս տվյալները մշակվել են առողջապահության նախարարության առաջարկների հիման վրա: Դրանք սննդամթերքի նվազագույն տեսականին ու քանակն են, որ հայկական ներկա իրականության մեջ պիտի երաշխավորեն առողջ կենսակերպ: Ըստ այդ տվյալների, մարդը տարեկան պիտի օգտագործի օրինակ, 109,5 կգ կաղամբ ու գլուխ սոխ, 73 կգ խնձոր, 183 ձու, 11 ձուկ, 91,3 կգ կարտոֆիլ, 36,5 կգ տավարի միս, 3,7 կգ կաթնաշոռ, 73 լ կաթ եւ այլն:
Նույն ժամանակում միջին փաստացի գներով նվազագույն պարենային զամբյուղի արժեքը ամսական կտրվածքով կազմում է 19 հազար 720 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը` 321 հազար 143 դրամ: Հիշեցնենք, որ սննդամթերքի փաստացի կազմով, կառուցվածքով եւ կալորիականությամբ հայկական սպառողական զամբյուղը կազմվել է 1996 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին ՀՀ վիճվարչության իրականացրած հետազոտության արդյունքների հիման վրա: Հետազոտությունը ֆինանսավորել է Համաշխարհային բանկը:
Այն ժամանակ եւ այսօր էլ նվազագույն պահանջների մեջ չեն ներառվել ոչ պարենային ապրանքները` հագուստը, հոգեւոր-մշակութային կամ ասենք ամառային հանգիստը կազմակերպելու ծախսերը: Հայերս սպառողական զամբյուղի սկզբունքներով էլ շարունակում ենք ապրել` գլխավոր ջանքերը կենտրոնացնելով սննդի բովանդակության ու քանակի ապահովման վրա: 13 հազար դրամ նվազագույն աշխատավարձով, կենսապահովման, կոմունալ վարձավճարների մարման մշտական խնդիրներ ունեցող բնակչության մեծամասնությունը հանդերձապահարանի թարմացման մասին չի էլ մտահոգվում` բավարարվելով տարիների հնությամբ կամ էժանագին խանութներից գնված հագուստներով: Խորհրդային տարիներին ընդունված ծովափնյա հանգստի ավանդույթը նույնպես մատչելի է միայն հարաբերականորեն միջին կամ իրապես այդ մակարդակում գտնվող խավի փոքրաթիվ ներկայացուցիչներին:
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հաստատել է սպառողական զամբյուղի բովանդակության որոշման նոր, հայկականից մեկ քայլ առաջ տարբերակ: Միջին ռուսաստանցու համար հաշվարկած մթերքների տեսականու մեջ կրճատվել է հացի եւ կարտոֆիլի քանակը, ավելացել է մսի եւ բանջարաբոստանային կուլտուրաների, ձկնեղենի, ձվի, կաթի ու ձեթի քանակը: Ըստ այդմ, աշխատունակ տարիքի ռուս տղամարդիկ, օրինակ, տարեկան կարող են ուտել թարմ եւ եփած 40 կգ կաղամբ նախկին 35 կգ-ի փոխարեն:
Առաջին անգամ ռուսական զամբյուղի պարունակության մեջ ներառվել է հոգեւոր սնունդը` կինո, թատրոն, ցուցահանդեսներ, թանգարաններ այցելելու համար նախատեսված ծախսերը: Ռուս փորձագետների հաշվարկներով, ամսական 2451 ռուբլի կազմող զամբյուղն իրականում 3 անգամ պակաս է կենսապահովման նվազագույնից: Թե որքանով է հայկական զամբյուղը թեթեւ կենսապահովման նվազագույնի համար հարկավոր գումարից, Հայաստանում ոչ ոք չի կարող ասել: Նման հետազոտություն մեր փորձագետները չեն իրականացրել:
Իսկ հոգեւոր «սննդատեսակների» ներառումով ռուսների սպառողական զամբյուղը մերից ակնհայտորեն շահեկան է դարձել:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ