ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Կարծում էի, թե սկսել եք կարդալ փաստաթղթերը: Ցավում եմ, որ դեռ չեք կարդում Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները եւս: Հորդորում եմ ընթերցել սահմանադրության փոփոխությունների նախագիծը», այս նախադասություններն ԱԺ փոխնախագահ, եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը խորհրդարանի երեկվա արտահերթ նիստում ուղղեց պատգամավոր Արշակ Սադոյանին, բայց չէր զլանում նույն հորդորը նիստին ներկա մյուս ընդդիմադիրներին եւս ուղղել: Տարաձայնության յուրաքանչյուր արտահայտություն պրն Թորոսյանը մեծ մասամբ հակադարձում էր հենց կարդալու հորդորով: Այն, իհարկե, չմնաց առանց հակադարձման. «Իսկապես ցավ եմ ապրում ձեզ համար: Ինչ վիճակում եք, որ չասեմ սեւըՙ մոխրագույնը փորձում եք որպես ճեփ- ճերմակ ներկայացնել: Ու գիտե՞ք, մի քիչ ստացվում է», իր տպավորությունը հայտնեց Արշակ Սադոյանը:
Իսկ ընդդիմադիրների եւ կոալիցիայի ներկայացուցիչների համատեղ քննարկման նյութը ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծն էր:
Այն, ինչպես եւ խոստացվել, ապա որոշվել էր, հեռարձակվեց հանրային հեռուստատեսությամբՙ հրապարակայնություն եւ իրազեկում ապահովելու նպատակով: Արդյունավետությունը մասամբ ապահովվեց, քանի որ խորհրդարանականները մերթ ընդ մերթ մոռանում էին քննարկվող նյութը եւ հստակ հարց ու պատասխանից հեռանում մինչեւ սեփական ճշմարտացիությունը ապացուցելու ձգտում: Հասարակության լայն շրջանակների համար ըստ էության քիչ հստակեցումներ եղան, ի հաշիվ երկուստեք փորձերիՙ պարզելու, թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայ ընդդիմադիրները, թե՞ կոալիցիայի ներկայացուցիչներն են ավելի ճիշտ աշխատել: Թերեւս ավելի կարեւոր էր յուրաքանչյուր փոփոխության բերելիք դրական¬բացասականի կշռումը: Այս անելու կոչեր բազմիցս բարձրաձայնեց Տիգրան Թորոսյանը. «Յուրաքանչյուրս պետք է ներկայացնի, հիմնավորի, թե ինչով է գործող սահմանադրության դրույթը զիջում նախագծի համապատասխան դրույթին: Պարզաբանենքՙ այս նախագիծը հետագա զարգացման դուռ բացո՞ւմ է, թե ոչ: Եթե այո, ապա մերժելը կնշանակի մերժել նաեւ երկրի հետագա զարգացումը կամ առնվազն մի քանի տարով հետաձգել»:
Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ինչպես հիմնական զեկուցող Մհեր Շահգելդյանի, այնպես էլ հարակից զեկուցող Տիգրան Թորոսյանի գնահատականով, արմատապես փոփոխվել է: ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցչի գնահատականն էլ դրական էր. «Նիստին ընդդիմության մասնակցությունը ողջունելի է, քանի որ դա կառուցողական մոտեցում է: Շատերն են թերահավատ, բայց նախագծի տեքստը լավն է: Անհնար է սահմանադրության նման ընդգրկուն փաստաթղթում կատարելություն ունենալ: Այն, ինչ կա, արժեքավոր է եւ ընդունելի»: Այս գնահատականը Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Բուքիքիոն պետք է ներկայացներ, սակայն սպասվածին հակառակ չէր ներկայացել երեկվա նիստին, տեղեկացման համաձայն, չվերթի ուշացման պատճառով: Վենետիկի հանձնաժողովի նման գնահատականն Աղասի Արշակյանը համարեց անտեղի դաս եւ ընդգծեց. «Այսօր տոտալ անվստահության մթնոլորտ է տիրում երկրում: Անհրաժեշտ է վստահության մթնոլորտը վերստեղծել: Իսկ ԵԽԽՎ-ն դահիճին ու զոհին նույն նժարին դրած հավասարազոր հաթաթա է տալիս»:
Պրն Արշակյանը գտնում է, որ Ազգային միաբանության առաջարկն է ելք մնումՙ իրավասությունները վայր դնել եւ արտահերթ ընտրությունների գնալ: Արտաշես Գեղամյանն իր ելույթը կառուցեց նախկին եւ ներկայիս իշխանությունների մեղադրանքների շուրջըՙ միաժամանակ դրանք «համեմելով» ինքնագովազդի իրեն հատուկ եղանակներով: Պրն Գեղամյանի ելույթի եզրակացությունըՙ «Եթե պատգամավոր չլինեի, մտքովս չէր անցնի, որ այս քննարկումները Հայաստանում են ընթանում, բարեփոխումներից են խոսում ու այդ ընթացքում երկիր ենք կորցնում», հնչեց սկզբից:
Երեք տասնյակից ավելի պատգամավորների ելույթները եւ ընդհանրապես սահմանադրության փոփոխությունների նախագծի երկրորդ ընթերցումը կշարունակվեն այսօր, իսկ երեկվա ընթացքում նիստի գոնե առաջին կեսին ակնհայտ էր ոչ այնքան լուրջ մոտեցումը ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ: Ըստ էության ընդդիմադիրներն ու կոալիցիայի ներկայացուցիչները համարժեք պատրաստվածություն դրսեւորեցինՙ քննարկվող նյութի բովանդակությունը վերածելով փոխադարձ վերաբերմունքի արտահայտման հնարավորության: