Եվ հեռուստատեսությունում, եւ գրականության ոլորտում այսօր գերակայում է փաստագրությունը: Եվ դա բնական է: Ժողովրդական հսկայական զանգվածները սոսկ տեղեկատվություն են ուզում, որովհետեւ իրենք գտնում են, որ առանց դժվարության կարող են վերլուծություններ կատարել: Եվ տպագրվող գրքերը, մասնավորաբար փաստագրական, վավերագրական բնույթի են: Հարցն այստեղ ներկայացվող նյութի կարեւորությունն է: Այս իմաստով անչափ հետաքրքրական ուսումնասիրություն է հրատարակել ՀՄԽ ՀԿ-ի «Բնօրրանի» խմբագրությունը: «Ես գնացի Կոմիտասի այգի. 1966, ապրիլի 24»: Այսպես է կոչվում ընդամենը 4 մամուլ ծավալով այս գիրքը, որը, սակայն, անչափ արժեքավոր գործ է, անշուշտ:
Հայ ժողովրդի համար 1965 թվականի ապրիլի 24-ը խիստ կարեւոր մի օր է, որը սոսկ օրվա մեջ չի պարփակվում ժամանակային իմաստով: Այդ օրը Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Խորհրդային Հայաստանում առաջին անգամ համաժողովրդական կարգով նշվեց Հայոց մեծ եղեռնի տարեդարձը: Սփյուռքահայ գաղութներում այս կամ այն չափով ոգեկոչվում էր մեր զոհերի հիշատակը: Սակայն բռնատիրական երկրումՙ Խորհրդային Միության մաս կազմող Հայաստանում իսկապես ոգու հզոր պոռթկում էր 1965-ի ապրիլի 24-ը: Այլեւս հոգու ճանապարհը բաց էր: Եվ պատահական չէր, որ հենց հաջորդ տարիՙ 1966-ին նույնպես մարդիկ պետք է հիշատակի օրը նշեին:
Այս անգամ ցույցեր ու միտինգներ չեղան: Հայ մարդը պարզապես գնում էր Երեւանի քաղաքային պանթեոնՙ Կոմիտասի հուշարձանին խունկ ծխելու: Խոնարհ ու անմեղ մի մտահղացում էր դա, սակայն դա եւս ըմբռնումով չընդունեցին տիրող իշխանությունները:
Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքովՙ «...1915 թ. ցեղասպանությունը ոչ թե Հայաստանի իշխանությունների, այլ ողջ հայ ժողովրդի խնդիրն է, եւ դա անտեսելը չափազանց դժվար է: Ցանկացած նահանջ այդ խնդրում կնշանակի, որ հայությունն ամբողջությամբ դեմ դուրս կգա իշխանություններին: Հետեւաբար, հնարավոր չէ մոռացության տալ ցեղասպանությունը: Որեւէ հայից չի կարելի ակնկալել, որ ասի, թե պատրաստ է ցեղասպանությունը մոռանալ»: Ու ահա այս մոռացության մոխրից փրկվելու ջանք է լրագրող-հրապարակախոս Գեղամ Քյուրումյանի կազմած եւ Ժոզեֆ Ավետիսյանի խմբագրած գիրքը:
Գրքում անչափ հետաքրքրական հուշագրություններ ունեն Գեղամ Քյուրումյանը, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր Ռուբեն Սաքապետոյանը, գրող-հրապարակախոս Տիգրան Գամաղելյանը, լրագրող-հրապարակախոս Լեւոն Անանիկյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, լրագրող խմբագիր Հակոբ Ավետիքյանը, գրականագետ, դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Բարդակչյանը, պատմաբանության թեկնածու Էդուարդ Բաղդասարյանը, լրագրող-հրապարակախոս Շահեն Հարությունյանը: Հրապարակված են նյութեր հայ ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկներից, նկարիչ Հայկ (Հայկազ) Խաչատրյանի եւ Ստեփան Զատիկյանի մասին:
1966 թ. ապրիլի 24-ին մի խումբ երիտասարդներ այցելել են քաղաքային պանթեոնՙ իրենց հարգանքը հավաստելու Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Ցույց, ելույթներ, ճառեր չեն եղել: Միայն սփյուռքահայ ուսանողները երգել են Կոմիտաս... «...Արդեն բոլորվել էինք Կոմիտասի շիրմի շուրջը, հիշում է «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, երբ հանկարծ հայտնվեց, ինչպես հետո իմացանքՙ Հայաստանի ներքին գործերի նախարարըՙ պսպղուն կոշիկներով, մաքուր եւ գեղեցիկ համազգեստով մի զինվորական, կարծեմ գեներալի կոչումով: Համակրելի մարդ թվաց մեզ: Հարցրեցՙ ի՞նչ ենք ուզում անել եւ ստացավ մեր խմբի ինքնակոչ առաջնորդ Գեւորգ Բարդակչյանի բացատրությունըՙ ցանկանում ենք Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հարգել կոմիտասյան մի քանի շարական երգելով: Համաձայնություն տվեց եւ արագ, ինչպես եկել էր, մեկնեց, հեռանալիս չմոռանալով պատվիրելՙ միայն թե շուտ եւ հակիրճ...»:
Սակայն ներքին գործոց նախարարից հետո անմիջապես ներկայանում է Երեւան քաղաքի Լենինյան շրջանի միլիցիայի պետ, մայոր Սերգեյ Մատիրոսյանը, որ ստիպում է ուսանողներին հեռանալ: Ու, անգամ մի պահ չսպասելով, նա հրամայում է միլիցիոներներին եւ քաղաքացիական հագուստով իրավապահներինՙ «սրանց տանել»: Իհարկե, հրամանը կատարվում է, սակայն մինչ այդ նրանք ծեծկռտոցով, քարշ տալով տանում են երիտասարդ մի աղջկաՙ Մարգարիտ Թախթաջյանին (հետագայում նա ճանաչված երաժշտագետ է հռչակվում):
Կինո «Հայրենիքի» դիմաց գտնվող քաղմասում ձերբակալվածներին «տեսակավորում» են: Ներկայանում է մայոր Մարտիրոսյանը եւ քաղաքական «հզոր» զեկուցում կարդում: Ըստ Սերգեյ Մարտիրոսյանի «20-րդ դարում, ֆիզիկայի, տիեզերական նվաճումների այս դարում դեռ կան մարդիկ, ովքեր «Տեր ողորմեա» են երգում, աղոթում: Ո՜վ պիտի ողորմի ձեզ, ով պիտի խղճա: Եվ ի՞նչ եք դուք ուզում, հո՞ղ...»: Եվ որպեսզի այլեւս ոչ ոք հող չուզի, սկսում են «բատինկել», ինչպես հիշում է Լեւոն Անանիկյանը, «պրիկազըվայտ» են անում «օտ իմենի գոսուդարստվա»: «Բատինկի» տակ են ընկնում տեղացի երիտասարդները: Սփյուռքահայերը փրկվում են այս ծեծուջարդից, որովհետեւ խելամտություն են անում իրենց երկրների դեսպանատների ներկայացուցիչներ պահանջել: Խորհրդային Միության մի պստիկ ծայրամաս Հայաստանի իշխանավորները, իհարկե, երեկոյան կողմ ազատ են արձակում սփյուռքահայ ուսանողներինՙ «շառից, փորձանքից հեռու»: Իսկ ահա տեղացի երիտասարդները լավ են ստանում:
Գրքում կարեւոր լուսանկարներից մեկը քաչալացրած գլուխներով չորս երիտասարդի լուսանկարն էՙ արված 1966 թ. մայիսի 1-ին: Լենինի անվան հրապարակով մայիսմեկյան ցույցի օրն անցնում են նաեւ խուզված գլուխներով, կեպիներն օդում թափահարող Լեւոն Անանիկյանը, Ռուբեն Սաքապետոյանը, Գեղամ Քյուրումյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրանց կալանքից ազատել էին ժամանակից շուտ, 15 օրվա փոխարեն «մանր խուլիգանություն» որակավորումով, աշխատավորների համերաշխության համաշխարհային օրվա նախօրյակին:
Այս օրերի եւ խուզված գլուխներով երիտասարդների մասին հրաշալի է գրել Վարդգես Պետրոսյանն իր «Հայկական էսքիզներում»: Նա գրում է Երեւանի բանտապետի մասին (անունըՙ Մաթոս). «...Նա խոսում էր, իսկ ես նույն պահին տեսնում եմ խուզված գլխով մի տղայի, որ երեք օր առաջ պատմում էր ինձ, այո, այոՙ հենց նրա մասին: Մի քանի ամիս առաջ, Անկարա հասնելու ճանապարհին ես եղել էի Կարսում, որտեղ այս մարդն է ծնվել, նաեւ նրա մայրը: Հիշում եմ, երբ պատմում էի, նա լաց եղավ, թեպետ բանտում է աշխատում: Լաց եղավ: Իսկ խուզած գլխով տղան, որ մի քանի օր «հյուր» էր եղել նրա բանտում, ուրիշ բաներ էր պատմում: Պատմում էր նրա տված ապտակների, հայհոյանքների, դաժանության մասին..»:
Հ. Ավետիքյանն իր հուշագրությունը վերնագրել է «Հիշաչար մի՛ լինեք»: Կներեք, բայց համաձայն չեմ: 1966 թ. ապրիլի 24-ը չպիտի մոռացվի (այս գրքի խնդիրն էլ հենց սա է): Իսկ եթե չի մոռացվում, ապա նման հուշը բնավ էլ բարի չի դառնում:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ