«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2005-08-26 | #152, 2005-08-27 | #153, 2005-08-30


ՀԱՅԿԱԿԱՆ «ԿԻԼԻԿԻԱՆ» ԱՆԳԼԻԱԿԱՆ ՈՒԱՅԹ ԿՂԶՈՒՄ

Այն լուրը, որ Պորտսմուտ է ժամանել 800-900 տարվա վաղեմության մանրակերտների եւ սխեմատիկ գծագրերի հիման վրա Հայաստանի լեռներում կառուցված հնատիպ առագաստանավը, արագորեն տարածվեց շրջակա բնակավայրերում: Եվ Լոնդոնի յուրօրինակ դարպասը հանդիսացող այդ հսկայական նավահանգստի բնակիչները շտապում էին ծովայինների ակումբ, որպեսզի դիտեն այդ պատմական նմուշը եւ նույնիսկ շոշափեն: Տղաներն առանց հոգնելու պատասխանում էին հետաքրքրասեր անգլիացիների բազմաթիվ հարցերին: Պորտսմուտցիները լավ գիտեին, որ մեկ-երկու օր հետո Հայկական հրաշքը (այդպես էին մկրտել «Կիլիկիան») փոխելու է կառանման վայրը եւ մեկնելու է Ուայթ կղզի: Այնտեղ նավն ափ է բարձրացվելու: Պատահական չէ, որ մեկնելու օրը «Կիլիկիան» ձմեռման վայր ուղեկցելու էին եկել հսկայական թվով մարդիկ:

Անձնակազմը նման եղանակ չէր տեսել ճանապարհորդության ամբողջ ընթացքում: Կղզին Պորտսմուտից 6 մղոն (11 կմ) հեռավորության վրա է, այնպես որ հարկավոր էր դուրս գալ բաց ծով, որպիսին ըստ էության Լա Մանշ նեղուցն է: Բանը ոչ թե մշուշն էր կամ սովորական ուժեղ քամին եւ ալեկոծությունը, ոչ միայն օդի սառնությունը եւ ոչ էլ կարկուտը, այլ նավի տախտակամածի վրա աղմուկով ընկնող բազմակողմ սառցակտորների հսկայական չափերը: Դժվար է բացատրել բնության ըմբոստությունը հենց այն պահին, երբ պատրաստվում էինք նավը ցամաք բարձրացնել, եթե, իհարկե, որեւէ հակաբնական բան չկա դրանում: Եվ միստիկան քամահրելով ակամա մտածում եմ, որ բնությունը բողոքում է: Այդ կղզին իրենով ասես ծածկում է Պորտսմուտի ծովախորշը: Կղզին խտաբնակ է, ունի մի քանի բնակավայր: Ամենամեծը Կաուս քաղաքն է: Հենց այնտեղ էլ «Կիլիկիան» կանցկացնի մոտ 9 ամիս: Իրոք, ինչ-որ հակաբնական բան կա, որ նավը կանգնած է ափին: Բայց ինչ արած, Ուայթ կղզին Սուրբ Ղազարը չէ, որտեղ միայն հայեր են ապրում, որոնք սիրով եւ երկյուղածությամբ հետեւում էին ջրում կանգնած հայկական նավին: Եվ ամեն օր նրանք ջուրը դուրս էին մղում պոմպերով: Իսկ այստեղ հուսալիության համար, կամա թե ակամա, հարկավոր է ափ բարձրացնել մեր լողացող դինոզավրը: Բայց նախ հարկավոր է այն ազատել բալաստից:

Հայտնի է, որ «Կիլիկիայի» հատակին խնամքով դարսված են 20 տոննա քաշով չուգունե կոճղեր, որոնցից յուրաքանչյուրը կշռում է 7-8 կգ: Նավի վրա մնալու է 4 տոննա բեռ: 16 տոննան հարկավոր է բարձրացնել տախտակամած, ապա հասցնել նավամատույց եւ քարշ տալ 70 մ: Այսինքնՙ հարկավոր է ձեռքից ձեռք փոխանցել շուրջ 1500 ժանգոտ ու ծանր աղյուսներ: Նավից դուրս բերեցինք ամբողջ հանդերձանքը, առագաստները, անձնական իրերը, քնելու պարագաները: Տեղում թողեցինք մեր հայտնի, շատ ծանր առագաստափայտը եւ ղեկաթիերը:

«Կիլիկիան» ներկայումս կանգնեցված է գրեթե կես մետրանոց հենակոճղերի վրա: Հանդերձանքի մի մասը եւ իրերը դարսված են մեծ սենյակում: Ձեւակերպել ենք պայմանագրային փաստաթղթերը: Եվ օգոստոսի 27-ի առավոտյան «Կիլիկիայի» անձնակազմը լաստանավով մեկնեց Սաութհեմպտոն, որտեղ սպասում էին ՀՅԴ տեղական կոմիտեի ակտիվիստներըՙ Ժորժ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Մեզ մեծ օգնություն ցույց տվեցին հայկական համայնքի ներկայացուցիչներ Բագրատ Նազարյանը եւ Գառնիկ Ամիրյանը: Ամենքը խոստացան կանոնավորապես նավ այցելել, որպեսզի «Կիլիկիան» չձանձրանա օտարության մեջ: Թեեւ, ինչպես հետո պարզվեց, կղզին այնքան էլ օտար չէ: Այն հարցին, թե ինչ է նշանակում Ուայթ կղզու անունը, ծովայինների ակումբի տերերը, ասես խոսքները մեկ անելով, պատասխանում էին. «Դա ոչ ոք չգիտի»: Անվանումը համահունչ է անգլերեն White («Սպիտակ») բառին: Սակայն միանգամայն ուրիշ ձեւով է գրվում: Անգլիացի զբոսանավորդներից մեկն առաջարկեց կղզին անվանել Կիլիկիա, թեկուզՙ այնտեղ հայկական նավի ներկայության ժամանակամիջոցում: Բայց պարզվեց, որ այստեղ եւս բարդություն կա տառադարձության հարցում. անգլերեն Կիլիկիան հնչում է Սիլիսիա, իսկ դա մեզ այնքան էլ չի գոհացնում: Ուստի որոշեցինք ամեն ինչ թողնել առաջվա պես, ամենայն բարիք մաղթեցինք անգլիական Ուայթ կղզուն եւ այնտեղ մնացած հայկական «Կիլիկիա» նավին:

Կհանդիպենք 2006 թ. մայիսին:

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4