Երեւանը նախագահների հերթական հանդիպումը համարում է դրական զարգացում
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Կազան-Երեւան
Ադրբեջանի արտգործնախարարն, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հայտարարել է, որ նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի կազանյան հանդիպման արդյունքները թույլ չեն տալիս ասել, որ բանակցային գործընթացում արձանագրվել է առաջընթաց կամ բեկում: Մյուս կողմիցՙ Էլմար Մամեդյարովն ընդգծել է, որ նախագահների բանակցությունները միշտ էլ կարեւոր են, քանի որ պետությունների ղեկավարները փորձում են համաձայնեցնել դիրքորոշումները: «Հայաստանից եւ Ադրբեջանից կպահանջվի մեկ կամ երկու շաբաթՙ վերլուծելու արդյունքները եւ հանդիպման ընթացքում առաջարկված մտքերը, ինչպես նաեւ մտածելու, թե որքանով են կողմերը պատրաստ առաջ շարժվելու», ասել է Մամեդյարովը:
Քոչարյանի եւ Ալիեւի միջեւ ղարաբաղյան կարգավորման բանակցությունները շարունակվեցին երկու ժամ: Հանդիպումից հետո ո՛չ նախագահները, ո՛չ արտգործնախարարները եւ ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մամուլի համար հայտարարություն չարեցին: Պաշտոնական միակ մեկնաբանությունը տվեց Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարը: «Հայկական կողմը կազանյան հանդիպումը դրական է գնահատում եւ բանակցային գործընթացում համարում է դրական զարգացում: Արտգործնախարարները կշարունակեն աշխատել նույն ոգովՙ հաշվի առնելով նաեւ այս հանդիպման արդյունքները», ասաց Վիկտոր Սողոմոնյանը:
Կազանից Երեւան օդանավում Հայաստանի նախագահից լրագրողները փորձեցին ճշտելՙ ի՞նչ արդյունքներ են տվել Իլհամ Ալիեւի հետ բանակցությունները: Նախագահ Քոչարյանն ընդհանուր առմամբ դրական գնահատեց հանդիպումը, ասաց, որ եթե այս հունով շարունակվեն բանակցությունները, վերջը լավ կլինի: Լավատեսական էր նաեւ արտգործնախարարի մեկնաբանությունը: Օսկանյանն ասաց, որ դրական միտումները պահպանվում են, ու թեեւ որոշված չեն պրահյան գործընթացում արտգործնախարարների հաջորդ հանդիպման օրն ու վայրը, համանախագահները հավանաբար կփորձեն երկաթը տաք-տաք ծեծել:
Նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի կազանյան հանդիպման որոշ հատվածների մասնակցել են երկու երկրների արտգործնախարարները եւ Մինսկի խմբի միջնորդներ Յուրի Մերզլյակովը, Սթիվեն Մաննը եւ Բեռնար Ֆասիեն: Ակնկալվում էր նաեւ Ռուսաստանի նախագահի մասնակցությունը, ինչը, սակայն, տեղի չունեցավ: Սա կարող է նշանակել, որ ղարաբաղյան բանակցություններում ռուսական կողմը լուրջ առաջընթացի ակնկալիք չի ունեցել կամ էլ Վլադիմիր Պուտինը զբաղված է ԱՊՀ-ի գործերով:
Թուրքմենբաշին ցույց տվեց «քաղաքակիրթ ապահարզանի» օրինակը
Օգոստոսի 26-ին Կազանում տեղի ունեցած ԱՊՀ գագաթաժողովում համագործակցության անդամ երկրների թիվը պակասեց մեկով. Թուրքմենստանն այսուհետեւ ԱՊՀ-ի հետ համագործակցելու է ասոցացված անդամի կարգավիճակով: «Թուրքմենստանը երկկողմանի հիմքի վրա այսուհետեւ եւս փոխադարձ հետաքրքրության հարցերի շուրջը զարգացնելու է իր հարաբերությունները ԱՊՀ երկրների հետ: Մենք կարող ենք նաեւ մասնակցել ԱՊՀ շրջանակներում բազմակողմանի կապերի, բացառությամբ զինվորական եւ ուժային կառույցների», ասվում է Սափարմուրադ Նիյազովիՙ ԱՊՀ երկրների ղեկավարներին հղած ուղերձում:
Փաստորեն Թուրքմենբաշու այս քայլը կարող է լինել «դանդաղ գործողության ական ԱՊՀ-ի տակ»: Նրան կարող են հետեւել համագործակցության այլ անդամ երկրներ, սակայն հիմնականում ռուսական էներգակիրներից կապվածությունը շատ երկրների ուղղակի թույլ չի տալիս նման քայլ: Օգոստոսի 27-ին Կազանում, ըստ վրացական լրատվամիջոցների, նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ իր երկիրը չի պատրաստվում լքել ԱՊՀ-ն: Մինչդեռ հենց Վրաստանը եւ Ուկրաինան էին համարվում ԱՊՀ-ից հեռանալու առաջին հավակնորդները:
Հավանաբար ե՛ւ Սաակաշվիլուն, ե՛ւ Վիկտոր Յուշչենկոյին, ե՛ւ ԱՊՀ-ն լքել ցանկացող մյուս ղեկավարներին զգոնացրեց գագաթաժողովի նախօրեին կրեմլյան մի անանուն աղբյուրի հայտարարությունը, ըստ որի Ռուսաստանն արմատապես փոխելու է իր քաղաքականությունը հետխորհրդային տարածքում: «Նարնջագույն հեղափոխությունները» քիչ են փոխում ժողովուրդների կյանքը, փոխարենը նոր կառավարիչներից ոմանք աշխատավարձ են ստանում ամերիկացիներից», շեշտել է բարձրաստիճան պաշտոնյանՙ ակնարկելով, որ Ռուսաստանը կարող է վերանայել ԱՊՀ երկրներին էներգակիրներ մատակարարելու նախկին քաղաքականությունը, երբ այդ երկրները երկու անգամ էժան են ստանում, քան արեւմտյան պետությունները:
Բոլորին է հայտնի, որ Ուկրաինան գողանում է Եվրոպա առաքվող ռուսական գազի մի մասը, քանի որ խողովակաշարն անցնում է իր տարածքով, Բելառուսը ռուսական գազն ստանում է գրեթե նույն գներով, ինչ ռուս սպառողը, անդրկովկասյան երեք հանրապետությունները եւս համաշխարհային գներից կրկնակի էժան են ստանում վառելիքըՙ չունենալով այլընտրանքային այլ խողովակաշարեր: Բավական է Կրեմլը որոշի փակել հետխորհրդային հանրապետություններ մտնող խողովակաշարերի փականը, եւ այդ երկրները կկանգնեն լուրջ ճգնաժամի առաջ, իսկ այնտեղ իշխող առաջնորդներին կսպառնա ներքաղաքական պայթյունի վտանգը: Թերեւս այս գիտակցությունն է ԱՊՀ գունավոր եւ ավտորիտար առաջնորդներին հետ պահում ԱՊՀ-ից դուրս գալուՙ ռուսական ազդեցության գոտուց վերջնականապես հեռանալու մտադրությունից: