«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2005-08-26 | #152, 2005-08-27 | #153, 2005-08-30


ԲԵՆՈՆ ՍԵՎԱՆԸՙ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ

«Մինչ այժմ ճշմարտության կողմնակից եմ եղել եւ շարունակում եմ լինել»

Վերջին շրջանում միջազգային լրատվամիջոցները ողողված էին ընդհանրապես ՄԱԿ-ի «Նավթ պարենի դիմաց» ծրագրի եւ մասնավորապես այդ ծրագրի գործադիր տնօրեն Բենոն Սեւանի վերաբերյալ «սկանդալային» բացահայտումներով: Դժբախտաբար մեր լրատվամիջոցներն առանց խորանալու խնդրի էության մեջ եւ երկրորդ կողմի բացատրություններն իմանալու, ընթերցողներին եւ ունկնդիրներին մատուցեցին միջազգային տեղեկություններ առանց անհրաժեշտ մեկնաբանությունների: Նախկին մելգոնյանցի Վահե Գույումճյանին (Բենոն Վահե Սեւանին) արժանին մատուցելու մտահոգությամբ ստորեւ ներկայացնում ենք մեդալի մյուս կողմը ըստ նրա խորհրդատու իրավաբան Էրիկ Լյուիսից ստացած տեղեկությունների:

Հրաժարական

Օգոստոսի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ եւ «Նավթ պարենի դիմաց» ՄԱԿ-ի պատմության մեջ մեծագույն մարդասիրական ծրագրի գործադիր տնօրեն Բենոն Սեւանը խորհրդատուի պաշտոնից իր հրաժարականը ներկայացրեց գլխավոր քարտուղար Կոֆի Անանին ուղղված անձնական նամակով, որտեղ նշված էր.

«Տխրությամբ, բայց նաեւ հպարտությամբ եմ հրաժարական ներկայացնում: Մենք երկար ժամանակ միասին աշխատել ենք կազմակերպության ամենադժվարին եւ ամենակարեւոր հիմնահարցերի լուծման ոլորտներում: Հպարտ եմ, որ համագործակցել եմ գործընկերներիս հետ եւ այն ամենով, որ մենք միասին տարիների ընթացքում ձեռք ենք բերել: Հպարտ եմ նաեւ, որ «Նավթ պարենի դիմաց» ծրագրի շրջանակներում մենք կարողացանք բարելավել Իրաքի ժողովրդի ծանր վիճակը: Մեզ հաջողվեց կերակրել 27 միլիոն իրաքցիների, կրկնապատկել նրանց սննդի օրական կալորիականության չափը եւ սովամահությունից ու հիվանդություններից փրկել հազարավոր անմեղ մարդկանց: Մեր գործունեությունը եղել է թափանցիկ: Անձամբ ես բանավոր եւ գրավոր կանոնավոր զեկուցել եմ Ձեզ եւ Անվտանգության խորհրդին եւ ստացել ձեր բոլորի գովասանական խոսքերը կատարվածի համար, ի հեճուկս բազմաթիվ դժվարությունների: Այստեղից էլ իմ տխրության պատճառը: Ցավում եմ, նկատելով այդ բոլոր մարդկանց լռությունը ի դեմս կատարվածիՙ վերջին շրջանում հնչող քննադատությունների:

2003 թվի նոյեմբերի 21-ին ծրագրի ավարտից ի վեր ՄԱԿ-ը մոտ 10 միլիարդ դոլար է փոխանցել Իրաքի զարգացման հիմնադրամին, թափանցիկ հաշվեցուցակների մի ամբողջ փաթեթով: «Նավթ պարենի դիմաց» ծրագրի իսկական «սկանդալը» փաստերի աղավաղման եւ խեղաթյուրման մեջ է:

Հուսախաբ եմ եղել այն հեղհեղուկ պաշտոնական դիրքից, որով ՄԱԿ-ն արձագանքեց ծրագրի «սկանդալային» մեղադրանքներին: Այդ մեղադրանքները անհիմն են, եւ դուք բոլորդ, ովքեր աշխատել եք ինձ հետ, քաջատեղյակ եք, որ դրանք արհեստական են ու շինծու: Անկախ հետաքննական հանձնախումբը (ԱՀՀ) մոտ 35 միլիոն դոլար է ծախսել եւ ցարդ չի կարողացել ապացուցել, որ թեկուզ մեկ ցենտ ավելի է ծախսվել, քան այն, ինչ ես կամավոր ժամանակին ներկայացրել եմ իմ հաշիվներում: Նրանք կառչել են պարզապես կողմնակի տեղեկություններից եւ ամբաստանել ինձ իբր իրաքյան նավթային գործառնություններում մասնավոր կապալառուի հետ գործ ունենալու մեջ: Դուք ինձ լավ եք ճանաչում եւ գիտեք, որ չէի կարող իմ երկարամյա կարիերայի ընթացքում վաստակած բարձր հեղինակությունը վարկաբեկել հանուն 160 հազար դոլարի:

Ես լրիվ հասկանում եմ, թե ինչ ճնշումների տակ եք Դուք եւ թե ինչ միջոցների են դիմում ոմանք խորտակելու ոչ միայն իմ, այլեւ Ձեր հեղինակությունը: Բայց քաղաքական նկատառումներով ինձ զոհաբերելը ոչ հագուրդ է տալու նրանց ցանկություններին, ոչ էլ նպաստելու է Ձեզ կամ Ձեր ղեկավարած կազմակերպությանը»:

Նամակ-հրաժարականի վերջում Բենոն Սեւանը շատ դիպուկ գրում է. «Կազմակերպությանը նպաստելու միակ ձեւը քաղաքական ճնշումները դիմակայելն է եւ ճշմարտությունը բարձրացնելը: Դա ես արել եմ անցած 40 տարիների ընթացքում եւ շարունակելու եմ անել»:

ԱՀՀ-Սեւան համագործակցությունը

Պոլ Վոլկերի գլխավորած Անկախ հետաքննական հանձնախումբն իր ստեղծման օրից որպես քավության նոխազ է ընտրել Բենոն Սեւանին եւ փորձել նրան վարկաբեկելով շեղել մարդկանց ուշադրությունը առավել ծանր քաղաքական խնդիրներից: Ոչ մեկին հաշվետու չլինելով եւ ենթադրություն ենթադրության վրա կուտակելով հանձնախումբը իրարից անկապ, հաճախ հակասական նյութերի վրա հենվելով փորձել է հասնել ճշմարտության, առանց անմիջական տեղեկություններ քաղելու գործին լավատեղյակ Բենոն Սեւանից: Սեւանն ինքը բազմիցս առաջարկել է եւ նույնիսկ գրավոր պատասխանել է հանձնախմբի հարցերին, ինչը պիտի բացառիկ հնարավորություն ընձեռեր հասնելու անաչառ ու տրամաբանական եզրակացությունների: Նա նույնիսկ պատրաստ է եղել տարեկան 1 դոլար խորհրդանշական աշխատավարձով շարունակել աշխատել (թոշակի անցնելուց հետո) որպեսզի ապահովվի համագործակցությունը եւ խնդրի ներկայացման անաչառությունը:

Սեւանի ծառայությունները

Բենոն Սեւանը ՄԱԿ-ի կազմում աշխատել է 40 տարի: Շատ հաճախ նրան են վստահված եղել ամենաբարդ եւ ամենակնճռոտ առաքելությունները: Աֆղանստան, Անգոլա, Բուրունդի, Կոսովո, Ռուանդա, Սոմալի, Հարավային Լիբանան, Իրաք, ահա երկրների ոչ լրիվ ցանկը, որոնցում նա նույնիսկ մահված սպառնալիքի ներքո անձնվիրաբար գործել է: Բաղդադում 2003 թվի օգոստոսի 19-ին մահապարտները ռմբակոծեցին ՄԱԿ-ի գրասենյակը, որտեղ իր գործընկերների հետ նա խորհրդակցում էր: Ընկերներից շատերը զոհ գնացին, իսկ ինքը միայն երջանիկ պատահականությամբ փրկվեց:

ՄԱԿ-ի պատմության մեջ նրա առաքելություններից ամենաբարդն ու ամենապատասխանատուն եղել է «Նավթ պարենի դիմաց» ծրագիրը, որի գործադիր տնօրենն էր նշանակվել Կոֆի Անանի կողմից: Վերջինս 1997-ի հոկտեմբերին սկիզբ առած այդ ծրագիրը որակել է «ամենաանսովոր պարտականությունը, որ Անվտանգության խորհուրդը երբեւէ դրել է քարտուղարության ուսերին»: Իսկ ծրագրի ավարտին (2003 թ. նոյեմբեր) նա հայտարարել է, որ պրն Սեւանը «ծառայել է, ինչպես դրանից առաջ նաեւ այլ առաքելությունու, սովորական պարտականությունից անցնող նվիրվածությամբ»:

Բենոնն առանց վախի կամ ակնկալիքների դեմ առ դեմ հանդիպել է ինչպես Իրաքի կառավարության, այնպես էլ Անվտանգության խորհրդի անդամների հետ:

Չբացահայտված աղբյուրներ, անհիմն մեղադրանքներ

Անկախ հետաքննական հանձնախումբը, հենվելով չբացահայտված աղբյուրների վկայությունների վրա, եզրակացրել է, որ պրն Սեւանը Իրաքի պաշտոնյաների հետ իր հանդիպումներում «նշել» կամ «ակնարկել» է անունը մի որոշակի ընկերության (հազարավորներից մեկը), որը նավթային եւ հումանիտար օգնության պայմանագիր է կնքել եւ դրանով իսկ օժանդակել, որ Սեւանն օգտվի այդ գործարքից:

Ըստ 1998-2000 թթ. ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Սաիդ Հասանի, Իրաքն այդ ժամանակաշրջանում մեկուսացված վիճակում էր, ճարահատյալ ջանքեր էր գործադրում դրսի աշխարհի հետ կապեր հաստատելու եւ վեց տարիների տնտեսական սանկցիաների հետեւանքով կորցրած նավթային շուկայի իր բաժինը վերականգնելու համար: Այդ իմաստով ամբողջովին արդարացված էր եւ տրամաբանական որեւէ օտար ընկերության կամ ընկերությունների նշումը կամ ակնարկումը, մանավանդ որ ՄԱԿ-ն իր հերթին խրախուսում էր Իրաքի մտադրությունները: Եվ ՄԱԿ-ի այդ ծրագիրն էլ հենց դրան էր նպատակաուղղված:

Բայց ԱԱՀ-ն գտնում է, որ եթե Սեւանը «նշել» է մի անուն, ուրեմն նա այդ ընկերությունից որոշակի շահ է ակնկալել: «Ալ շարք էլ Աուսաթ» հանդեսի 2005 թ. փետրվարի 28-ի տվյալներովՙ Իրաքի նախկին նավթարդյունաբերության նախարար Ամեր Ռաշիդի շահերը պաշտպանող իրավաբանը, որի ենթադրյալ վկայությունների վրա իբր հենվել է ԱՀՀ-ն, ասել է, որ ԱՀՀ-ի հարցաքննած Իրաքի նախկին պաշտոնյաները եղել են «ամերիկացի նվաճողների ճնշումների տակ, քանի որ Մ. Նահանգները Իրաքի հարցում հակադրվում էր միջազգային այդ կազմակերպությանը»:

ԱՀՀ-ի մեկ ուրիշ անհիմն պնդման համաձայն, պրն Սեւանի հայտարարություններն իր եկամուտների մասին իբր չեն համապատասխանում հանձնախմբի քաղած տեղեկություններին: ԱՀՀ-ն հավատացած է, որ Սեւանի կիպրոսաբնակ 80-ամյա հանգուցյալ մորաքույրը, որը նրան մեծացրել, ամբողջ կյանքում աշխատել եւ ապրել է առանց վարձ վճարելու 1960-ականներին նրա համար Սեւանի գնած տան մեջ, բավականաչափ գումար չի ունեցել, որ Սեւանին նվիրաբերի այն 160 հազար դոլարը, որ պրն Սեւանն ինքը կամավոր հայտարարել էր ՄԱԿ-ի իր ֆինանսական զեկույցներումՙ ԱՀՀ-ի ստեղծումից տարիներ առաջ: ԱՀՀ-ի այսպես կոչված «գլխավոր վկան», որի տեղեկություններով են իբր առաջնորդվել, 40 տարի Կիպրոսում չի ապրել, նշված մորաքրոջ հետ ընդամենը մի քանի անգամ է հանդիպել, բայց նրա հետ ֆինանսական հարցեր չի քննարկել եւ գաղափար չի ունեցել նրա եկամուտների մասին: Այդ «վկան» ինքը հերքել է, որ նման «բացահայտումներ» է արել ԱՀՀ-ին: «Մյուս երկու «վկաները»ՙ բանկի աշխատակիցները, պնդում են, որ «ոչինչ չգիտեն Սեւանի մորաքրոջ ֆինանսական կարողությունների մասին»: Նման «ապացույցներով» ԱՀՀ-ն փաստորեն վարկաբեկում է իրեն եւ իր կազմում գտնվող անդամների հեղինակությանը:

Երրորդ մեղադրական պնդման համաձայն, Սեւանն իբր կաշառք է ստացել «Աֆրիքն Միդլ իսթ փեթրոլիումից» (ԱՄԻՖ) փոխադարձ համագործակցության գալով Ֆրեդ Նադլերի եւ ԱՄԻՖ-ի նախագահ Աբդելնուրի հետ: Սա եւս բացահայտ սուտ է: Նախ հանձնախումբը ոչ մի ապացույց չի ներկայացրել հիմնավորելու իր պնդումը: Երկրորդՙ պարոնայք Սեւանն ու Աբդելնուրը հերքել են ասեկոսեն: Երրորդՙ ԱՀՀ-ն երբեք չի հարցաքննել Նադլերին: Փոխարենը ԱՀՀ-ն հենվելով այն «փաստի» վրա, որ վեց տարիների ընթացքում պրն Նադլերը յոթ որոշակի օրերի հեռախոսով կապվել է ե՛ւ Սեւանի, ե՛ Աբդելնուրի հետ, եզրակացրել է, որ ինչ-որ «դավադրական գործարք» պետք է լինի այնտեղ: Այդ հեռախոսային խոսակցությունների արձանագրությունները լսելու պրն Սեւանի բազմաթիվ խնդրանքները մնացել են անպատասխան:

Անպարկեշտություն

Պրոֆեսիոնալ ոչ մի մեղադրող կողմ երբեք դատական գործ չի հարուցի նման անկապ եւ հակասական «փաստերի» պատառիկների վրա հենվելով: Բայց ԱՀՀ-ն ոչ մեկին հաշվետու չէ եւ կարող է ենթադրությունների կույտերով հասնել «ճշմարտության»: Պարզվել է, օրինակ, որ ԱՀՀ-ն հարցուփորձ է արել «Նյու Յորք թայմսի» նախկին լրագրող Յուսուֆ Իբրահիմին նախքան զեկույցը ներկայացնելը եւ տեղեկացել, որ նա ներկա է եղել 1999-ի մարտին Սեւան-Աբդելնուր հանդիպմանը եւ որ նրա տպավորությամբ երկու անձնավորությունները առաջին անգամ էին հանդիպում: ԱՀՀ-ն այս կարեւոր տեղեկությունը չի ընդգրկել իր զեկույցում:

Գործի իսկական սկանդալները

Շատ է խոսվում ու գրվում «Նավթ պարենի դիմաց» «սկանդալի» մասին, այդպես էլ չբացահայտելով, թե ինչ սկանդալի մասին է խոսքը:

Պարոն Սեւանի կարծիքովՙ մի քանի սկանդալ կարելի է նշել այս գործում:

Առաջինը: Չգիտակցել կամ չցանկանալ գիտակցել, որ «Նավթ պարենի դիմաց» ծրագիրը ՄԱԿ-ի պատմության մեջ ամենամարդասիրական եւ ամենահաջողված ծրագիրն է եղել, որին հատկացված ֆինանսական միջոցների չարաշահումների կամ վատնումների վերաբերյալ ոչ մեկը հիմնավոր փաստեր ցարդ չի ներկայացրել: Չի ներկայացվել նաեւ որեւէ փաստ, որ այդ գործին առնչվող անդամներից որեւէ մեկն օգտվել է որեւէ արտոնությունից կամ թերացել է իր պարտականություններում: Ընդհակառակըՙ հնչել են գովասանական խոսքեր կատարվածի մասին (տե՛ս պրոֆ. Ջոյ Գորդոնի վկայությունը կառավարական բարեփոխումների հանձնաժողովի առաջ 2005 թ. ապրիլի 12-ին): Սկանդալն այս բոլորը աղավաղված կամ գլխիվայր ձեւով ներկայացնելու մեջ է:

Երկրորդ: Սկանդալը ծրագրի գործադրման ընթացքում Սադդամին տրված լիազորությունների եւ հարստանալու հնարավորությունների մեջ է: Ծրագիրը վատաբանողները մեղադրում են ծրագիրը իրականացնողներին նշելով, որ անօրինական գումարների հոսք է եղել դեպի Սադդամ Հուսեյնը: Իրականում պատասխանատվությունը ծրագիրը կազմակերպողների վրա է ընկնում, որոնք հաշվի չէին առել նավթի գների տատանումներն Իրաքում եւ քաղաքական նկատառումներով նավթի մաքսանենգությունըՙ ծրագրից դուրս: Անվտանգության խորհրդի անդամները ծրագիրը կազմելիս համաձայնել էին նավթի վաճառքի եւ պարենի գնման կապալառուների ընտրության իրավունքը թողնել Սադդամին: Զարմանալի չպետք է լինի ուրեմն, որ Սադդամն ընտրելու էր այնպիսիներին, որոնք կհամապատասխանեին իր քաղաքական շահերին: Այդ եւ գների տատանումների մասին բազմիցս զգուշացվել է Անվտանգության խորհուրդը, որի անդամները գործնականում չեն արձագանքել այդ ահազանգերին: Սեւանը զեկուցագրեր է ուղարկել նաեւ դեպի Հորդանան, Թուրքիա եւ Սիրիա նավթի անօրինական հոսքի մասին: Դարձյալ ոչ մի արձագանք:

Երրորդ եւ գուցե ամենամեծ սկանդալն այս գործում ԱՀՀ-ի գործերի վարման ձեւի մեջ է, որը զուրկ է անաչառությունից, թափանցիկությունից եւ կողմերին հավասար հնարավորությունների ընձեռումից:

Սեւանի համագործակցության ոգուն նրանք դեմ են տվել ամեն գնով «քավության նոխազ» գտնելու քաղաքականությունը, որպեսզի «խնայեն» որոշ մարդկանց հեղինակությունը: Փոխանակ անմիջական կապի մեջ մտնելու Սեւանի հետ եւ լսելու նրա բացատրությունները եւ պատասխանները, նրանք թաքուն «վկայություններ» են հավաքել, անգամ մոտիկ չթողնելով նրան իր իսկ գտած արձանագրություններին: Նրանից պահանջել են, որ վեց տարվա վաղեմություն եւ մեկ րոպե տեւողություն ունեցող հեռախոսազանգերի չնչին մանրամասներ հիշի, առանց հիմնավորելու իրենց նպատակները: Սա ավելի քան «թափթփված» մոտեցում է, որը միայն կանխորոշված մտադրություն կարող է թաքցնել: Նույնիսկ այս տարվա հունվարի 21-ին առաջին անգամ Սեւանին հարցաքննելուց առաջ ԱՀՀ-ի ղեկավար Պոլ Վոլկերը հունվարի 7-ին «Նյու Յորք թայմս»-ին տված իր հարցազրույցում նշել է, որ հանձնախումբն արդեն որոշակի եզրակացությունների հանգել է Սեւանի դեմ մեղադրանքներ առաջադրելու հարցում: Սա հետաքննական եւ դատավարական գործընթացների կոպիտ խախտում է: Խախտում է նաեւ ԱՀՀ-ի կողմից «գաղտնի» փաստարկների օգտագործումը որպես վկայություն: Եվ վերջապես խախտում է, որ հետաքննողները չեն դիմել անձամբ Բենոն Սեւանին, որն այդ ծրագիրը հմտորեն վարել է ամբողջ վեց տարի (1997 թ. հոկտեմբերից մինչեւ 2003 թվի նոյեմբերը), ստանալու համար չմիջնորդավորված, անմիջականորեն սկզբնաղբյուրից տրամադրված տեղեկություններ: Եվ արդյոք այս խախտումների հետեւանքով չէ՞, որ որպես բողոքի նշան այս տարվա գարնանը այդ հանձնախմբից հեռացել են Ռոբերտ Պարտոնն ու Միրանդա Դունկանը:

Վերջաբանի փոխարեն

Նման հանձնախմբերի եւ աշխատաոճի առկայության պայմաններում բացառված չէ, որ այլ զոհեր եւս հայտնվեն: Ո՞վ կլինի հաջորդը:

Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4