«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2005-08-26 | #152, 2005-08-27 | #153, 2005-08-30


ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹԻՎԸ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՊԱԿԱՍԵԼ Է 5 ՀԱԶԱՐ 871-ՈՎ

2006 թվականին ուսուցիչների աշխատավարձը կհասնի 59 հազար 390 դրամի

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը երեկ հայտարարեց, որ սոցիալական այն բոլոր ենթակառուցվածքները, որոնց գործունեությունն այս կամ այն չափով առնչվում է դպրոցներին, մինչեւ ուսումնական տարվա սկիզբն արդեն ավարտել են նախապատրաստական աշխատանքները: Ամենշաբաթյա ճեպազրույցը ցուցանիշների, պլանների ու կատարողականների ավանդական հաշվետվություն էր` համեմված լավատեսական կանխատեսումներով:

Դպրոցների տնօրենների մասնակցությամբ ուսումնասիրվել են ջրամատակարարման, էներգամատակարարման համակարգերը, մալուխային ցանցերը, բուժկետերը համալրվել են առաջին անհրաժեշտության պարագաներով ու դեղորայքով: «Դպրոցներն անխափան գրաֆիկով ջուր կստանան», ջրմուղի անունից խոստացավ փոխքաղաքապետը:

Քաղաքային պետավտոտեսչությունը սեպտեմբերի առաջին տասնօրյակում հերթապահություն ու միջոցառումներ կիրականացնի դպրոցների մերձակա տարածքներում, եւ ընդհանրապես դպրոցական առաջին շաբաթում երթեւեկի անվտանգության հանդեպ ավելի աչալուրջ կլինի:

Պետբյուջեն 1 մլրդ 200 մլն դրամ է հատկացրել քաղաքապետարանի ենթակայության 22 դպրոցների հիմնանորոգումների ու վերանորոգումների համար: Եվս 376 մլն դրամ այդ նպատակին հատկացրել է սոցներդրումների հիմնադրամը: Պետբյուջեի եւ դարձյալ սոցներդրումների հիմնադրամի միջոցներով լոկալ ջեռուցում ունեցող դպրոցների թիվը ձմռանը կհասնի 42-ի: Այս տարի լոկալ ջեռուցում կունենան եւս 22 դպրոցներ:

Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ուսումնական 206 հաստատություններից 190-ը հանրակրթական դպրոցներ են (10-ը` հատուկ գիշերօթիկ, 5-ը` արհեստագործական դպրոցներ)ՙ 10 հազար 283 ուսուցիչներով:

Այս տարի աշակերտության թիվը նախորդ տարվա 132 հազար 374-ի փոխարեն կազմում է 126 հազար 503, այսինքն պակասել է 5 հազար 871 աշակերտ: Առաջին դասարան կհաճախի մոտավորապես 10 հազար 200 երեխա: Առավել ճշգրիտ տվյալներ կհրապարակվեն 10 օր անց: Գործում է հանձնաժողով, որը զբաղվում է 6,5 տարին չլրացած երեխաների առաջին դասարան ընդունելության հարցերով: Ի դեպ, այս տարիքի երեխաների դիմումները բավական շատ են:

Նոր ուսումնական տարում նույն դասընթացը երկրորդ տարին կանցնեն 195 երկտարեցիներ:

Վերահրատարակվել են 29 անուն դասագրքեր, որոնցից առաջին դասարանցիներին անվճար կտրվեն հայոց լեզվի, մայրենիի, մաթեմատիկայի դասագրքերն ու այբբենարանը: Երկրորդ եւ երրորդ դասարաններում մայրենիի եւ մաթեմատիկայի դասագրքերը եւս անվճար կտրվեն: Հայոց լեզվի դասագրքերն անվճար կստանան նաեւ 9-րդ եւ 10-րդ դասարանցիները, քանի որ այդ դասագրքերն արդեն 4 տարի օգտագործվել են, բավական մաշված են: Մնացած դասագրքերի համար կգանձվեն վարձակալական վճարներ:

2005 թվականին պետբյուջեից 8,6 մլրդ դրամ է հատկացվել ողջ դպրոցական համակարգին: 2006 թվականին, ըստ նախնական հայտի, կրթական համակարգին տրամադրվող պետպատվերի ծավալը կկազմի 9 մլրդ 959 մլն դրամ: Այս տարեսկզբին ուսուցիչների միջին աշխատավարձը կկազմի 51 հազար 150 դրամ, 2006 թվականի հայտի շրջանակներում, ըստ Արեյանի, այդ թիվը կհասնի 59 հազար 390 դրամի:

Մինչեւ սեպտեմբերի 15-ը դպրոցներում կհստակեցվեն աշակերտների կոմպլեկտավորման բազայի ցուցանիշները, ըստ որոնց, եւ հաշվի առնելով նաեւ ուսուցիչների ծանրաբեռնվածությունը, 1 աշակերտի ֆինանսավորման սկզբունքով դպրոցներին հատկացումներ կարվեն: Դպրոցական համազգեստին վերադառնալու վերաբերյալ որեւէ քննարկում, պարտադրանք ու առաջարկ ոչ քաղաքապետարանը, ոչ նախարարությունը չեն իրականացրել` այս կարեւոր խնդրի լուծումը թողնելով դպրոցի տնօրենության հայեցողությանը:

Մի խոսքով, թվերի, ծրագրերի ու կատարողականների շրջանակում մայրաքաղաքի` քաղաքապետարանի ենթակայության դպրոցները պատրաստ են նոր կրթական տարվան: Սրբագրումների անհրաժեշտությունը հընթացս կերեւա:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4