Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետության արտգործնախարար Սերդար Դենքթաշը հորՙ նախկին նախագահ Ռաուֆ Դենքթաշի հետ երկօրյա այցով ժամանել է Բաքու, հաղորդում է ադրբեջանական «Դեյ» ինտերնետային թերթը: Փաստորեն այս այցով սկսվել է ուղիղ հաղորդակցություն Լեֆկոշայի եւ Բաքվի միջեւ: Հուլիսի վերջերին իրականացվել էր Բաքվից թռիչք դեպի Կիպրոսի թուրքական հատված, որի ուղեւորները հիմնականում Ադրբեջանի պաշտոնական, գործարար եւ օրենսդիր շրջանակների ներկայացուցիչներ էին: Հայր եւ որդի Դենքթաշները ոչ պաշտոնական այցի ընթացքում հանդիպումներ են ունենալու նախագահ Ալիեւի, խորհրդարանի նախագահ Մուրթուզ Ալեսքերովի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: «Ամբողջ կյանքում սպասում էի Ադրբեջան գալուն», լրագրողներին Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանում ասել է Ռաուֆ Դենքթաշը: