«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2005-08-26 | #152, 2005-08-27 | #153, 2005-08-30


ԿԱԶԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

Իսկ պետքարտուղար Ռայսը նրանց հուշում է հակամարտությունը ԱՄՆ-ի նախաձեռնությամբ կարգավորելու կարեւորությունը

Օգոստոսի 26-ին Թաթարստանի մայրաքաղաք Կազանում տեղի ունեցավ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստը, որը թեեւ տեւել է ոչ թե մեկ ժամ, ինչպես նախօրոք ծրագրված էր, այլՙ 3,5, սակայն նախատեսված ասուլիսը չի կայացել: Դրա փոխարեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հակիրճ հայտարարություն է արել, կարծես ընդգծելու, որ խորհրդային 12 հանրապետությունների մասնակցությամբ ստեղծված այս կառույցն ապագա չունի:

Ի դեպ, խորհրդի նիստին Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովը չէր մասնակցել, իսկ մասնակիցներն օգոստոսի 27-ին ներկա են եղել Ռուսաստանի նախագահի մրցանակի համար անցկացվող ձիարշավի մրցումներին: Եթե ամփոփենք ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստը, ապա, անկախ ռուսական զանգվածային լրատվամիջոցների եզրակացություններից, թե այս կառույցը կազմալուծվում է, ձիարշավը պետք է համարել նիստի թերեւս ամենաշոշափելի արդյունքը:

Սա նշանակում է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի համար կատարում է այն դերը, ինչ ԽՍՀՄ-ի համար կատարել էր կոմկուսի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը: Այսինքն, եթե Գորբաչովը Խորհրդային Միությունն էր քանդել, ապա Պուտինն էլ քանդում է Ռուսաստանի Դաշնությունը: Քանի որ դրա անհրաժեշտ նախապայմանը ռուսական գերազդեցության տարածքների կրճատումն է, ուստի նա կրճատման հաշվարկով ձեռնամուխ է լինում ԱՊՀ-ի կազմալուծմանը:

Թերեւս կազմալուծման առումով պատահական չէր ՌԴ նախագահ Պուտինի այս տարվա մարտի 25-ին Երեւանում արած հայտարարությունը. «ԱՊՀ-ն ընդամենն ակումբ է, ստեղծվել էր քաղաքակիրթ ապահարզանի համար»: Ինչ վերաբերում է Ռուսաստանի քանդմանը, այդ առումով էլ չպետք է պատահական համարվեն Պուտինին երկրում երրորդ ժամկետով պաշտոնավարման լիազորություններ տալու ռուսական կոչվող հրեա օլիգարխների նկրտումները:

Նկրտումները մի կողմ, ակնհայտ է, որ ԱՊՀ-ի «քաղաքակիրթ ապահարզանի» մասին ազդարարող խորհրդի նիստի շրջանակներում անցկացված որեւէ հանդիպում ոչ մի արժեք չէր կարող ունենալ: Խոսքն օգոստոսի 27-ին Կազանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է: Դրան նույն օրը հայկական հեռուստաընկերությունների հետ անդրադարձավ նաեւ թուրքական հանրային հեռուստատեսությունը եւ ընդամենը նշեց. «Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը քննարկվել է նաեւ ղարաբաղյան հիմնահարցը, հանդիպումը դրական բնույթ է կրել»:

Քոչարյան-Ալիեւ հանդիպման մասին այլ ինֆորմացիա, քան Սողոմոնյանի վերոհիշյալ գնահատականն է, մենք չունենք: Դա ամենեւին պայմանավորված չէ հանդիպման դռնփակ բնույթով, ոչ էլ ամենայն հավանականությամբ բխում է քննարկումների մասին մամուլին չտեղեկացնելու առնչությամբ հանդիպող կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունից:

Այդ դեպքում ինչո՞վ բացատրել ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի օգոստոսի 25-ի հեռախոսազրույցն ինչպես Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, առավել եւս հանդիպման նախօրյակին դրա կարեւորության ընդգծումը: Հարցի քողարկված պատասխանը տալիս է ԱՄՆ պետքարտուղարությունը, տարածելով Ռայսի հեռախոսազրույցների մասին հետեւյալ հաղորդագրությունը. «Նա հեռախոսազրույցներ է ունեցել, որպեսզի ընդգծի այն կարեւորությունը, ինչ ԱՄՆ-ը տալիս է նրանց Կազանում կայանալիք հանդիպմանը եւ հույս հայտնի, որ երկու երկրների նախագահները կգնան փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»:

Ակնհայտ է, որ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում անցկացվող հանդիպմանը, երբ նիստը փաստորեն ազդարարում է տվյալ կառույցի մոտալուտ կազմալուծման մասին, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չէին կարող լրջորեն քննարկել ղարաբաղյան հիմնահարցը, առավել եւս փոխզիջումներ կատարելու հարցում համաձայնության գալ, էլ չենք խոսում կարգավորման մասին: Սա մեկ, երկրորդ, որքան էլ Վլադիմիր Պուտինը ձեռնամուխ լինի ռուսական գերազդեցության տարածքների կրճատմանը եւ որպես արդյունավետ միջոց նախաձեռնի ԱՊՀ-ի կազմալուծումը, այնուամենայնիվ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնությանը մաս կազմող Թաթարստանի մայրաքաղաքում ընդունված որեւէ որոշում կնպաստեր, որ նախաձեռնությունը Լեռնային Ղարաբաղում անցնի ռուսական կողմին:

Դրանով Անդրկովկասում հանուն ազդեցության ծավալվող ռուս-ամերիկյան մրցապայքարի նախաձեռնությունը եւս կանցներ Ռուսաստանին: Այսպիսով, զգալի կբարդանար վերջինին տարածաշրջանից վտարելու ամերիկյան առաջադրանքի կատարումը:

Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը Կազանում կայանալիք հանդիպման կարեւորության մասին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին արտահայտվելիս իրականում ընդգծել է ղարաբաղյան հակամարտությունն ամերիկյան նախաձեռնությամբ կարգավորելու կարեւորությունը, նախազգուշացրել Ռուսաստանին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վայրը չի կարող ազդել կարգավորման ԱՄՆ-ի շահագրգռությունների վրա: Նա միաժամանակ համապատասխան ազդանշան է հաղորդել այն պետություններին, որոնք Անդրկովկաս ներթափանցելու համար ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու կամ Լեռնային Ղարաբաղում նախաձեռնություն ցուցաբերելու փորձեր են կատարում:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4